Մարտունիում հարձակվել են Նաիրի Հոխիկյանի վրա
Քիչ առաջ Մարտունիում մի խումբ տղամարդիկ «ՀայաՔվեի» ստորագրահավաքի վայրի մոտակայքում սադրել և քաշքշել են լրագրող Նաիրի Հոխիկյանին, ով Մարտունու «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգողն է:
Նաիրի Հոխիկյանը «Հրապարակի» հետ զրույցում նշել է, որ մի քանի տարեց տղամարդ ստորագրահավաքի վայրից քիչ հեռու կանգնած են եղել և ուղղորդել են մարդկանց, բանը հասել է նրան, որ ստորագրություն տված քաղաքացիներն ուղղորդման և սպառնալիքների արդյունքում վերադարձել են ընտրատեղամաս և պահանջել, որ չեղարկեն իրենց ստորագրությունը.
«Այդ մարդիկ ուղղորդում են քաղաքացիներին, անգամ ասում են, որ «ՀայաՔվեն» Եհովայի վկաների կողմից է կազմակերպվել, որպեսզի մարդիկ հիասթափություն ապրեն և հրաժարվեն նախաձեռնությունից: Ասում են, որ այս նախաձեռնությունը քոչարյանականների նախաձեռնությունն է ու այսպես շարունակ», – ասել է նա:
Լրագրողի խոսքով` այդ տղամարդիկ ամեն կերպ փորձել են սադրել անգամ նախաձեռնության կին աշխատակիցներին. «Մոտենում են, թղթեր պատռում և ամեն հնարավոր ձևով սադրում»։
Հոխիկյանն ասել է, որ դիմել է ոստիկաններին, սակայն այդ տղամարդիկ դեռևս շարունակում են մնալ տեղամասի մոտակայքում. «Եթե նման դեպք նորից կրկնվի, ստիպված պետք է հաղորդում ներկայացնեմ հանցագործության մասին: Մարտունի քաղաքում վախի մթնոլորտ է»։