Փաշինյանի հրաժարականին հասնելուց հետո հարկավոր է ձևավորել համազգային համերաշխության ճգնաժամային կառավարություն․ «5165 շարժում»
Ժողովուրդն այսօր քիչ է դուրս գալիս հրապարակ, որովհետև շարժվում է պայքարի դուրս եկած ուժերին սիրելու կամ չսիրելու տրամաբանությամբ, այնինչ պայքարը հայրենիքի մասնատումը կանխելուն է ուղղված, այսօր հրավիրված ասուլիսում ասաց «5165 շարժման» ղեկավար Կարին Տոնոյանը։
Նա նաև իրենց շարժման պայքարի տրամաբանությունը ներկայացրեց․ «Մենք դուրս ենք գալիս պայքարի՝ հանուն Հայաստանի, մենք որևէ անձի համար, անգամ մեր քաղաքական ուժի համար դուրս չենք գալիս պայքարի»։
Փաշինյանի հրաժարականին հասնելուց հետո, Կարին Տոնոյանի խոսքով, պետք է ստեղծել համազգային համերաշխության կառավարություն։
«Կարծում եմ՝ բոլորն են հասկանում, որ ոչ մի ուժ միայնակ չի կարող գալ, որովհետև ժողովրդի մի մասը մի ուժին է դեմ, մի մասը՝ մյուս ուժին․ կառավարությունը պետք է լինի համազգային համերաշխության ճգնաժամային կառավարություն», – ասաց Տոնոյանը։
Շարժման հիմնադիր անդամ Մենուա Սողոմոնյանն էլ հավելեց, որ ընդունելի կլինի ցանկացած քաղաքական գործիչ, որը կիսում է իրենց բարձրաձայնած մտահոգությունները։
«Ցանկացած անհատ, ցանկացած քաղաքական գործիչ, լինի ՔՊԿ անդամ, թե «Հայաստան» դաշինքի անդամ, ցանկացած քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը համաձայն է, որ Արցախի հարցում Հայաստանի Հանրապետությունը լվանում է իր ձեռքերը, այսինքն, Արցախի հիմնախնդրի հարցում դադարում է իրավատեր լինելուց, հրաժարվում է Արցախից՝ սահմանազատում ու սահմանագծում իրականացնելով այս ձևաչափով, ով կցանկանա կանխել այդ զարգացումները, մեզ համար ընդունելի է», – ասաց նա։
Սողոմոնյանի խոսքով՝ հետագայում ձևավորվելիք կառավարության ղեկավարի հավանական թեկնածուի անուն հնչեցնելն այսօր նշանակում է հասարակության մի որոշակի զանգվածի քո դեմ տրամադրել, ուստի իրենց խնդիրն է մարզերում հանդիպումների ժամանակ հասարակությանը բացատրել, որ Հայաստանի և Արցախի գխին կախված վտանգն «ավելի էական է, քան այն, թե նախկին գործիչները ինչ սխալներ են թույլ տվել իրենց գործունեության ընթացքում»։