Հայ-թուրքական հարաբերություններում դրական փոփոխություն չի սպասվում. քաղաքագետ

Մինչեւ ապրիլի 24-ը հայ-թուրքական հարաբերություններում որեւէ դրական փոփոխություն չի սպասվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Բանախոսն ասել է, որ ապրիլի 24-ից հետո կարող են թուրքական կողմից իմիտացիոն քայլեր լինել, որոնց նպատակը ցույց տալն է, թե հայ-թուրքական հաբարերությունները բարելավվում են:
Խոսելով Ղարաբաղյան հակամարտության շփման գծում լարվածության ուժեղացումից` բանախոսն ասել է, որ դա բխում է Ադրբեջանի նպատակներից։
“Ադրբեջանում կարծիք կա, որ կարելի է սահմանային միջադեպերի միջոցով հայկական կողմին կամ միջազգային հանրությանը ինչ-որ բան պարտադրել եւ հասնել ստատուս քվոյի փոփոխությանը։ Սակայն նրանք մոռանում են, որ ստատուս քվոն կարելի է փոխել միայն երկու դեպքում` ռազմական գործողությունների միջոցով կամ բանակցային գործընթացի արդյունքում ձեռք բերած որոշակի պայմանավորվածության հիման վրա”,- ասել է նա: