Իրավիճակը որոշակիորեն բարելավվել է. 12կմ-ից 7կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են Ադրբեջանի հետ. Վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ նախորդ նիստում տեղեկացրել է, որ Հայաստանը Լաչինի միջանցքին կապող նոր՝ Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխություն, ինչի արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ 12 կմ-անոց հատվածի պահպանությունը պիտի ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը։
«Պատճառն այն է, որ, մինչ այդ, սահմանի նշված հատվածի անմիջական պահպանությունը չէր իրականացվում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի կողմից՝ նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Լաչինի միջանցքի ժամանակավոր երթուղին ապահովելու համար։ Եվ ահա սահմանի անմիջական պահպանության ստանձնման ժամանակ, ինչպես հայտնի է, որոշակի խնդիրներ են առաջացել, ինչի մասին տեղեկացրել է ԱԱԾ-ն՝ ընդգծելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ։
Որոշ տեղերում, ըստ հայկական կողմի, ադրբեջանական կողմը դիրքավորվել էր ու ինժեներական աշխատանքներ է իրականացրել սահմանից 100-ից 300 մետր առաջ՝ ՀՀ տարածքում, դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը։ Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, իրավիճակը որոշակիորեն բարելավվել է», – ասաց Փաշինյանը։
Մասնավորապես, 12կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետրեը հստակեցված են, 5կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։
«Մեր տրամադրվածությունը եղել է ու շարունակում է մնալ իրավիճակի էսկալացիայից խուսափելը։ Հույս ունեմ, որ տեղակայման կետերի ճշգրտման աշխատանքները կիրականացվեն կառուցողական մթնոլորտում, համենայնդեպս, սա է մեր տրամադրվածությունը», – հավելեց վարչապետը։