26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Խնդիր կա Արցախի պետական ինստիտուտները չքանդելու, չվերացնելու՝ այդպիսով Ադրբեջանին մեծ ծառայություն չմատուցելու. Աբրահամ Գասպարյան

Այս տարածաշրջանում երկու կարևոր գաղափար պետք է ամրագրել՝ հայ-թուրքական խնդիրը ունի հազար տարվա պատմություն. չկա Արցախի հարց, Սյունիքի հարց, կա հայկականությունը պահպանելու հարց, էկզիստենցիալ հարց, «Ինչպես պահել Արցախը հայկական» թեմայով փորձագիտական քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ, «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։

«Արցախը հայկական պահել ձևակերպումն արդեն իսկ նշաձող իջեցնել է, դու եկել ես հարցադրման՝ Արցախում հայ կմնա՞, թե՞ ոչ, ինչը նշանակում է, որ տանուլ ենք տվել նվազագույնը երեսունհինգ տարվա պայքար»,- նշեց նա։
Աբրահամ Գասպարյանը որպես Արցախը հայկական պահելու նախապայման նշեց գաղափարական և ինստիտուցիոնալ կոնսոլիդացիան՝ խիստ վտանգավոր համարելով պետության անգործությունը։ Խնդիր կա Արցախի պետական ինստիտուտները չքանդելու, չվերացնելու՝ այդպիսով Ադրբեջանին մեծ ծառայություն չմատուցելու։

քաղաքագետը հույս հայտնեց, որ Արցախում տուրք չեն տա ներքին խլրտումներին, կառաջնորդվեն միասնական օրակարգով, այն է՝ արդիականացնել պետական համակարգը, կառավարման նոր մոդելով Արցախն առավել մրցունակ, կենսունակ դարձնել։
Պատերազմ լինելու է, թե ոչ հարցին քաղաքագետը պատասխանեց՝ ռեգիոնալ, միջազգային ինդիկատորները ցույց են տալիս, որ հայկական խաչմերուկը՝ Սյունիքը, դառնալու է լուրջ բանակցությունների և պատերազմի առարկա։ Եթե ուզում ենք հասկանալ՝ Արցախում ինչ է սպասվում, դիտարկենք Սիրիայում կատարվողը։ Ռուսաստանը գործարքի մեջ է մտնում՝ Սիրիա-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու հարցում որպես միջնորդ դիրքավորվելով, Իրանը խանգարում է, Իսրայելը պատրաստվում է մեր տարածաշրջանում հակաիրանական օպերացիայի։ Տարածաշրջանը լինելու է պատերազմի թատերաբեմ. ՀՀ իշխանության կրավորական, իբրև թե չեզոք կեցվածքը հարցի լուծում չի լինելու։

«Երբ քո հավակնությունները գերազանցում են քո ռեսուրսները, քեզ ասելու են՝ չափդ անցար, դու ո՞վ ես, որ ասես՝ Արցախը Հայաստան է, և վերջ։ Եթե չունես ամբողջն իրականացնելու համապատասխան ռեսուրսները, հրապարակային նման հայտարարությունների իրավունք չունես. մենք դրա հետևանքներն ենք հիմա ճաշակում»,- ընդգծեց նա։

Քաղաքագետի խոսքով՝ պետք է նաև հասկանալ՝ ուզո՞ւմ ենք պետություն ունենալ, թե՞ ոչ։

«Այս պահին գործող իշխանության ձևավորած թեզերով Արցախում չենք ուզում պետություն, միջնաժամկետ առումով Հայաստանում էլ չենք ուզում. մենք ուզում ենք լավ ապրել։ 600 տարվա պետականության կորստից հետո արյամբ ստեղծված պետությունը հենց այնպես կորցնել՝ ասելով, թե ուզում ենք լավ ապրել, անկարելի է, հետևանք է էլիտայի անգործության։ Ի՞նչ պետք է անի շարքային քաղաքացին այն դեպքում, երբ իշխանությունն ասում է՝ քեզ պետք է ասֆա՞լտ, ոռոգո՞ւմ, ենթակառուցվածքնե՞ր՝ կունենաս, իսկ դրա դիմաց անվրդով վաճառքի է հանում Արցախը, Սյունիքը։ Եթե չունես կենտրոնաձիգ գաղափարական հեռանկար, մարդիկ տրվելու են կենցաղին»։

Աբրահամ Գասպարյանն ընդդիմության բոլոր շերտերի ձախողումը պայմանավորեցԵրևանից դուրս չգալով, մարդկանց հետ չհաղորդակցվելով, այլընտրանք չձևակերպելով։

«Հայաստանում որակական, մտածողության փոփոխությունները պետք է լինեն քաղաքական ուժերի առաջնային անելիքները։ Գաղափարական կենտրոնացվածության բացակայությամբ անտարբերությունը կդառնա նորմ։ Ի վերջո, կասենք՝ Երևանը թող սահմանափակվի Թումանյան, Աբովյան փողոցներով, դիցուք՝ Չարբախը մեզ հետաքրքիր չէ»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ