Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել․ Գոռ Աբրահամյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 10-ին բավարարել է քննիչի միջնորդությունը և կալանավորելու որոշում է կայացրել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերաբերյալ: Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Աբրահամյանը նշեց, որ այս պահին հայտնի չէ, թե որտեղ է Մինասյանը, նա հետախուզման մեջ է։
Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մ.Մինասյանը հանդիսանալով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, հաշվետու ժամանակահատվածում, այն է 2017-2018թթ. ընթացքում, միլիոնավոր դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, այսինքն ապօրինի հարստացել է:
Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: