Մեզ պարտադրված հիբրիդային պատերազմում այս տգետներին պարտվելն ամոթալի է․ Վարդան Ոսկանյան
Իրանագաետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Բաքվի բռնապետի քարոզչամեքենան հերթական տխմար նյութն է տարածել հայերիս շրջանում, իբր, թյուրքական ծագման ազգանունների մասին, որի հիման վրա հեռուն գնացող «եզրակացություններ» են արվում։
Այն, որ նման ազգանուններ կան և, որ դրանք հիմնականում Օսմանյան կայսրությունում թուրքախոսների համար դժվար ընկալելի և արտաբերելի հայկական անուններն անձնագրավորման ընթացքում տվյալ անձի կամ ընտանիքի մասնագիտության թուրքերեն անվանումներով փոխարինելու հետևանք են, անժխտելի է։
Դրանցից են, դիցուք, Դեմիրճյան (demirci «դարբին, երկաթագործ»), հայերեն տարբերակը՝ Դարբինյան, Բոյաջյան (boyacı «ներկարար»), հայերեն տարբերակը՝ Ներկարարյան, Բարդակչյան (bardakcı «բրուտ»), հայերեն տարբերակը՝ Բրուտյան և այլն։
Սակայն Բաքվի տգետ քարոզիչները, ոչ ավել, ոչ պակաս, ադրբեջանական ծագման են համարում, օրինակ՝ Սարգսյան կամ Շահնազարյան ազգանունները, որոնցից առաջինն ունի լատինական (Sergius), իսկ երկրորդը՝ պարսկա-արաբական (պրսկ. شاه [šāh] «թագավոր, արքա, շահ», արաբ. نظر [nazar] «հայացք») արմատներ։
Բազմիցս եմ նշել, որ մեզ պարտադրված հիբրիդային պատերազմում այս տգետներին պարտվելն ամոթալի է, և ամոթի այդ խարանը կարող է մաքրվել միայն հաղթանակով»։