Խիստ վտանգավոր եմ համարում հանրության շրջանում ակտիվացած՝ հայաստանցիների Արցախում ծառայել-չծառայելու թեզը»
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հասկանում եմ այն ծնողներին, ում որդիները զորակոչվում են բանակ և ովքեր մեծ թվով հարցեր ունեն Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Սակայն խիստ վտանգավոր եմ համարում հանրության շրջանում ակտիվացած՝ հայաստանցիների Արցախում ծառայել-չծառայելու թեզը։
Ես հասկանում եմ, որ սա շատ դեպքերում խրախուսվում է իշխանության կողմից, որովետև նրանք Ադրբեջանի հետ այդ թեմայով քննարկումներ-պայմանավորվածություններ ունեն։
Բայց նաև հասկանում եմ, որ հանրության շրջանում խիստ մտահոգություններ է առաջացել հատկապես նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների խախտման և հայ զինծառայողների նոր գերեվարումներ հետ կապված հարցերը։
Մարդիկ իրենց մաշկի վրա զգում են պետության բացակայությունը, ինչը ցավոք մեծ թվով բացասական հետևանքներ է իր հետ բերում։
Արցախում մեր հայրենակիցներն են, մեր ընկերները, հայի տեսակը և նրանք մեր բոլորի սատարման կարիքն ունեն։
Արեք տարանջատենք վատ իշխանություն կամ դրա բացակայություն ձևակերպումները արցախցիների կողքին լինելու և հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով նրանց աջակցելու անհրաժեշտությունը։
Պաշտպանության նախարարը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պետք է մարդկանց հետ պարզ լեզվով խոսեն՝ որքան էլ որ դա նրանց համար այս փուլում դժվար լինի։ Ի վերջո, իրենք ևս պատասխանատու են ստեղծված իրավիճակի և դրա հնարավոր վտանգավոր զարգացումների համար։
Մարդիկ, ովքեր զինվոր են բանակ ճանապարհում պետք է հստակ հասկանան, թե ինչ խնդիրներ են լուծում իրենց տղաները և ինչպես է իր անելիքները տեսնում պետությունը։
Իսկ նրանց զորակոչելու և մեր հայրենիքի ամենատարբեր հատվածներ ծառայության մեկնելու խիստ անհրաժեշտությունը կա։
Վաղարշակ Հարությունյան, Օնիկ Գասպարյան օգտագործեք ցանկացած առիթ մարդկանց հետ խոսելու, նրանց մտահոգող հարցերի պատասխանը տալու, նրանք դրա կարիքն ունեն»։