Ես այստեղ եմ որպես ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու, և ժամանակը եկել է, որ հրավառությունների արգելքի հարցում ավելի կոշտ քայլերի դիմենք. Ավինյանը «Սուրմալու»-ում էր
Ես այստեղ եմ որպես ՔՊ վարչության անդամ և, այո՛, որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք ժամանած Տիգրան Ավինյանը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ որոնողական աշխատանքները մոտենում են ավարտին։
«Տեղի ունեցած ողբերգությունը շատ սթափեցնող և ցավալի էր, և ես վստահ եմ, որ սա առիթ է տալիս մտածելու նմանատիպ նյութերի պահպանման, տարբեր առիթների ժամանակ հրավառութունների օգտագործման վերաբերյալ», – ասաց նա։
Տիգրան Ավինյանի խոսքով՝ պետք է անել ամեն ինչ, մասնավոր տոնակատարությունների ժամանակ բացառելու հրավառությունները և դրանք իրականացնելու բացառապես պետական տոների ժամանակ։
«Հրավառական արտադրանքն ազատ վաճառվում է, վարչարարություն շատ դժվար է իրականացնել։ Ժամանակը եկել է, որ ավելի կոշտ քայլերի դիմենք, ռադիկալ ձևով միայն համայնքային միջոցառումներին տեսնենք հրավառություն։
Մոտավորապես 4 տոննա հրավառական նյութերի պահպանումը որևէ տեղ, և մեկ փոքր կայծը նմանատիպ հետևանքների կարող են բերել», – ասաց ՔՊ քաղաքապետի թեկնածուն։