Թող սառեցնեն գյուղացու վարկերը /վիդեո/
՛՛Կենտրոնական բանկը կուրծք ծեծելով խոստումներ է տալիս՝ տատանումներ չեն լինի կամ մեղմ կլինեն և 10-ը օրվա մեջ 25 տոկոս տատանում է տալիս: Ո՞վ է սրա պատասխանը տալու: Դիմացը գարնանացան ունենք: Այն գումարները, որ գյուղացին կոպեկ-կոպեկ հավաքել էր` հույսով, որ ցանքատարածքները կավելացնենք ի՞նչ են լինելու՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ”Ագրարագյուղացիական միավորման” նախագահ Հրաչ Բերբերյանը:
Բերբերյանը մեղադրում է գլխավոր դրամատանը` պնդելով` ”աքիլլեսյան գարշապարը” հենց այստեղ պետք է փնտրել.
՛՛Թող գյուղացու վարկերը սառեցնեն, քանի որ գյուղացին շատ վատ վիճակում է: Թող դիմեն ԱԺ ու հանձնաժողովների միջոցով ուսումնասիրություններ անեն ու կտեսնեն, թե այս վիճակը ոնց է ազդում գյուղացիների վրա՛՛:
Բերբերյանը տեղեկացրեց, որ բազմաթիվ գյուղացիներ մեկ միլիոն դրամ վարկ են վերցրել պետությունից և ”այդ վարկը պետք է փակեին այս դեկտեմբերին”, որպեսզի նոր վարկ վերցնեին .
՛՛Հիմա այդ մարդուն չի բավարարում մեկ միլիոնը: Անհրաժեշտ է 1 միլիոն 250 հազար դրամ՝ կոպիտ ասած: Սա արդեն մեկ տոկոս ավելի է՛՛,-ասաց Բերբերյանը` հավելելով` խնդիրը քննարկվել է նաև գյուղատնտեսության նախարարի հետ: Նախարարը նույնպես տեղյակ է, որ գյուղերից բազմաթիվ դժգոհություններ կան:
՛՛Հարկավոր է պարզել ո՞վ է Հայաստանից դուրս հանում արտարժույթը՛՛:
Մանրամասները՝ տեսանյութում: