23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին. Մալենան վերադարձել է հայրենիք

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում հաղթած Հայաստանի պատվիրակ Մալենան, որի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում, դեկտեմբերի 22-ին Հայաստանի պատվիրակության հետ ժամանել է հայրենիք:

Հաղթանակած երգչուհուն և մեր պատվիրակությանը «Զվարթնոց» օդանավակայանում «Քամի-քամի» երգի հնչյունների ներքո ծաղիկներով ու նվերներով դիմավորել են Մալենայի հարազատները, երկրպագուներն ու նրա հաղթանակը կիսել ցանկացող բազմաթիվ մարդիկ՝ վանկարկելով «Հայաստան-Հայաստան»:

Լրագրողների հետ զրույցում Մալենան խոստովանել է, որ առաջ նման մեծ բեմում ելույթ չի ունեցել, ուստի սկզբում լարվել է, սակայն փորձերի ընթացքում հուզմունքն անցել է, իսկ համերգի օրը ելույթից մեծ բավականություն է ստացել: «Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին, իմ հայերին. ես ձեզ շատ-շատ սիրում եմ»,-շեշտել է 14-ամյա Մալենան:

Երգչուհին շատ է ցանկանում մեծ արտիստ դառնալ, բարձր պահել Հայաստանի անունն ամեն երկրում և ճանաչված լինել:

Խոսելով մրցույթում հաղթանակից հետո Ադրբեջանը ներկայացնող երգչուհու հետ ողջագուրվելու մասին՝ Մալենան պատմել է, որ մինչ այդ պահը չի խոսել, չի առնչվել նրա հետ, սակայն Հայաստանի հաղթանակից հետո նա է մոտեցել Մալենային, գրկել ու շնորհավորել: Մալենան ոչ մի թշնամանք չի տածում Ադրբեջանի պատվիրակի հանդեպ, որովհետև վերջինս իր պես աղջիկ է:

Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն էլ հիշեցրել է, որ «Մանկական Եվրատեսիլ»-ը Հայաստանում հյուրընկալվել է մոտ տասը տարի առաջ: «Մինչ Մալենայի ելույթը տարբեր երկրների պատվիրակություններ մեզ էին մոտենում, ասում, որ վստահ են՝ մենք ենք հաղթելու, անհամբեր սպասում են, թե երբ են վերադառնալու Հայաստան, քանի որ հիշում են հայերի հյուրընկալությունը: Ինչպես հայտնի է, Հանրային հեռուստաընկերությունն ու Եվրոպական հեռարձակողների միությունը պաշտոնապես հաստատել են, որ 2022-ին մրցույթն անցկացվելու է Հայաստանում: Ինքնաթիռում արդեն սկսել ենք աշխատանքներն ու մտածում էինք, թե ինչպես է անցկացվելու շոուն: Սա ահռելի աշխատանք է: Հույս ունենք, որ ավելի շատ երկրներ կմասնակցեն «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին»,-ընդգծել է Ծերունյանը:

Նրա խոսքով՝ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում հաղթանակը շատ խորհրդանշական էր. կարևոր էր, որ Հայաստանը հենց Ֆրանսիայում անցկացվող մրցույթում հաղթեց, ինչը ևս հուզմունքի մեծ առիթ է բոլորի համար: «Կարծում եմ, որ սա հաղթանակների սկիզբ է, և մենք այսպես նոր ճանապարհ ենք սկսում: Հետևելով, տեսնելով, թե ինչպես են Հայաստանում բոլորը սրտատրոփ դիտում մրցույթն ու հուզվում, ոգևորվում ենք: Ասես մեր կողքին նստած էին: Սա բոլորիս հաղթանակն է»,-նշել է Ծերունյանն ու հավելել, որ շատ կուզեն՝ մի օր Մալենան Հայաստանը ներկայացնի մեծերի Եվրատեսիլում:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ