Աղոթենք ամենքի համար
Հաճախ մարդիկ չեն գիտակցում, թե ինչքան վատ արարք են գործում, երբ ատում են միմյանց կամ չարախոսում մեկը մյուսի հանդեպ: Երբ որևէ մեկի հասցեին հնչում է մի ցանկացած վիրավորանք, մարդիկ հարմար են գտնում դրան մեկ այլ վիրավորանքով պատասխանել: Երբ մեկին ատում են, նա հարմար է գտնում ատել՝ ի պատասխան: Իսկ երբ չարախոսում են, ի պատասխան չարախոսել:
Թվում է, թե դա մարդկային է, հենց այդպես էլ նրանք համարում են իրենց արարքը: Ատելը, այո՛, մեղք է նրանց համար, սակայն քայլեր չեն ձեռնարկում չատելու համար:
Ի՞նչ է ասում Սուրբ Գիրքը ատելության և սիրո մասին:
«Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք նրանց համար» (Մատթեոս 5:44): Հենց այս է պատգամը, որ հնչում է Տիրոջից:
Երբ Քրիստոս ասում է, որ պետք է սիրել, մենք այդ պատգամը հաճախ հասկանում ենք որպես պարզ մի երևույթ, սակայն իրականում, եթե մի փոքր ավելի խորը մտածենք, կտեսնենք, որ սիրելն ամենաբարդն է՝ ատելությանն ի պատասխան:
Այս պարագայում ատելությունը, ինչպես ասում են, հնարավոր է, մարդկային է, սակայն չարին բարությամբ պատասխանելն էլ աստվածային է: Եվ մենք, բնականաբար, որպես իրական քրիստոնյաներ ու Քրիստոսի հետևորդներ, ձգտում ենք նմանվել ու մոտենալ մեր Տիրոջը: Ուստի՝ պիտի փորձենք սիրել՝ անկախ մեր հանդեպ այլոց վերաբերմունքին:
«Սիրեցե՛ք ձեր թշնամիներին»,- պարզ հնչող այս պատգամը կատարելը գուցե ամենաբարդն է համատարած ատելության պարագայում: Այն պահանջում է մեծ ուժ՝ կամքի ուժ: Սակայն քրիստոնեությունը ուժեղների համար է: Եվ միայն մեր հոգին զորացնելով՝ կարող ենք սիրել, և միայն սիրով է, որ կարող ենք մոտենալ Աստծուն:
Սովորաբար աղոթում ենք մեր սիրելիների համար: Այսօրվանից աղոթենք ամենքի համար: