Եթե չկարողանանք ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, Հայաստանը ստիպված է լինելու դիմելու միջազգային այլ գործընկերներին. ԱԽ քարտուղար
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Առաջին ալիքի» եթերում հայտարարեց, թե եթե չկարողանան ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը ստիպված է լինելու այլ կառուցակարգերի դիմել, այսինքն՝ դիմելու միջազգային այլ գործընկերների, որպեսզի ստեղծված ճգնաժամը լուծվի։
«Մենք առաջնային ենք համարում այս պահին պայմանագրային պարտավորություններով օժտված այն մեխանիզմները, որոնք հնարավոր է գործարկել և ստեղծված ճգնաժամը լուծել, առաջնային գործարկել դրանք», – ասաց Արմեն Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարը նշեց նաև, որ Երևանը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող 1997-ի պայմանգրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։
«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունն օգնություն կտրամադրի, և մենք հնարավորություն կունենանք Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու», – ասաց ԱԽ քարտուղարը: