Տեսե՞լ եք որևէ հանրահավաք, որին ՀՀԿ-ն չմասնակցի
«Հրապարակի» հարցերին պատասխանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը:
– Տիկին Աճեմյան, արդեն մի քանի օր է ընդդիմադիրներն Ազատության հրապարակում բողոքի ակցիաներ են անում: Ձեզ հանրահավաքների ժամանակ չենք տեսնում: Ինչո՞ւ չեք մասնակցում:
– Մեր կուսակցությունը տարբեր ֆորմատներով մասնակցում է բողոքի ակցիաներին: Հավանաբար մեր երիտասարդներից շատերին հրապարակում տեսնում եք: Վաղը ջահերով երթ ենք նախատեսել, գնալու ենք Ցեղասպանության հուշահամալիր, հետագայում էլ մեր մասնակցությունն ունենալու ենք ակցիաներին: Դուք երբևիցե տեսե՞լ եք որևէ հանրահավաք, որին ՀՀԿ-ն չմասնակցի, այդպիսի բան չի եղել երբեք: Մենք մշտապես մեր խոսքն ասել ենք և մեր բողոքի ձայնը տեղ ենք հասցրել: Ես բավականին զբաղված եմ կուսակցական աշխատանքներով: Իմ ներկայությունն այնքան էլ պարտադիր ու կարևոր չէ, կարևորը` ՀՀ քաղաքացիների մասնակցությունն է: Մենք այցելում ենք մարզեր, տարբեր աշխատանքներ կատարում:
– Ի՞նչ եք կարծում` բողոքի ակցիաներն օրվա իշխանություններից ազատվելու հարցում արդյունավետ կլինե՞ն:
– Մենք պետք է դրան հավատանք: Պետք է հավատանք, որ մեր հասարակությունն իր հայրենիքը, հողն ու ջուրը կորցնել չի ցանկանում: Վերջիվերջո այս մարդն ամբիոնից ամեն օր հայտարարում է իր բոլոր ծրագրերի մասին, իսկ դրանք միմիայն Հայաստանի Հանրապետությունը վտանգում են: Իր վերջին հայտարարությունները վերջնականապես բացահայտեցին իր նպատակները: Նրա բոլոր նպատակները համընկնում են Ալիևի և Էրդողանի ցանկությունների հետ:
– Նկատի ունեք այն հայտարարությունը, որ պետք է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել, ապա Արցախին տալ փոքր ինչ ավելի ցածր կարգավիճա՞կ:
– Այո, այսպիսի պատերազմից հետո խոսել խաղաղության պայմանագրի մասին, երբ Թուրքիան ամբողջությամբ օգնում է Ադրբեջանին, մեղմ ասած, տեղին չէ, նամանավանդ, որ շուտով ապիլի 24-ն է, մենք պետք է միշտ հիշենք այդ օրը, որպեսզի Թուրքիան ընդունի ցեղասպանությունը: 30 տարի մենք դիվանագիտական աշխատանքով ամեն ինչ արել ենք, որպեսզի ցեղասպանության հարցը լուծվի միջազգային հարթակներում: Շատ երկրներ ընդունել են, սակայն հիմա մենք 100 քայլ հետ ենք գնում բոլոր հարցերում, դրան էլ գումարած տարածքներ ենք հանձնում, զոհեր ենք տալիս ու այդ աթոռին նստած մարդը չի էլ թաքցնում իր նպատակները: Մենք այսօր պետք է հավատանք, որ ժողովուրդն արթնանալու է և օրվա իշխանություններին հեռացնելու է:
– Շատ է խոսվում, որ ընդդիմությունն այսօր համախմբված չէ, ավելին` պառակտված է:
– Եթե մշտապես համախմբված լինենք, ինչպես օրինակ Արցախի հայտարարության հետ կապված, շատ ավելի լավ կլինի, սակայն ես չէի ասի, թե պառակտված ենք: Պարզապես տարբեր ուղղություններով է աշխատանքն ընթանում: Որևէ դեպքում ՀՀԿ-ն պառակտում չի մտցնում և ոչ էլ մտցրել է: Մենք կարծում ենք, որ սա ուժերի համախմբման պահ է, ինչի արդյունքում պետք է իշխանություններին հեռացնել:
– Վերջերս էլ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպեցին, փաստաթղթեր ստորագրվեցին:
– Շատ դժվար է ինչ-որ կանխատեսումներ անելը, որովհետև այդ հանդիպումը հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների առիթով էր և փաստաթղթում առկա 30 կետը հենց դրա մասին էր, բայց թե ինչ է խոսվել դռների ետևում, ինչ պայմանավորվածություններ կան, հասկանալի չէ: Այդ հանդիպումից հետո Փաշինյանն ինքն իրեն հակասելով տարատեսակ հայտարարություններ է անում: Փաստ է, որ մեր երկրի սուբյեկտայնությունը հասցվել է զրոյի: Հայաստանի ղեկավարն այսօր ոչինչ չի էլ որոշում: Պարզապես իր իշխանությունը պահելու համար անընդհատ իր համաձայնությունն է տալիս բոլոր այն փաստաթղթերին, որոնք առաջարկվում են: Նա իշխանությունը պահելու գծի վրա է միայն աշխատում: Այն ինչ արվում է այսօր հայկական շահի հետ բացարձակ կապ չունի:
Հայկ Գևորգյան
hraparak.am