23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մարդու ձեռքում է իր երջանկությունն ու փրկությունը

Աստվածային լույսի ներքո ապրող քրիստոնյայի համար կյանքն այլ իմաստ ու նպատակ ունի: Նա գիտի, որ շրջապատող հանգամանքները կարող են իրեն որպես «խրատատու» հանդիսանալ և օգնել կյանքի ճանապարհով համբերությամբ ու սիրով քայլել: Նա գիտի՝ որտեղ էլ գտնվի, իրեն շրջապատում են փրկության հնարավորությունները: Անկախ նրանից, թե կյանքն ինչ պայմաններ է դնում իր առջև, նա միշտ կարող է հոգեպես աճել ու կատարելագործվել:

Հոգևոր կյանքը ենթադրում է մեղքերի դեմ պայքար. քրիստոնյան ջանում է Աստծու օգնությամբ տեսնել իր մեղքերը և ապաշխարությամբ ու Հաղորդությամբ ձերբազատվել դրանցից: Մարդուն Աստծուց բաժանող մեղքերն ամենուր պառակտումներ են առաջ բերում, այդ պատճառով մեղքի նկատմամբ ամեն մի հաղթանակ մեծ նվաճում է:

Եկեղեցու հայրերը նշում են, որ հաղթահարելով մեղքը՝ քրիստոնյան օգնում է նաև իրեն շրջապատող մարդկանց, նպաստում նրանց հոգու լավագույն հատկությունների բացահայտմանը՝ վերջիններիս մղելով բարի գործերի: Մեղքը հաղթահարողը բարությամբ է վարակում իր շրջապատին և կոտրում է այն մտածելակերպը, որ մեղքն է աշխարհի տիրակալը: Մեծագույն ուրախություն է, երբ մարդն իր և ուրիշի մեջ տեսնում ու բացահայտում է բարին և նպաստում բարու դրսևորմանն ու տարածմանը: Բարին գործելը կամք ու ջանքեր է պահանջում: Պողոս առաքյալը, խոսելով ներքին պայքարի մասին, ասել է. «Բարին, որ կամենում եմ անել, չեմ անում, այլ անում եմ չարը, որ չեմ կամենում անել: Ուրեմն, եթե իմ չուժածն է, որ անում եմ, այլևս ես չէ, որ անում եմ այն, այլ իմ մեջ բույն դրած մեղքը» (Հռոմ. 7:19-21):

Մեղքը հաղթահարելով՝ մարդը ձեռք է բերում իրական և ոչ պատրանքային երջանկություն: Ուստի կարևոր է, որ մարդ ուշադիր լինի, թե ինչն է իրեն ներսից իշխում և գործողությունների մղում: Մեղքը հաղթահարելը բարիք է, իսկ սեփական փրկության մասին հոգալը՝ հանրային բարիք: Իր մեղքերի նկատմամբ անտարբեր անձը չի կարող հասարակությանն այն օգուտը բերել, որ կարող էր, քանի որ զղջումն ու ապաշխարությունը հասարակական բարիք են: Կատարելագործման ուղին է, որ մերձավորին ծառայելու մեծ հնարավորություն է տալիս: Այդ մասին են վկայում սրբերի վարքագրությունները: Շատերն էին դիմում սրբերին, և նրանք օգնում էին յուրաքանչյուրին՝ ըստ իր կարիքի: Սրբերը ծառայեցին հասարակությանն ամենակատարյալ ձևով. նրանք իրական բարիք բերեցին աշխարհ, քանի որ իրենց փորձով գիտեին, թե ինչ է բարին, հետևաբար, կարող էին այն սովորեցնել ուրիշներին:

Մարդը ներքնապես նորոգվում է ոչ թե ապշեցուցիչ սխրանքների, այլ առօրյա կյանքում դրսևորած բարի մտքերի, խոսքերի ու գործերի միջոցով: Քրիստոնյայի կարևորագույն նպատակներից է իր մեջ Երկնքի Արքայության ստեղծումը, որ կյանքի է կոչվում մեղքի դեմ պայքարով: Մեղքերը հաղթահարելով՝ մարդիկ հաղթահարում են պառակտումները, համախմբվում են և միաձայնության գալիս՝ կյանքի կոչելով Աստծու կամքը: Սա այն միասնությունն է, որի համար աղոթեց Քրիստոս: Փրկության ուղին գործուն և ոչ պասիվ ուղի է: Որքան էլ հարմարավետ լինեն կյանքի պայմանները, եթե մարդն իր մեջ չհաղթահարի մեղքերը, իրական երջանկության չի հասնի: Երբ Երկնքի Արքայությունը մարդու ներսում է, ապա որքան էլ արտաքին մարդը քայքայվի, ներքին մարդը միշտ նորոգվում է: Մեղքի դեմ պայքարը հոգևոր աճի նշան է, որ քրիստոնյայի կյանքում երբեք չի դադարում: Ամեն պահի մարդն ընտրում է բարին կամ չարը: Բարու կամ չար ճանապարհների ընտրությունը մարդու ներքին պայքարի բովանդակությունն է:

Ցավալի է, երբ մարդիկ փրկության հետ կապված կարևոր քայլերը տեղափոխում են ծերության տարիք՝ մոռանալով, որ անորոշ է ապագան: Մեղքը, որ ապրում է մարդու մեջ, մթագնում է նրան և ստիպում ինքն իր առջև արդարանալ, իսկ մեղսալից արարքներն արդարացնելը փրկության թշնամին է: Մարդն անտարբեր է մեղքի հանդեպ, քանի դեռ չի գիտակցել, որ այն զրկում է իրեն ներկայիս և հավիտենական երջանկությունից: Մարդը մեղքը համարում է իր բնությունը՝ մոռանալով, որ իր նախածնողներն ստեղծվել են առանց մեղքի: Այսինքն՝ Աստծու պատկերով և նմանությամբ ստեղծված մարդու համար անբնական է մեղսալից էությունը: Այն գիտակցությունը, որ մեղքը օտար է մարդուն և թե ինչ կործանիչ հետևանքներ ունի, չափազանց կարևոր է մեղքի դեմ պայքարում: Կյանքի յուրաքանչյուր պահը անհրաժեշտ է գործածել՝ ձեռք բերելու համար գանձեր, որ անկորնչելի են, ձեռք բերելու համար երջանկություն, որ իրական է: Հանուն ընդհանուրի երջանկության՝ անհրաժեշտ է մեղքերի դեմ պայքարել, քանի որ մարդը ստեղծվել է երջանկության տենչով և կարող է սովորել իր երջանկության համար պայքարել: Իսկ փրկարար այս քայլերի հետաձգումը ձեռնտու է միայն փրկության թշնամուն: Վերջ ի վերջո, մեղքի դեմ պայքարելը և իրական երջանկության ու փրկության հասնելը մարդու ձեռքում է:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

surbzoravor.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ