Հայտարարությունն անհանգստություն է առաջացնում. Խանդանյանը` Թուրքիայի կողմից Շուշիում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին
Հայկական կողմն անհանգստություն է հայտնում Թուրքիայի նախագահի՝ Շուշիում դեսպանություն բացելու ու դա, հատկապես, Հայաստանին ուղղված ուղերձ համարելու վերաբերյալ հայտարարություններով պայմանավորված:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ նման հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու գործընթացին:
«Հայտարարությունն անհանգստություն է առաջացնում, պետք է հետևենք, թե ինչ զարգացում կլինի», – ասաց նա:
Խանդանյանը նշեց՝ ինչպես եղել է թուրք-ադրբեջանական հարաբերությունների հռետորաբանությունը նախկինում, այնպես էլ շարունակվում է հիմա, որևէ փոփոխություն չի կրել:
Արդյոք դա ճնշող գործի՞ք է, թե՞ ոչ՝ ըստ նրա, պետք է գնահատել:
Հիշեցնենք՝ Էրդողանը Բաքու այցի ընթացքում հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստվում է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացել: Էրդողանի խոսքով՝ այդ քայլն ուղերձ կլինի ողջ աշխարհին, մասնավորապես, Հայաստանին: