Սերժ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում այսօր փաստաթղթերի հետազոտման փուլն է
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը
Նախորդ դատական նիստերի ընթացքում Սերժ Սարգսյանի պաշտպանները դատավորին միջնորդել էին իրենց տրամադրել քրեական մայր գործի ամբողջական նյութերը: Պաշտպանները դատարանում հիշեցրին, որ մայր գործը, որից անջատվել էր Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքով գործը, հարուցվել էր 2019 թվականի ապրիլի 12-ին ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ Սևակ Քոչարյանի ցուցմունքների հիման վրա, ապա 6 ամիս նախաքննություն իրականացնելուց հետո հարուցվել էր ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական գործ, որով մեղադրանք էր առաջադրվել Սերժ Սարգսյանին, և նշեցին, որ իրենց տրամադրվել են միայն անջատված քրեական գործի վերաբերյալ նյութերը:
Դատարանը վճռեց հարցի լուծումը հետաձգել մինչև որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը:
«Այս փուլում դատարանը չի կարող դատողություններ անել, թե ներկա պահին նախաքննության փուլում գտնվող թիվ 581, թիվ 564-19 մայր գործը կարո՞ղ է արդյոք պարունակել սույն գործի մեղադրանքին առնչվող փաստաթղթեր կամ ապացույցներ: Հետևաբար՝ դատարանը եզրահանգել է, որ միջնորդության մեջ նշված փաստաթղթերը պահանջելու անհրաժեշտությունը դատարանը կարող է քննարկել սույն քրեական գործով ապացույցները հետազոտելուց և վկաներին հարցաքննելուց հետո»,- ասել էր դատավոր Վահե Միսակյանը:
Պաշտպանները դատարանին միջնորդել էին նաև վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրությունը երկրից չբացակայելու վերաբերյալ: Միջնորդությունը, սակայն, մերժվել էր:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որ նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակություն։
Այսօրվա դատական նիստին մասնակցում է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր պաշտպանական թիմի ներկայացուցիչների՝ Ամրամ Մակինյանի և Ռուբեն Հակոբյանի հետ միասին:
Նիստի սկզբում դատավոր Միսակյանը հայտնեց, որ գտնվում են փաստաթղթերի հետազոտման փուլում, և այսօրվա նիստը կսկսեն 3-րդ հատորի հետազոտությունից: Դատավորը կողմերին ծանոթացրեց բոլոր փաստաթղթերի բովանդակության հետ՝ ըստ էջերի հաջորդականության:
Իր խոսքում անդրադառնալով փաստաթղթերի որոշ մասի առկայությանը գործի նյութերում, Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն իր վրդովմունքն ու տարակուսանքը հայտնեց այն առնչությամբ, որ այս վարույթն օգտագործվել է 3 անձի բանկային տվյալների մասին տեղեկատվություն ստանալու համար:
Մասնավորապես, պաշտպանին անհասկանալի էր թվացել այն հանգամանքը, որ գործով քննիչը պահանջել էր իր պաշտպանյալի 6 տարվա բանկային գաղտնիքների մասին տեղեկատվություն:
Պաշտպանական կողմի խնդրանքով ընդմիջում հայտարարվեց: