Ծանոթ, ցավոտ ու… շատ վտանգավոր ծափեր․ «Փաստ»
Մարդկային հասարակության զարգացմանը զուգահեռ գիտակրթական ոլորտի դերակատարությունն ավելի ու ավելի է կարևորվում։ Եվ ներկայիս աշխարհում գիտելիքն է համարվում ամենաարժեքավոր ռեսուրսներից մեկը։ Հայաստանի ղեկավարներն իրենց ելույթներում միշտ ընդգծել են գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու գաղափարը, բայց միշտ չէ, որ այն արտացոլվել է պետական քաղաքականության մեջ։ Իսկ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում գիտակրթական ոլորտն ուղղակի երկրորդական պլան է մղվել։ Դրա հետ մեկտեղ էլ փոշիացվում են անցյալ տարիներին քիչ թե շատ ունեցած ձեռքբերումները։ Այս իշխանությունները ցույց են տալիս, թե նոր մոտեցումներ են ներմուծում մեր կրթական համակարգ, բայց այդ նոր չափանիշները թերի են ու խնդրահարույց։
Օրինակ՝ այս ուսումնական տարին առանձնահատուկ է նրանով, որ այն մեկնարկել է առանց որոշ դասագրքերի։ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների աշակերտները ստիպված են դասերն անել հեռախոսների կամ պատճենահանման միջոցով։ Իշխանությունները խոստանում են խոշոր ակադեմիական քաղաք կառուցել, բուհերը միավորել, բայց թերանում են դպրոցական դասագրքերի ապահովման հարցում։ Պարզվում է՝ խնդիրը նոր չափորոշիչների ներդրումն է, որի արդյունքում էլ դասագրքերի տպագրությունը ուշանում է։ Ու այդպես ուսումնական տարվա երկրորդ ամիսն է շուտով մոտենալու իր ավարտին, սակայն դասագրքերի մի մասը դեռ չկա։ Հայաստանի դպրոցներում հույս ունեն աշնանային արձակուրդներից հետո գոնե ունենալ այն դասագրքերը, որոնք պետք է ստանային դեռ ամառային արձակուրդից հետո։
Բայց երաշխավորված չէ, որ աշնանային արձակուրդներից հետո բոլոր դասագրքերով բոլոր դպրոցներն ապահովված կլինեն։ Մյուս կողմից էլ՝ խնդիրը միայն դասագրքերի տպագրության հարցով չի սահմանափակվում։ Դասագրքերի տպագրությունից հետո էլ պարզվում է, որ դրանց մեջ բովանդակային լուրջ թերացումներ ու սխալներ կան։ Օրինակ՝ վերջերս շատ է քննարկվում պատմության դասագրքերի խնդրահարույց բովանդակության թեման։ Պարզվում է, որ դրանցում քարտեզները նորմալ չեն, Արցախը նշված չէ, տեղեկատվությունը թերի է, ոչ ամբողջական և այլն։ Իսկ եթե բազմաթիվ մասնագետներ են խոսում դասագրքերում առկա սխալների մասին, նշանակում է, որ դասագրքերը պատշաճ փորձաքննություն չեն անցել: Ընդհանուր առմամբ, կրթական ոլորտը մեծապես անուշադրության է մատնվել։ Նույնպիսի իրավիճակ է նաև գիտության ոլորտում։ Քիչ ռեսուրսներ տրամադրելով հանդերձ՝ այնքան մեծ պահանջներ են դնում, որ ոլորտը դառնում է ոչ գրավիչ ու ոչ հեռանկարային։
Դրա համար էլ շատ հետազոտողներ գիտական գործունեության հետ մեկտեղ նաև այլ աշխատանքներով են զբաղված։ Բայց իշխանությունները պայմաններն ավելի են բարդացնում։ Նրանց մոտ անգամ մտադրություն կա ոչ լրիվ դրույքով աշխատելու դեպքում չտալ գիտական աստիճանների համար տրամադրվող հավելավճարները։ Ոչ գրավիչ լինելու արդյունքում է, որ երիտասարդները շահագրգռված չեն գիտության ոլորտում խորանալու ու գիտական աստիճան ստանալու հարցում։ Մյուս կողմից էլ՝ պետությունը պետք է որոշի գիտական քաղաքականության ուղղությունները և դրա իրականացման վերահսկողությունը պատշաճ մակարդակի բարձրացնի։
Այս առումով պետական ծրագրերի իրականացումը պետք է առաջնահերթ նշանակություն ստանա, քանի որ դրսի դրամաշնորհները կարող են երկրում կրթությունը և գիտությունը որոշակի ուղղությամբ «տանել», որը հարիր չէ մեր երկրի շահերին։ Սակայն ՀՀ իշխանությունը չի կարողանա պետական մակարդակով նման մոտեցում որդեգրել, քանի որ իրենք են ինչ-որ կասկածելի ծրագրերի մասնակցում կամ դրսից ֆինանսավորում ստանում, որ մեր երկրում գիտակրթական քաղաքականությունը տարվի ուրիշներին ձեռնտու ուղղություններով։