«ԱԳ նախարարը գրեթե բաց տեքստով ասում է, որ կգերադասեր, որ արցախյան հարցով Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի փոխարեն այլեւս զբաղվեր Թուրքիա՞ն». Արմեն Աշոտյան
«Պատերազմը ցույց տվեց, որ այն նաեւ համանախագահների գործունեության ձախողումն էր, որովհետեւ համանախագահները կոչված են բարենպաստ մթնոլորտ ձեւավորելու՝ նաեւ հարցի ռազմական լուծումը բացառելու համար։ Սեպտեմբերի 27-ն ապացուցեց, որ նրանք ձախողվել են իրենց մանդատի ուղղությամբ»,- օրերս խորհրդարանում նման հայտարարությամբ էր հանդես եկել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը` հավելելով, որ այսօր կան որոշակի «տեխնիկական խնդիրներ» եւ, չակերտներ չբացելով՝ նա միաժամանակ ասել էր, որ ՀՀ-ն, բնականաբար, շահագրգռված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո բանակցությունները սկսելու հարցում, «բայց մեզ պետք է ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կարձանագրի ներկայիս իրավիճակը, այլ կղեկավարի գործընթացը»: Հայաստանի ԱԳ նախարարի այս հայտարարությունը ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը համարում է ոչ միայն պատերազմը հասունացնելու, այլ այն այսպիսի խորությամբ եւ դաժանությամբ հայերի «գլխին բերելու» սեփական մեղքերը սրբագրելու փորձ, միաժամանակ, հայկական գործող կառավարության կողմից արցախյան հարցի կարգավորման գործընթացում Թուրքիային «դե ֆակտոյից», «դե յուրե» հարթություն տեղափոխելու ակնարկ, ինչն ամբողջությամբ տեղավորվում է իշխանության կողմից հնչած վերջին հայտարարությունների մեջ: Խոսքը Նիկոլ Փաշինյանի եւ ԱԽՔ նախագահ Արմեն Գրիգորյանի հայտարարությունների`Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հայտարարությունների մասին է: «Այն մարդուց, ով համաձայնել է ազգային դավադիր կապիտուլյացիայից հետո ԱԳ նախարար աշխատել Նիկոլի մոտ, այլ բան սպասել հնարավոր չէր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը` հավելելով, որ մասնագիտական առումով՝ Մինսկի խմբի համանախագահներին քննադատելու տեղ միշտ եղել է, կա եւ կլինի, սակայն նա սրտի կսկիծով փաստում է, որ Մինսկի խմբի համանախագահությունը պատերազմի հասունացման մեջ, ի տարբերություն Հայաստանի դեռեւս գործող ղեկավարության՝ որեւէ լումա չունի. «2,5 տարի`մինչեւ պատերազմը, բանակցային գործընթացը միտումնավոր ձախողած, փակուղի մտցրած, սեփական կետից բանակցություններն իբր սկսած, իսկ իրականում ակնհայտ թուրք-ադրբեջանական քաղաքական օրակարգը սպասարկող Նիկոլ Փաշինյանի դեպքում, Մինսկի խմբի համանախագահներից, 2018-20 թվականներին որեւէ այլ ակնկալիք լինել չէր կարող: Մինսկի խմբի համանախագահների`պատերազմի ժամանակ գործունեության գրեթե բացակայության մեղավորը բացառապես Նիկոլն է, որի բանակցային դեստրուկտիվ դերի մասին ակնարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` ինչպես համատեղ հայտարարություններով` մինչեւ պատերազմի մեկնարկը, այնպես էլ պատերազմից հետո`բազմաթիվ հայտարարությունների եւ փաստերի միջոցով: Հայաստանի դավաճան իշխանությունները, այդ թվում նաեւ ԱԳ նախարար աշխատող մարդը, շարունակելու են մեղավորներ փնտրել ամեն տեղ`բացի իրենցից: Բայց այս թեզը որեւէ արդարացման, հիմնավորման, միաժամանակ նաեւ քննադատության չի դիմանում, որովհետեւ շատ հեշտ ապացուցելի է ճիշտ հակառակը. ՀՀ գործող ղեկավարությունը բանակցային գործընթացը միտումնավոր ձախողելով հասցրեց այն հանգրվանին, որ Հայաստանը մնաց Ադրբեջանի դեմ մեն-մենակ, իսկ Մինսկի խմբի համանախագահներն այլեւս, ըստ ամենայնի, հոգնած լինելով Նիկոլ Փաշինյանից, գերադասեցին լուռ հետեւել այս պատերազմին»:
ԱԳ նախարարի ասածում Արմեն Աշոտյանը երկրորդ`ավելի վտանգավոր շարունակություն է տեսնում. «Իսկ եթե ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների մանդատը ձախողված է, ապա արցախյան հակամարտության կարգավորման ո՞ր հարթակն է գերադասելի դառնում Հայաստանի գործող թրքաբարո, թրքահպատակ կառավարության համար: Եթե հարցի կարգավորման «դե-յուրե» ձեւաչափը համարում են սպառված, ապա ի՞նչ՝ համաձայն են փաստացի գոյություն ունեցող Մոսկվա-Անկարա ձեւաչափի՞ն: Իրենք կարծում են, որ այդ ձեւաչափով հայկական շահերն ավելի պաշտպանվա՞ծ են»: Արմեն Աշոտյանը չի կարծում, որ ԱԳ նախարարի` ԵԱՀԿ Մինսկի խմբին ուղղված այդ քննադատությունը ժեստ է Մոսկվայի հանդեպ, քանի որ Մոսկվայի տեսակետը, այդ թվում իբրեւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրի, արցախյան հարցի կարգավորման եւ պատերազմի նկատմամբ, այդ թվում նաեւ ՌԴ ղեկավարի շուրթերից քանիցս է հնչել ու այդ տեսակետը պրոփաշինյանական չէ: «Այսինքն, ի՞նչ. ԱԳ նախարարը, գրեթե բաց տեքստով ասում է, որ կգերադասեր, որ արցախյան հարցով Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի փոխարեն այլեւս զբաղվեր Թուրքիա՞ն: Այլեւս չեմ զարմանում` հաշի առնոլով, որ դա ամբողջությամբ տեղավորվում է այն պետական մակարդակով իրականացվող քաղաքականության մեջ, որի ականատեսը մենք լինում ենք`թե դավաճան Նիկոլի, թե ԱԽՔ-ի, թե իրենց «ցելոֆանի տոպրակ» որոշ պատգամավորների հայտարարություններից»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
aravot.am