Մտահոգիչ է, որ Լաչինի միջանցքի բացման հարցում առաջընթաց չկա. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Մտահոգություն ենք հայտնում Լաչինի միջանցքի երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի լիարժեք գործունեության վերականգնման հարցում առաջընթացի բացակայության կապակցությամբ՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության։ Ռուսական կողմը, մասնավորապես, ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ հենց ռուս խաղաղապահներն առանցքային ներդրում ունեն իրենց տեղակայման տարածքում անվտանգության ապահովման գործում, ինչը նշել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները այս տարվա հոկտեմբերի 31-ի Սոչիի գագաթնաժողովում։ «Ցանկացած հրապարակային հարձակում և սադրանք մեր խաղաղապահների դեմ համարում ենք անընդունելի և կանխամտածված գործողություններ, որոնք շոշափելի վնաս են հասցնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Կոչ ենք անում Բաքվին ու Երևանին խստորեն պահպանել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները:
Նշում ենք, որ Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի այն նպատակներով, որոնք նշված են տվյալ փաստաթղթում։ Հուսով ենք, որ կողմերը կգան համաձայնության տարածաշրջանի հանքավայրերի շահագործմանն առնչվող հարցերում»,- ասվում է հայտարարության մեջ։ Հավելենք, որ արդեն 19-րդ օրն է, ինչ Ադրբեջանի իշխանությունները փակ են պահում Լաչինի միջանցքը՝ Արցախում ստեղծելով հումանիտար ճգնաժամ։