Համաշխարհային աշխարհակարգի փոփոխությունն անխուսափելի է. այս հարյուրամյակը կվերածվի «Թուրքիայի դարի». Էրդողան
21-րդ դարը չարդարացրեց մարդկության կայունության եւ արդարության հույսերը՝ վերածվելով ճգնաժամերի եւ հակամարտությունների համատարած շերտի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։
Նրա խոսքով, սառը պատերազմի ավարտից հետո մարդկությունը շուտափույթ խաղաղության, զարգացման եւ ազատության հույս ուներ, սակայն այս մթնոլորտը, հատկապես վերջին տարիներին, կրկին վախի եւ մտահոգության, իսկ մի շարք երկրների օրինակով՝ ֆաշիզմի տեղիք է տվել, հաղորդում է News.am-ը:
«Ներկայիս աշխարհակարգը, որը հիմնված է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթողների շահերը պաշտպանելու ցանկության վրա, բախվում է վերջին 70 տարվա ամենամեծ ճգնաժամին։ Այս խեղաթյուրված համակարգը, որի նպատակն է հարստացնել երկրների փոքր խմբի, ճաքեր է տալիս։ Աղքատության մակարդակն աճում է ամբողջ աշխարհում։ Հարուստներն ավելի են հարստանում, աղքատներն ավելի են աղքատանում։ Միլիարդավոր մարդիկ՝ Աֆրիկայից մինչեւ Ասիա, չեն կարողանում իրենց ապահովել տարրական սննդամթերքներով»,- հայտարարել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ շատ պետությունների ղեկավարներ այսօր մտահոգված են միայն կարճաժամկետ խնդիրներով, ինչի մասին վկայում է Պրահայի վերջին գագաթաժողովը։ «Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ պատերազմին բազմաթիվ առաջնորդների մոտեցումները հեռու են ողջամտությունից։ Պրահայում նրանց միակ մտահոգությունը գալիք ձմեռն է։ Իրականում ամենաաղքատ երկրները ամենամեծ հարվածն են ստանում պատերազմից։ Վստահ եմ, որ ուկրաինական պատերազմի թեման միայն ժամանակավոր է հետ մղել համաշխարհային քաղաքական համակարգի արմատական բարեփոխման թեման։ Փոփոխություններն անխուսափելի են»,- ասել է Էրդողանը։
Նա նշել է, որ Անկարան ի լուր բոլորի հայտարարում է «արդար աշխարհակարգի ձեւավորման հնարավորության առկայության մասին»։ «Վերջին տարիներին Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ աշխարհն ավելին է, քանի ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները։ Մենք բոլոր հարթակներում ընդգծում ենք, որ մարդկության դրությունը անհուսալի չէ։ Միայն պատկերացրեք, որ այսօր Թուրքիայի տարածքով համաշխարհային շուկա է մատակարարվել ավելի քան 7 միլիոն տոննա հացահատիկ։ Մյուս երկրներն անգործության են մատնված, մինչդեռ մենք ձգտում ենք մեր ներդրումն ունենալ համաշխարհային պարենային անվտանգության մեջ»,- նշել է Էրդողանը։
Նա վստահություն է հայտնել, որ ներկա հարյուրամյակը կվերածվի «Թուրքիայի դարի», եւ այս խոսքերը շուտով իրականություն կդառնան բոլոր ոլորտներում։