26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Մոտեցել ենք նրան, որ Նիկոլ Փաշինյանը կասի` Ղարաբաղն Ադրբեջան է, և վերջ». Արմեն Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով՝ Հայաստանը չունի որևէ հայեցակարգված գործընթաց՝ արտաքին դիվանագիտական ու անվտանգության ոլորտներում եղած խնդիրները լուծելու համար։

«Իրարամերժ հայտարարությունները խոսում են այն մասին, որ գիծ, հայեցակարգ չկա, որով մենք կփորձենք մեր անվտանգությունն ապահովել և մեր շահերը պաշտպանել արտաքին հարաբերությունների մեջ։

Չի կարելի ներքին խոհանոցը բացահայտել, եթե որևէ գործընթաց կատարված չէ, եթե դուք դուրս չեք եկել ՀԱՊԿ-ից, ինչո՞ւ եք այդ մասին խոսում։ Կա՛մ դուրս եկեք ու բացատրեք, թե ինչու եք դուրս գալիս, կա՛մ օգտագործեք բոլոր նվազագույն հնարավորությունները, որպեսզի ՀԱՊԿ-ը կարողանա մեր անվտանգության հարցերը լուծել»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Ռուստամյանը։

Ըստ պատգամավորի, երբ հարցնում են, թե ՀՀ իշխանություններն ինչ են բանակցում, պատասխանում են, թե բանակցությունները պետք է ընթանան կուլիսներում, սակայն այնպիսի բաներ են հրապարակում, որոնք մեծ հարված են հասցնում նույն բանակցային գործընթացին։

«Մենք չունենալով նոր անվտանգային համակարգ, փորձում ենք քանդել այն, ինչը գոյություն ունի։ Ըստ ԱԽ քարտուղարի, բանից պարզվում է, որ ոչինչ էլ գոյություն չունի, և հանկարծ իրենք որոշեցին, որ Հայաստանը որևէ անվտանգային համակարգի մեջ չէ։ Սա նախ՝ իրավիճակի ամբողջովին կեղծում է, և հնարավոր չէր, որ Հայաստանը որևէ անվտանգային համակարգ չունենար։ Մենք շրջապատված ենք թշնամիներով, Թուրքիայով ու Ադրբեջանով, և եթե մինչև հիմա իրենք մեզ վրա չէին հարձակվում, նշանակում է՝ եղել է անվտանգային համակարգ»,- հավելեց պատգամավորը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ ՀՀ իշխանությունների գործելաոճն է՝ կանգնեցնել փաստի առաջ, հետո ասել, թե՝ եկեք լուծում գտնենք, հարց է առաջանում՝ ի՞նչ լուծում պետք է գտնել, երբ մշտապես փոքրացրել են երկրի շահերի դաշտը։

«Երբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության թիվ են նշում, ապա ինչպես էլ դնում-չափում ենք, նշանակում է՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է։ Միշելը վեր է կենում ու ասում այն պահանջը, որն Ալիևն է դրել Նիկոլի առջև, թե պետք է, ինչպես ժամանակին ասում էիր՝ Ղարաբաղը Հայաստան է, և վերջ, հիմա էլ պետք է ասես՝ Ղարաբաղը Ադրբեջան է, և վերջ, սրան արդեն մոտեցել ենք։ Պետք է թմբիրից դուրս գանք ու հասկանանք, որ այստեղ նույն գիծն է առաջ տարվում, որ տանք Արցախը, որպեսզի փրկենք Հայաստանը։ Սա կանխելու համար մենք մեր երկրի եղած ողջ հնարավորությունները պետք է մոբիլիզացնենք, եռամիասնությունն օր առաջ պետք է վերականգնվի»,- շեշտեց նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ