Սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական պայմանները բարելավող նախագիծ ընդունվեց
Կառավարության այսօրվա նիստում սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական պայմանները բարելավող նախագիծ ընդունվեց: Նախկին որոշման մեջ փոփոխություն կատարվեց, որով սահմանվում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը:
Նախագիծը ներկայացնող Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հայտարարեց, որ որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվել է 928,871.2 հազար դրամ գումար: Այս որոշմամբ սահմանվում է նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ընտանիքների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի վարձավճարների, գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման կարգը, որի համաձայն բնական գազի, էլեկտրաէներգիայի, գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման գումարները նախատեսվում է տրամադրել մարզպետարանների միջոցով, իսկ ոռոգման ջրի փոխհատուցումը նախատեսվում է տրամադրել ջրօգտագործողների ընկերություններին` ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված համապատասխան առաջարկության հիման: