28 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Մենք պետք է ազատվենք ղարաբաղցի տականքներից» արտահայտվողի սիրտը երբեք չի կարող ցավալ Արցախի համար ․ Դավիթ Սահակյանց

Այսօր յուրաքանչյուր հայի շուրթերից հնչում է մի հարց` ինչո՞ւ այսպիսի ավարտ ունեցավ պատերազմը, երբ ամենուր կոչեր էին հնչում` հաղթելու ենք: Այս հարցերի շուրջ Իրավունքը զրուցել է մուլտիպլիկատոր, «Ռոբերտ Սահակյանց» անիմացիոն ստուդիայի ղեկավար, ռեժիսոր, անիմատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցի հետ:

– Պարոն Սահակյանց, ինչպե՞ս եք վերաբերվում կապիտուլյացիայի համաձայնագրի ստորագրմանը եւ առհասարակ խաղաղարարներին ժամանակին չդիմելուն, որի պատճառով այսքան զոհեր եղան, եւ արդյունքում հանձնեցին Շուշին:

– Երկու տարի անընդմեջ խոսվել է այդ վտանգի մասին: Վտանգն ամեն դեպքում արհամարհվել է իշխանությունների կողմից: Եվ պատերազմի սկսվելու օրվանից էլ, ըստ վերջին տվյալների, ակնհայտ է դառնում, որ մենք ունեինք հնարավորություն շատ ավելի փոքր կորուստներով` թե՛ տարածքային եւ թե՛ ամենակարեւորը` մարդկային կորուստներով հասնել այն հանգուցալուծմանը, որը որ ակնկալվում էր հասարակության կողմից: Մեր իշխանությունների ապիկար քաղաքականության մոտեցումների պատճառով եղավ այն, ինչ եղավ: Եվ դա սարսափելի մի հարված էր ամբողջ հայությանը` Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի համար: Այն իրավիճակին, որ ազգովի ստորացված ենք զգում, դրա ուղիղ պատասխանատուն այսօրվա իշխանություններն են:

– Դավաճաններ փնտրելը պատերազմի ժամանակ ինչո՞վ էր պայմանավորոված:

– Իմ կարծիքով` դա միմիայն մի նպատակ ունի` իշխանությունը պահելու եւ ամեն կերպ պատասխանատվությունը գցելու ուրիշների վրա, փորձելով իրենց մաքրել այն խայտառակությունից, որը հենց իրենք անձամբ ստեղծեցին: Ես կարծում եմ, որ դրանում կա մի հատուկ ծրագիր եւ, ըստ երեւույթին, ժամանակ է պետք մեր իշխանություններին, որ իրականացնեն եւ մինչեւ վերջ հասցնեն այն բոլոր փաթեթները, որոնք որ տրված են եղել այլ երկրներից մեր իշխանության դիմաց: Մի խոսքով պլան է գծված, որը որ պետք է ի կատար ածվի:

– Մյուս երկրներում պատերազմ անցած գեներալներին խրախուսում են, պարգեւներ են տալիս, այս երկու տարում մեզ մոտ հակառակը տեղի ունեցավ:

– Կարծում եմ` դա նպատակաուղղված աշխատանք էր բոլոր այն մարդկանց դեմ, որոնք ժամանակին եղել են հաղթանակի կերտման ակունքներում: Նրանք քիչ թե շատ, բայց երեսուն տարվա մեջ կարողացան խաղաղություն ապահովել: Պետք էր այս պատերազմը այսօրվա իշխանություններին, որովհետեւ, կարծում եմ, որ տրված է եղել նպատակ, որ պատերազմը տեղի ունենա եւ տեղի ունենա հենց այսպիսի ավարտով, որ մենք այսօր տեսնում ենք:

ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏ Է, ՈՐ ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀԵԼ ԵՆ ՀՈՂԵՐԸ

– Քննադատում էին նախկին իշխանությանը` Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, բայց նրանց օրոք կապիտուլյացիայի ստորագրություն չեղավ, եւ երկրում ընդամենը չորս օր պատերազմ եղավ եւ կասեցվեց լավ դիվանագիտության շնորհիվ:

– Մենք կարող ենք մեղադրել նրանց տարբեր հարցերում: Եվ ես ինքս էլ ունեմ շատ պահանջ այն քաղաքականությանը, որը վարում էին նախկինները, որի պատճառով իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանի պես մի պերսոնաժ: Բայց կոնկրետ ինչը կապված է Արցախի եւ հայրենիք կորցնելուն, դա իսկապես պատմական փաստ է, որ նախկինները պահել են հողերը եւ ամեն ինչ արել են, որ խաղաղությունը մաքսիմալ ամրապնդվի, իսկ նոր իշխանությունները արեցին ամեն ինչ հակառակը:

ՇԱՏ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆՔ ՄԻՄԻԱՅՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

– Մեր բանակն այդպես էլ չխփեց նավթամուղին, այդ դեպքում իսկանդերն ինչի՞ համար էր:

– Այո, դա եւս շատ լուրջ հարց է, որովհետեւ իսկապես մենք պետք է մեզ հարց տանք, հասկանանք, թե ինո՞ւ չի եղել ուժգին հարված այն կուտակումներին, որոնք որ կային Շուշիի տակ: Հարցերը շատ են, բայց այդ հարցերի պատասխանը միմիայն այն ժամանակ կարող ենք ստանալ, երբ լինի իշխնափոխություն, եւ լինեն մարդիկ, որոնք այդ հարցերը կբարձրացնեն եւ պատասխան կպահանջեն ներկա  իշխանություններից:

ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ ՄՏԱԾՈՂԸ ՉԷՐ ԱՍԻ. «ՇՈՒՇԻՆ ԴԺԲԱԽՏ, ԴԺԳՈՒՅՆ ՔԱՂԱՔ ԷՐ»

– Արցախի համար պայքարողը մի՞թե կարող էր ասել. «Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր»:

– Արցախի եւ Շուշիի մասին մտածող մարդը նման արտահայտություն չէր կարող թույլ տալ իրեն, բայց ինձ համար, որպես վերաբերմունք առհասարակ Արցախին, կա արտահայտություն, որը ականջիս մեջ երկուսուկես տարի նստած է, որ պետք է ազատվենք ղարաբաղցի տականքներից: Այդ ձեւակերպում ունեցող մարդը եւ այդպիսի արտահայտություն անող մարդու սիրտը երբեք չի կարող ցավալ Արցախի համար: Եվ դա մեր հասարակության կողմից ամենամեծ բացթողումն էր, որ անտեսել են նման արտահայտությունները եւ թույլ են տվել այդ մարդուն գալ իշխանության եւ փաստացի արհամարհել Արցախը: Մենք հիշում ենք հոդվածները, որոնք որ գրվում էին, ձեւակերպումներն ենք լսել, որտեղ շատ անգամ Արցախի փոխարեն Ղարաբաղ բառն էր օգտագործվում: Կարծում եմ` ներկայիս իշխանությունները բացարձակ չեն եղել մտահոգված այդ հարցում եւ երկուսուկես տարի պոպուլիզմով, ամենի ինչով փորձել են ուղղակի ամեն ինչ անել, որ միայն իշխանությունը լինի երկարատեւ: Մինչեւ 2050 թվականի պլանների մասին խոսելիս չի նշվում Արցախի կարգավիճակը: Դրա համար համոզված եմ, որ կա մի ծրագիր, որը, ցավոք սրտի, այս էտապի վրա նրանց հաջողվել է իրականացնել: Մինչեւ վերջ պարտությունը չկրելու համար մենք պարտավոր ենք իշխանափոխություն անել:

ՊԱՅՔԱՐԸ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂԱՆԱ

– Ես չեմ հիշում մի դեպք, որ այդքան անիծեին մեր ղեկավարներից որեւէ մեկին, որ հիմա է անում ժողովուրդը: Ատելություն եղել է, բայց այդքան անեծք չի եղել: Այդքանից հետո միգուցե ճիշտ կլիներ հրաժարակա՞նը:

– Իհարկե, բայց ես համոզված եմ, որ կառչել է իր իշխանությունից, եւ այն մարդիկ, որոնք սատարում են նրան, նույնն են անում: Եվ եթե այդ անիծողներն այդքան շատ են, ինչո՞ւ հրապարակում չեն: Եվ ինձ համար զարմանալի է, որ նման կապիտուլյացիայից եւ նման արտահայությունից հետո մեր հասարակությունը ո՞նց է իրեն թույլ տալիս նորից կուլ տալ եւ համարել, որ դա նորմալ է: Ո՛չ, կարծում եմ պայքարը պետք է ավելի ուժեղանա, եւ հրապարակում գտնվող մարդկանց քանակը պետք է միմիայն ավելանա:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ