23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Քրիստոսի քարոզչության ամենակարևոր օրը՝ Ավագ հինգշաբթի

Երուսաղեմի համեստ տներից մեկի վերին հարկում, շատերի աչքից հեռու, բոլորից աննկատ Քրիստոս ընթրիքի նստեց Իր առաքյալների հետ։ Դա Քրիստոսի վերջին ընթրիքն էր, Իր երկրային կյանքի վերջին ժամերն էին։ Նա գիտեր, թե ինչ է լինելու Իր հետ․․․ Ամեն ինչ գիտեր՝ մատնությունը, ուրացումը, անարդար դատերն ու չարչարանքը․․․ Գիտեր, թե որքան ծանր է լինելու ծեծված ու ջարդված մարմնի համար մայրի ծառի փայտից այն խաչը, որ ուսերին պիտի բարձրացներ Գողգոթա․․ Գիտեր, թե որքան ծարավ է զգալու եւ որքան դառն է լինելու քացախաջուրը, որով թրջված սպունգն են մոտեցնելու Իր շուրթերին․․․

Աստվածային ու մարդկային բնություններով կատարյալ Քրիստոսի ներսում մարդկայինը ընդվզում էր, փորձում էր ճանապարհ գտնել այդ ամենը փոխելու, հեռացնելու համար։ Եվ անգամ Գեթսեմանի պարտեզում աղոթքի ժամանակ այդ մասին պիտի խնդրեր Հորը։ «Աբբա՛, Հա՛յր, քեզ համար ամեն ինչ հնարավոր է. այս բաժակը հեռացրո՛ւ ինձնից, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու ես կամենում» Մարկոս 14։36։

Քրիստոս գիտեր, որ բաժակը չի հեռացվելու իրենից, քանզի հենց դրա համար էր երկնքից իջել։ Ինչպես Արարիչ Հոր սերն էր Նրան երկիր ուղարկել, այնպես էլ այդ սիրո համար Ինքը պիտի խաչը բարձրանար, որ մարդկանց փրկեր չարից ու մեղքից։

Աստված մարդուն արարել էր Իր աստվածային սիրով, նրան տվել էր ամեն ինչ երջանիկ լինելու համար, սակայն մարդը բոլոր ժամանակներում երջանկությունն իր ներսում գտնելու փոխարեն երկար ճանապարհորդության է դուրս գալիս՝ այն իրենից դուրս ինչ-որ մի տեղում որոնելու համար։

Տերը բազմաթիվ մարգարեների հանձնարարել էր ուղորդել մարդկանց, ցույց տալ ճանապարհը․․․ Ու ամեն անգամ, երբ թվում էր, թե մարդիկ հասկացել են ու կգնան այդ ուղեցույցով, նրանք մի նոր  ձեւով մոլորվում էին ճանապարհից։ Այդպես էր Դրախտում, երբ Տերը հանձնարարեց խնամել ու հոգ տանել իր ստեղծած ամեն ինչի համար, բայց առաջին մարդիկ որոշեցին խոտորել ու կերան արգելված պտուղը։

Այդպես էր, երբ մարդիկ երկրագնդի վրա սկսեցին կառուցել իրենց կյանքը, բայց այնքան հեռացան Աստծուց, որ ջրհեղեղով ամեն ինչ մաքրելու կարիք առաջացավ։

Այդպես էր նաեւ Եգիպտոսից դուրս գալուց հետո, երբ մարդիկ պիտի Մովսեսի գլխավորությամբ հասնեին Ավետյաց երկիր, բայց Տիրոջ փոխարեն նախընտրեցին ոսկե կուռք կառուցել ու դրան երկրպագել։

Այդպես էր դրանից հարյուրավոր ու հազարավոր տարիներ հետո էլ, երբ Աստված Իր Որդուն ուղարկեց՝ մոլորված մարդկանց ճշմարիտ ուղին ցույց տալու համար։

Աստված իջավ, 30 տարի մարդկանց մեջ նրանցից մեկը եղավ, բայց ցույց տվեց, որ կարելի է ապրել ու չխոտորվել, ապրել ու չմոլորվել, ապրել ու չմեղանչել, այլ ապրել Աստծո հետ ու Աստծով։

Եվ եթե մարգարեները միայն ճանապարհը ցույց էին տվել՝ խոսքով կամ գործերով, Քրիստոս այդ ճանապարհն անցնելու համար Իր կյանքը, Մարմինն ու Արյունը տվեց, որ ամեն անգամ Իր հետ հաղորդակցվելու  հնարավորություն ունենան մարդիկ։

Դաժան չարչարանքներից առաջ՝ Վերջին ընթրիքի ժամանակ, Քրիստոս երկու կարեւոր խորհուրդ հաստատեց՝ Սուրբ Հաղորդության ու խոնարհության։

Ընդամենը մի քանի օր առաջ՝ Ծաղկազարդի կիրակի Քրիստոս արքայավայել մտել էր Երուսաղեմ, իսկ հինգշաբթի խոնարհվեց ու լվաց իր աշակերտների ոտքերը։  Հիսուս խոնարհության օրինակ ցույց տվեց, որ աշակերտներից որեւէ մեկն իրեն առավել չհամարի մյուսից, որ այդ օրինակով մարդկանցից ոչ ոք իրեն մյուսից բարձր չդասի։ Քրիստոս խոնարհության պատգամ տվեց, քանի որ Դրախտում առաջին մարդիկ մեծամտացել ու հպարտացել էին՝ ցանկանալով լինել Աստծո նման իմաստուն ու վայր էին ընկել: Իսկ Արքայություն վերադառնալու համար պետք էր խոնարհվել։ Քրիստոս երկիր էր իջել, որ մարդուն բարձրացնի դրախտ։

Վերնատանը Քրիստոս ավարտեց իր քարոզչության շղթան։ Իր ծնված օրվանից Նա կարող էր միայն հրաշքներ գործել, զարմացնել մարդկանց, ցույց տալ Իր աստվածային զորությունը։ Բայց դա չէր օգնի մարդկանց, քանի որ կասեին՝ Նա Աստված է, կարողանում է չսխալվել, մենք սովորական մարդ ենք, չենք կարող։

Քրիստոս անցել էր մարդկային կյանքով, աշխատել, հոգնել, սովածացել, քնել, արտասվել ու տխրել, ուրախացել ու հարսանիքների մասնակցել։ Բժշկել էր, կերակրել ու կենդանացրել, որ մարդիկ մոտիկից ճանաչեն Տիրոջը։ Քրիստոս Արարչի հետ հաղորդակցվելու ամենակարեւոր երկու միջոցներն էր տվել՝ աղոթքն ու Սուրբ Հաղորդությունը։ Ժողովրդին արդեն սովորեցրել էր աղոթել՝ տալով «Տերունական աղոթքը», իսկ աշակերտներին Ավագ հինգշաբթի հանձնարարեց մարդկանց Սուրբ Հաղորդություն բաշխել։

Այս ամենն ամփոփելով՝ նա բարձրացավ Ձիթենյաց լեռը, Գեթսեմանիի պարտեզում աղոթքի կանգնեց, ու կրկին փորձեց արթուն պահել աշակերտներին, բայց նրանք դեռ թույլ էին, զորացած չէին Սուրբ Հոգով։

«Եկան այն այգին, որ Գեթսեմանի էր կոչվում։ Հիսուսն աշակերտներին ասաց. «Նստե՛ք այստեղ, մինչև աղոթեմ»։ Եվ նա իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին։ Սկսեց տխրել ու տագնապել։  Այն ժամանակ նրանց ասաց. «Հոգիս մեռնելու աստիճան տրտմած է. մնացե՛ք այստեղ և արթո՛ւն կացեք»։ Ապա փոքր-ինչ առաջ գնալով՝ երեսնիվայր գետնին ընկավ և աղոթում էր, որ եթե հնարավոր է, այդ ժամն իրենից հեռանա։  Ասում էր. «Աբբա՛, Հա՛յր, քեզ համար ամեն ինչ հնարավոր է. այս բաժակը հեռացրո՛ւ ինձնից, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու ես կամենում»։ Ապա Հիսուսը եկավ ու նրանց քնած գտավ։ Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, ննջո՞ւմ ես, չկարողացա՞ր մեկ ժամ արթուն մնալ։ Արթո՛ւն կացեք և աղոթե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։ Նորից գնաց, աղոթք արեց և նույն խոսքերն ասաց։ Կրկին վերադարձավ և նրանց քնի մեջ գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին, և չէին իմանում, թե ի՛նչ պատասխան տան նրան։ Երրորդ անգամ եկավ և նրանց ասաց. «Այսուհետև քնե՛ք և հանգստացե՛ք, քանի որ վախճանը հասել է։ Եկավ ժամը, և ահա Մարդու Որդին մատնվում է մեղավորների ձեռքը։  Օ՛ն, վե՛ր կացեք գնանք, որովհետև ահա մոտեցավ նա, ով ինձ մատնելու է»։ Մարկոս 14։ 32-42

Հետաքրքիր է, որ Քրիստոս աշակերտներին հանձնարարեց արթուն մնալ ու աղոթել, իսկ նրանք տկար էին, բայց երբ հասավ պահը, ուղարկեց քնելու եւ հանգստանալու, քանի որ վախճանն արդեն հասել էր․ Հուդան համբույրով սպառազինված եկել էր Տիրոջը մատնելու, եկել էր 30 արծաթի դիմաց իր սեւ գործն անելու։  

Անասելի տրտմած Քրիստոս՝ հանգիստ սպասեց, որ Իր աշակերտը սիրո նշանով դավաճանի իրեն։ Ինքը, որ Սերն է աստվածային, ընդունեց Հուդայի համբույրը, որով սկսվեց Տիրոջ անասելի չարչարանքների  ընթացքը՝ Ավագ ուրբաթը։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ