Թորոսյա՛ն, շնորհավորում եմ, քո աշակերտը քեզ գերազանցեց․ Էդուարդ Հովհաննիսյան
Բժիշկ, համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
««Վատն է այն աշակերտը, որը չի գերազանցում իր ուսուցչին»
Ինչպես տեսանք, իր պաշտոնավարումը սուտ խոսալով սկսած առողջապահության նոր նախարար Ա․Ավանեսյանը չի պատրաստվում դրանով սահմանափակվել և ակտիվ զարգացնում է Ա․Թորոսյանի սուտ խոսալու և, կներեք ժարգոնիզմի համար, «բլթցնելու» ավանդույթը (այլ բառ այդ երևույթը նկարագրելու համար չունեմ)։
Նոր տարուց առաջ Ա․Թորոսյանը, կատարելով «խորը» վերլուծություն և կարծելով, որ մարդիկ հյուր գնալով արագ-արագ իրար կվարակեն, «բլթցրեց» և կանխատեսեց հունվարի երկրորդ կեսին «երրորդ ալիքը»։ Բայց համաճարակը զարգանում է սեփական կանոններով, որոնց մասին Թորոսյանը մոռացել էր հարցնել մասնագետներին, և հունվարն անցավ հանգիստ։
Հիմա, այն «բլթոցը» մեղմելու համար «բլթցրեց» արդեն Ավանեսյանը, ասելով, որ հունվարին «երրորդ ալիքը» չեղավ՝ որովհետև նոյեմբեր-դեկտեմբերին ժողովուրդը «ունեցավ շատ լավ հանրային վարքագիծ, երբ համատարած մեծամասնությունը դիմակ էր կրում» և, հատկապես նոր տարվա գնումներ կատարելիս, «շատ ավելի խիստ կերպով հետևում էին կանոնները և դիմակները կրում էին»։
Տիկի՛ն, դուք ո՞ր երկրում եք ապրում, դուք ուզում եք ասել, որ պատերազմից հետո իր ամեն ինչը կորցրած, սարսափելի շոկի մեջ գտնվող ժողովուրդը ինչ-որ կանոննե՞ր էր պահում։
Դուք տանից դուրս եկել ե՞ք, ամբողջ երկիրը այդ օրերին հոգեհանգիստների և թաղումների մեջ էր։
Ի՞նչ զգոնության և կանոնների մասին է խոսքը։ Համաճարակը զարգանում է սեփական կանոններով, որոնց մասին դուք տեղյակ չե՛ք։
Լրագրողը հարցնում է՝ «բնական շեմի հաշվարկ ունե՞նք, բնական իմունիտետով Հայաստանը ի՞նչ երկիր է», և ներկայացնում է սեփական դիտարկումը, որ իր շրջապատի մարդկանցից 50%-ից ավելն արդեն իսկ վարակվել են, և դա կարելի՞ է արդյոք ընթանրացնել ամբողջ բնակչության համար:
Եվ դրան ի պատասխան հնչում է հերթական «բլթը», որ այդպես չի կարելի ընթանրացնել, և «գիտական որոշակի աշխատանք պետք է իրականացվի, որ նման եզրահանգումների գանք»։
Բա էս մի տարի ինչո՞վ էիք զբաղված, ա՛յ ձեր ցավը տանեմ, բա դուք ինչի՞ համար եք այդ աթոռին նստած, բա մեռան մասնագետները այդ հետազոտությունների, «գիտական որոշակի աշխատանքների» անհրաժեշտության մասին խոսելով․․․
Երկու օրվա մեջ երկու հարցազրույցներում այնքան սուտ և «բլթոց» եղավ, որ բոլորը մեկնաբանելու համար նորմալ մարդու առողջությունը չի հերիքի։
Թորոսյա՛ն, շնորհավորում եմ, քո աշակերտը քեզ գերազանցեց»։