25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ներկա քաոսային իրավիճակում մեր ինքնության փրկության գործը մտավորականության, Հայ Առաքելական Եկեղեցու ուսերին է. Կոչ մտավոր ոլորտի Հայ աշխատավորին

Բարեկամս, Քեզ դիմում եմ, որպես Հայ մարդու, Քաղաքացու, Հայրենասերի, Հայաստանի ու Հայերի ապագայով հետաքրքրված անհատի՝ անկախ ապրելու վայրից, տարիքից և սեռից։

Այն, որ հարյուրամյակներով երազած Հայաստանը 1991-ին Հայաստանի երրորդ Հանրապետության հռչակմամբ իրողություն դարձավ, դրա ականատեսը, մասնակիցն ու վկան շատերս ենք:

Այն, որ նույն այդ շրջանում ստեղծվեց երկրորդ հայկական պետականությունը՝ ի դեմս Արցախի Հանրապետության, ու դա մեր բազմադարյա պատմության լուսավոր էջերից մեկն է, որի համար աշխարհասփյուռ Հայ ժողովուրդը ոչինչ չխնայեց՝ նույնիսկ իր հազարավոր հերոս որդիներին, ևս տեղի ունեցավ շատերիս մասնակցությամբ և ներկայությամբ:

Այն, որ Անկախության շուրջ երեք տասնամյակներին Հայոց իշխանությունները և՛ ՀՀ-ում, և՛ Արցախում բազում աններելի սխալներ թույլ տալով, այնուհանդերձ, փորձել են մեր դժվարին տարածաշրջանում, շրջափակման պայմաններում ապահովել որոշակի զարգացում, ձևավորված ստատուս քվոյի պահպանում, դա ևս իրողություն էր:

Այն, որ այդ նույն տասնամյակներին «քաղաքական, ժողովրդավարական զարգացումներ» քողի տակ մեր իրականություն էին սողոսկում օտար գաղափարախոսություններ, տարատեսակ քաղաքական աղանդներ,ապազգային ուժեր, թշնամիներ, նրանց կամակատարներ, նույնպես տեղի էր ունենում բոլորիս ու նաև իշխանությունների աչքի առաջ և անարգելք…

Այն, որ 2018-ին բոլոր դժգոհությունները՝ օբյեկտիվ թե սուբյեկտիվ ձևով ամբողջացվեց, վերադրվեց, գումարվեց ու իշխանազավթմամբ հայրենադավերի խումբը գրավեց մեր ազգային իշխանության աթոռները, կրկին մեր աչքի առաջ էր, բայց նաև շատերիս ներկայությամբ և մասնակցությամբ, ու դրանով ազդարարվեց Հայաստանի երրորդ Հանրապետության ու Արցախի չճանաչված հանրապետության կազմաքանդման աղետաբեր գործընթացի սկիզբը:

Այն, որ ընդամենը հինգ տարում, սրանք հասցրին ողբերգական պատերազմով հանձնել Արցախի հանրապետության գրեթե 75%-ը, թշնամուն հարյուրավոր կիլոմետրեր հեռվից բերել հասցնել ՀՀ-ի սուվերեն տարածք ու հանձնել մակերեսով համարյա Երևանի տարածքին հավասար հողեր և այդքանից հետո հայտարարել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախով հանդերձ ճանաչելու մասին, սա արդեն մեր՝ որպես պետականության և հայի, որպես պետականաստեղծ էթնոսի վերջի սկիզբն է…

Այն, որ վերջին հինգ տարիների գլխավոր հերոսը «մեծն սուտն» էր լինելու՝ ոչ մեկս չգիտեինք։ Սուտը՝ պատերազմից առաջ, սուտը՝ պարերազմի օրերին և առայսօր շարունակվող սուտը, որի վերջը չի երևում…

Հարգելի բարեկամնե՛ր, համոզված եմ՝ բոլորդ էլ իրավիճակին քաջ տիրապետում եք, և կարող եք այն ավելի գունեղ, ծավալուն և փաստառատ ձևով ներկայացնել: Բայց հարցը դրանում չէ, նրանում է, որ Հայ ժողովուրդը ոչ մի քաղաքական ուժի, գործչի այլևս միանշանակ չի վստահում, և բոլորի աչքի առաջ «ղեկավար խունտան» իր սև գործը կատարում է անարգելք՝ միջազգային կոչվող հանրության անամոթ ժպիտների ու անբովանդակ հայացքների ներքո: Եթե ուշադիր հետևում եք իրադարձություններին, ապա կնկատեք, որ ժողովուրդը նաև մտավորականից է սկսել հիասթափվել, քանզի սպասելիքները նրանից շատ էին…

Հարգելինե՛ր, եկեք մի կարևոր հարցում համաձայնվենք, եթե աշխարհի քաղաքական քարտեզի վրա չի լինելու Արցախ, անկախ Հայաստանի Հանրապետություն, ի վերջո միացյալ Հայաստան, եթե հայը նսեմացվելու է բոլոր առումներով, եթե սկսվելու է անարժանապատվության՝ հորջորջվող պարտադրված խաղաղության շրջանը, ապա մեր և՛ ապրելը, և՛ ստեղծագործելը կարծես անիմաստ է դառնում…

Ելնելով վերոնշյալից և Արցախի, Հայաստանի ու Հայ ժողորդի շահը վեր դասելով ամեն ինչից, և արգահատելով Միացյալ Հայաստանն ու Հայ ժողովրդին նսեմացնող բոլոր գործիչներին ու քաղաքական, հասարակական միավորներին, վերահաստատում եմ՝

– առանց ինքնորոշված Արցախի չի կարող լինել անկախ Հայաստան ու արժանապատիվ Հայ ժողովուրդ,

– ՀՀ գործող իշխանությունները ձեռքից տվել են հայ ժողովրդի բոլոր ձեռքբերումները և անծրագիր ու անբովանդակ կիսաքայլերով, դատարկախոսությամբ, տարբեր խավերի սիրաշահելով ու միաժամանակ հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելով երկիրը տանում են անարժանապատիվ «խաղաղության», որը կլինի ավելի ամրագրված կապիտուլյացիա,

– ինչպես պատմության դառը քառուղիներում, այնպես էլ ներկա պայմաններում Հայ ժողովրդի միակ և հուսալի դաշնակիցը… ինքը Հայ ժողուրդն է՝ իր Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությամբ, որի հզորացման համար ջանք ու եռանդ չպետք է խնայել,

– անկախ ՀՀ-ն այդպես էլ չունեցավ կազմակերպված, գործուն, հակազդող ու նախաձեռնող դիվանագիտություն, որի պակասը հատկապես հետպատերազմյա ու ճակատագրական շրջանում ակնհայտ է: Մեր ժողովուրդը, որի ընդունակ շատ զավակներ ուրիշ պետություններում և ճակատագրական պահերի են դարձել հմուտ, նախաձեռնող բանակցողներ ու դիվանագետներ ի վիճակի է ու պարտավոր է իր անկախ երկրում ունենալու նման հզոր կառույց,

– Հայաստանն իր աշխարհքաղաքական, տարածաշրջանային իրավիճակներով հանդերձ և ելնելով կայուն զարգացման պահանջից պարտավոր է ունենալ դաշնակից, բարեկամ երկրներ, որոնց հետ հարաբերությունները ոչ թե պետք է կառուցվեն միայն շահերի ու հետաքրքրությունների հաշվառումով այլ նաև հավատքի, փոխօգնության, մեկը մյուսի առանձնահատկությունները հաշվի առնելու և հարգելու սկզբունքների վրա,

– այս տարածաշրջանում մենք ազատ ու անկախ կարող ենք ապրել ստեղծելով, ունենալով հոգևոր և իրական ամենահզոր զենքերը,

– մեր ամենանողկալի պարտությունը 2020-ին Երկիրը պարտության տարածներին 2021-ին կրկին իշխանությամբ օժտելն էր, որի արդյունքները այժմ ազգովին քաղում ենք:

Ուրեմն, համախմբվենք, ստեղծենք, հիմնադրենք ազգային, ժողովրդական հայկական ճակատը՝ մտավորականների հայապահպան պետականապահ շարժումը, և բոլորի աչքի առաջ ու ժողովրդի մասնակցությամբ քննարկենք ու սկսենք լուծել մեր ազգային խնդիրները, որոնք առավել քան բարդ են և ուրիշներին վերապահված չեն…

Իսկական հայ մտավորականը ոչ թե պահի իշխանության ծառան, կամակատարն ու հպատակն է, այլ պետության, պետականության ջատագովը, ժողովրդին ուղի ցույց տվողն ու պայքարող մարտիկը, որի համար պաշտոնը, կոչումը, մեդալը, մրցանակը, կենդանության օրոք անվանակոչված կրթական, մարզական, մշակութային հաստատությունը, հարստությունը ավելին չեն, քան պատիվը, ինքնասիրությունը, արժանապատվությունը, ազգային հպարտությունը…

Մտավորականությունը պետության և պետականության պատասխանատուն ու նրա մշտարթուն պահապան զիվորն է, նրա զարգացման շարժիչ ուժը: Ներկա քաոսային իրավիճակում հայկական պետությունների, և մեր ինքնության փրկության գործը մտավորականության, Հայ Առաքելական Եկեղեցու և Հայոց Եռամիասնության ուսերին է…

Վերջին ավելի քան 29 օրերին Արցախը գտնվում է բացարձակ բլոկադայի մեջ, 21-րդ դարում (հնարավոր է նաև ընդհանրապես) ոչ մի պետություն նման վիճակում չի եղել, ու մենք բոլորս անհաղորդ ենք, ապրում ենք մեր կյանքով, այնպես, կարծես մեր արյունակիցը, իմ, քո, նրա բարեկամը հարազատը չեն տառապում իրենց հինավուց հողում, և որ բոլորիս արգահատելի անտարբեր թողտվությամբ կարող է տեղի ունենալ ամենավատթարը՝ որը թուրքական նենգությամբ նախապատրաստվում է…

Թշնամին ամենօրյա ռեժիմով հոխորտում է, քանզի լավ գիտի որ այսօր, ի տարբերություն նախորդ դարի վերջերի, չկա կազմակերպված, հանուն Արցախի և իր ապագայի բռունցքված հայ հանրություն, և չկա այն Հայաստանը, որը շուրջ 30 տարի Արցախի անվտանգության երաշխավորն էր ու ինքնորոշման իրավունքի ճանաչման ջատագովը, մարտիկը, որի իշխանությունը հիմա դարձել է ընդամենը «ադրբեջանի հայերի» իրավունքների ու անվտանգության համար պայքարող…

Հայության պայքարի ոգին կրկին պետք է արթնանա, իսկ սեփական ուժերի նկատմամբ հավատը ժողովրդին միայն մտավորականությունը կարող է ներարկել, և օգնել վերագտնելու այն…

Աշխարհը ոսոխի արնոտ ձեռքը չի բռնելու, և լավագույն դեպքում ուշացած հնչելու են մի քանի ձևական «նախատող» խոսքեր, այնպես որ մեր հետագա լինելիությունը միայն ու միայն մեր միասնության ու գոյապայքարի մեջ է …

Aysor.am-ի հարթակում սպասում եմ Ձեր առաջարկություններին:

Հ.Գ. 1. Ի դեպ, չնայած պահի օրհասական լինելուն, իմաստազուրկ չէ հայ մտավորականության առաջին հավաք համագումարի կազմակերպման գաղափարը:

Հ.Գ. 2. Այնպես է ստացվել, որ ծանոթ էի և եմ հայ հայտնի շատ մտավորականների հետ, ովքեր նաև կանգնած էին Արցախյան շարժման ակունքներում ու նրանց մի մասը ցավոք կյանքից հեռացել է…

Վերջին ամիսներին ու հատկապես այս օրերին ավելի հաճախ մտովին և ֆիզիկապես նրանց հետ եմ ու չլինելով սենտիմենտալ մարդ, ներկայացնում եմ նրանց խտացված կարծիքը՝

«Եթե Արցախը հիմա կորցրինք, հաշվեք որ այն կորցնում ենք առմիշտ և անվերադարձ ու դրանից հետո բարձրացված վայնասունը, աղմուկը, տպագրված գրքերը, պաշտպանած թեզերը, նկարահանված ֆիլմերը, հորինված երգերը, Երևանում և այլուր անվանակոչված փողոցները լումայի արժեք չեն ունենալու»։

Եկել է հանուն Արցախի բոլոր ճակատներում իրական, գոյութենական պայքարի պահը…

Փրկելով Արցախը՝ կփրկենք Հայաստանը:

Կամո Աթայան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ