26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Որոշակի իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան, որպեսզի պատկան մարմինները պատկերացում կազմեն, թե ինչ պայմաններում են մեր հայրենակիցները հայտնվել այդ կարգավիճակում». Էդուարդ Աղաջանյանը՝ հայ գերիների մասին

Արդյո՞ք հնարավոր է տարածքների, անկլավների  փոխանակում, այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հնչեցրած հարցին ՔՊ-ական պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց.

«Հարցի պատասխանը ստանալու համար մենք պետք է անցնենք դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի միջով: Ենթադրում եմ, որ կպատկերացնենք, թե ինչ ծավալի մասին է խոսքը»:

Ըստ իշխանական պատգամավորի՝ շատ հարցեր կհստակեցվեն, երբ ստեղծվի համապատասխան հանձնաժողովը, այդ թվում՝ նաև, թե ինչ գործիքներով է կատարվելու երկարատև աշխատանքը.

«Այս պահի դրությամբ ես պատկերացում չունեմ, թե այդ գործընթացների ընթացքում որ քարտեզներն են օգտագործվելու, ինչ տրամաբանություն է գործելու: Կարծում եմ՝ այս պահին այդ հարցին անդրադառնալը դեռ վաղ է»,- շեշտեց Էդուարդ Աղաջանյանը:

Նա անդրադարձավ նաև իր այն հայտարարությանը, որ նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 15 զոհ, նշելով, որ երբ այդ թիվը հայտարարել է, հատուկ մի քանի անգամ նշել է, որ այդ պահին չճշտված տվյալների համաձայն՝ կա 15 զոհ:

Հարց հնչեց նաև գերեվարված հայ զինվորների ճակատագրի մասին, պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ այսուհետև, ամեն ինչ  անելու է, որպեսզի գերեվարված անձինք վերադառնան հայրենիք:

«Միաժամանակ պետք է գիտակցենք, որ սա իրավական պետություն է, և որոշակի իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան հարկ եղած ժամանակ, որպեսզի հանրությունը, պետությունը, պատկան մարմինները պատկերացում կազմեն, թե ինչ պայմաններում և ինչ գործընթացների արդյունքում են մեր հայրենակիցները հայտնվել այդ կարգավիճակում: Սա ոչ միայն Հայաստանին բնորոշ գործընթաց է, սա ընդամենը իրավական պետության տրամաբանությունից է բխում: Այս մասին առաջին անգամ հետպատերազմյան ժամանակահատվածում խոսեց վարչապետը, և համապատասխան կոնկրետ լրատվամիջոցներ այն օգտագործեցին կամ ձևախեղեցին՝ ըստ  իրենց ճաշակի ու պատկերացումների: Սա իրավական հարց է և պետք է լուծվի իրավական ընթացակարգերով»,- շեշտեց Էդուարդ Աղաջանյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Սյունիքում գերեվարված հայ զինվորներին, ասել էր. «Գերիների մասով՝ ես կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննենք, որովհետև կներեք, ՀՀ ԶՈւ ծառայություն անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ, և պետք է հստակ բոլոր դեպքերով… և գուցե թե մենք այստեղ ընդհանրապես սխալ ենք վարվել, նաև՝ էմոցիոնալ ֆոնի վրա:

Պետք է քննվի՝ ի՞նչ է նշանակում՝ գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում: Զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն: Եվ յուրաքանչյուր դեպքում պետք է քննենք, այդ դեպքի հե՞տ գործ ունենք, թե՞ դեպքի հետ գործ չունենք: Օրինակ՝ ակնհայտ է և ձևակերպված է, որ եթե մարդը վիրավոր և անգիտակից վիճակում գերեվարվում է, նրան ոչ մի պրետենզիա չի կարող լինել, բայց ընդհանուր առմամբ, պետք է ձեզ կոչ անեմ, խնդրեմ, որ այդ կարգի լուրեր տարածելուց առաջ մտածենք: Այստեղ իշխանության-ընդդիմության հարց չէ, ի՞նչ է նշանակում՝ հրաման է եղել չկրակելու, այդպիսի բան չի կարող լինել, որովհետև նախ չկրակելու հրաման տվողը գործում է պետական դավաճանություն՝ ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու գործում»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ