Հենց սկսեք օսմաներեն կարդալ, կպարզվի, որ ձեր իմացած թուրքական երաժշտության մեծերը հայեր են. թուրք վերլուծաբան
Թուրքիայի կառավարության որոշմամբ` արաբերեն գրով օսմաներենը պետք է, որպես պարտադիր ուսուցման առարկա, այսուհետև դասավանդվի հանրակրթական դպրոցներում, գրում է Ermenihaber.am-ը: Կրթության նախարարությունն այդ որոշումը հիմնավորել է այն պատճառաբանությամբ, որ թուրքերը չեն կարողանում կարդալ իրենց ապուպապերի գերեզմանաքարերը: Մինչդեռ փորձագիտական շրջանակներում կարծում են, որ այդ քայլը երկիրն իսլամացման տանելու Էրդողանի որդեգրած քաղաքականության պարզ շարունակությունն է:
Թեմային անդրադարձած թուրքական «Բուգյուն» թերթի սյունակագիր Այքութ Ըշըքլարն ուշադրություն է հրավիրում օսմաներենի պարտադիր ուսուցման հետևանքների վրա:
«Երբ պապերիդ շիրմաքարը կարդաս ու դառը ճշմարտություններ իմանաս, վատ չզգաս» վերտառությամբ հոդվածում Ըշըքլարը նշում է, որ կարծեք թե երկրում չկար ոչ մի հասարակական կամ տնտեսական խնդիր, ու մեջտեղ է եկել օսմաներենի դասավանդման հարցը: Թուրքիայում ծավալվող շուրջ մեկշաբաթյա ակտիվ քննարկումները հոդվածի հեղինակին հիշեցնում են ոչ թե գիտական առողջ բանավեճեր, այլ բակային կռիվների մակարդակի վեճեր:
«Օսմաներենը եղել է երեք մայրցամաքների վրա իշխանություն հաստատած կայսրության պաշտոնական լեզու: Հիմա Օսմանյան կայսրության տարածքներում իրենց լեզվով խոսող և ազգայանակություն դավանող տասնյակ պետություններ կան»,- նկատել է տալիս Ըշըքլարը: Ապա հավելում, որ արաբական այբուբենի և օսմաներենի պարտադիր ուսուցումը կնշանակի վառարաններում այրել ներկայիս հարյուր հազարավոր գրքերը, քանի որ օսմաներենի հայտնությամբ հօդս կցնդնեն մինչև օրս անգիր արված ու կարծրացած շատ տեղեկություններ իրենց անցյալի մասին:
«Իսկ դուք չե՞ք նեղվի, եթե իմանաք, որ դասագրքերով և հանրագիտարաններով մեզ մատուցված մի շարք թեմաներ մտածված սուտ են եղել: Օրինակ` չե՞ք շշմի, որ հանկարծ պարզեք, որ մեր պատմության մեջ մի շատ ականավոր ճարտարապետ հայ է եղել: Ասենք իմանաք, որ այդ ճարտարապետը միշտ մասնակցել է օսմանցի սուլթանների արշավանքներին, կամուրջներ է կառուցել բանակի համար, եղել է մի հերոս ու հայրենասեր մարդ: Եթե սկսենք օսմաներեն սովորել, մեր անգիր արած շատ ճշմարտություններ ի չիք են դառնալու: Խոսում եք պալատական երաժշտության մասին: Թուրքական երաժշտության արժեքավոր գործերի ստեղծողներին հենց ճանաչեք չզարմանաք, եթե պազրվի, որ այդ ժամանակ թուրքերն ընդամենը կենտրոնական Անատոլիայում զուռնա դհոլ էին փչում և հորոն (շուրջպար) պարում: Հենց սկսեք օսմաներեն գրքեր կարդալ, ձեր իմացած թուրքական երաժշտության ամենամեծ երգահանները կտեսնեք, որ հայեր, հույներ, ասորիներ կամ պարսիկներ են դուրս գալու»,- զգուշացնում է թուրք հոդվածագիրը:
Նա նաև նշում է, որ նույն բանը տեղի է ունենալու թուրքական խոհանոցի ազգային համարվող ուտեստների հարցում. հանկարծ կպարզվի որ դրանք վերցված են հայկական խոհանոցից են կամ ազգային այլ փոքրամասնությունների խոհանոցից:
Ըշըքլարը, ամփոփելով օսմաներենի ներմուծման հետ կապված շշմեցնող բացահայտումների մասին իր կանխատեսումները, գրում է. «Ով ասում է, թե ուզում է կարդալ իր պապու գերեզմանաքարի վրայի գրությունը, պետք է ամեն ինչի պատրաստ լինի: Կարող է շատ մեծ անակնկալների հանդիպենք»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն աշխարհիկ պետության կարգեր հիմնելիս 1923 թվականին գործածությունից հանեց արաբերեն գիրը և ամրագրեց լատինատառ այբուբենը:
Ermenihaber.am