Կարծում եմ դավադիրը ստորագրել է Ալիեւի գրպանից դուրս եկած թուղթը. Մարգարիտ Եսայան
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարծում եմ դավադիրը ստորագրել է Ալիեւի գրպանից դուրս եկած թուղթը
1992-94 թ․թ․ արցախյան պատերազմից ի վեր, երբ կնքվեց եռակողմ հրադադարի պայմանագիր եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանձնառություն ստացավ կազմակերպել կողմերի միջեւ բանակցային գործընթացը։ Արցախյան կարգավորման հարցը տեղափոխվեց դիվանագիտական դաշտ։ Եղան հազարավոր քննարկումներ, հանդիպումներ նախագահների, արտգործնախարարների, դիվանագետների եւ այլոց։ Եղավ մադրիդյանը, եղավ Քի-Ուեսթը, Կազանը, եղավ Ժնեւը, Վիեննան, Սանկտ-Պետերբուրգը։ Եվ բոլոր այս հանդիպումներում, բոլոր, խոսքը գնում էր հիմնականի մասին՝ ուժի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունքի իրացում։
Հայկական կողմը շեշտը դնում էր ինքնորոշման իրավունքի իրացման, Արցախի կարգավիճակի հստակեցման եւ միջազգային ճանաչման, նաեւ՝ ուժի կիրառման բացառման վրա եւ արդարացիորեն նշում էր, որ սա տարածքային խնդիր չի քանի որ ազատ Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել, երբեք՝ Ադրբեջանի կազմի մեջ․․
Այսպես տարիներ անցան, Արցախը ծաղկեց, կառուցվեց, ենթակառուցվածքները հզորանում էին, արցախյան գյուղերն ու շեները, քաղաքները եւ մարդիկ օր-օրի սովորում էին ապրել խաղաղության մեջ, այո, հարաբերական խաղաղության, քանզի ադրբեջանական կողմը հարյուրավոր անգամներ խախտում էր հրադադարը, հարձակումներ էր գործում, եւ իվերջո, եղավ ապրիլյան քառօրյան։ Բոլոր տարիներին, մինչեւ 2018-ի մայիս, հայկական կողմը, հայ դիվանագիտությունը աշխատում էր կարեւոր մեսիջով՝ արցախյան հարցը չունի , չպետք է ունենա ռազմական լուծում, հարցը պետք է լուծվի բացառապես դիվանագիտական ճանապարհով, հարցը պետք է լուծվի բանակցությունների արդյունքում։ Բոլոր այդ տարիներին, հայկական կողմը ընկալվում էր որպես կառուցողական, ադեկվատ գործընկեր, իսկ Ադրբեջանը, ամեն անգամ իր հեղհեղուկ պահվածքով եւ ագրեսիվ դրսեւորումներով ապշեցնում էր նաեւ համանախագահներին։ Կան բազմաթիվ փաստեր։ Չթվարկեմ։ Բոլոր փաստաթղթերում, քննարկումներում ամենակարեւորն էր համարվում փոխզիջումային տարբերակը՝ Ադրբեջանը ճանաչում է Արցախի Հանրապետությունը, իսկ հայկական կողմը վերադարձնում է ազատագրված 5 շրջանները, պահպանելով Արցախի շուրջ անվտանգության գոտին։ Մնացած հարցերը պետք է լուծվեին հընթացս։ Խնդիրը գրեթե լուծվում էր 2011-ի կազանյան հանդիպմանը, ի դեպ, այդ հանդիպումը ես լուսաբանել եմ որպես լրագրող եւ հիշում եմ բոլորիս լարվածությունը եւ սպասումները։ Բայց, մեկ էլ Ալիեւը, ով կանխավ տվել էր համաձայնությունը արդեն գրեթե պատրաստ փաստաթղթի, հոպ, ներկայացնում է մի թղթի կտոր եւ ասում, թե բանակցությունները պետք է շարունակվեն այդ թղթի շուրջ։
2020-ի նոյեմբերի 10-ին կատարվեց ամենազազրելին, եւ ընտրվեց ամենահակահայ տարբերակը՝ մի գիշերվա մեջ ՀՀ այսօրվա վարչապետ կոչվածը ստորագրեց ամբողջությամբ ադրբեջանահաճո, թրքահաճո թուղթ։ Ես գրեթե վստահ եմ, որ դա նույն թուղթն էր, որը 2011-ին գրպանից հանել եւ համանախագահներին անակնկալ էր մատուցել Ալիեւը։
2018-ի իշխանազավթման հենց առաջին օրերից եմ կասկածներ հայտնել, ընդ-որում՝ հրապարակավ, որ այդ ամբողջ <թավիշը> անմիջական կապ ունի արցախյան հարցի հետ։ 2018-ին իշխանությունը զավթելուց անմիջապես հետո դավաճանի քայլերը բերում էին սրան՝ արցախյան պատերազմի հերոսների վարկաբեկման փորձեր, ապրիլյան պատերազմի հերոսի կեղծ պապի հրապարակ բերել, տուշոնկա-ֆեյք, Դուշանբեի կասկածելի վերելակային սիլիբիլի, Ալիեւին կիրթ ներկայացնելու հիմարություն, <ինչ պետք ա, էն էլ բանակցում ենք> ցինիզմ, հայ հասարակությանը խաղաղության պատրաստելու թատրոն, Մեհրիբանին Արցախ հրավիրելու եւ մուղամ լսելու ցինիզմ, <տղաները զոհվել են հանուն ոչինչի> անամոթություն․․․․Չշարունակեմ․․
Հիմա, ունենք այս խայտառակությունը, որը ամբողջությամբ հակասում է հարցի կարգավորման երեք հիմնարար դրույթներին, որի շուրջ բանակցվել է տարիներ շարունակ, որի շուրջ կար համաձայնություն եւ դա ամրագրված էր հելսինկյան փաստաթղթով։
Ահա, այն, ինչ կա այսօր․
1․Ստորագրվել է մի թուղթ, որի ոչ մի տողում Արցախի կարգավիճակի մասին անգամ ակնարկ չկա։
2․Ստորագրվել է մի թուղթ, որը հակասում է ուժի չկիրառման սկզբունքին,ստորագրվել է համայն հայությանը հոգեպես, իսկ արցախում եւ ՀՀ-ում՝ ֆիզիկապես գլխատելուց հետո, դաժան ուժի կիրառմամբ։
3․ Ստորագրվել է մի թուղթ, որում ստորադասվել է ոչ միայն Արցախի Հանրապետության այլեւ՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ ազատագրված/կուզեք՝ գրավված, օկուպացված/ տարածքների հետ մեր զինվորների արյամբ ներկված ժապավենով թուրքին է մատուցվել նաեւ ԼՂԻՄ-ի կեսը, նաեւ ՀՀ տարածքից մի մաս։
4․Ստորագրվել է մի թուղթ , որն ամբողջովին սպասարկում է թուրք-ադրբեջանական շահը, նրանում նշված ժամկետները, շտապողականությունը հենց սրա մասին է խոսում։
5․Ստորագրվել է մի թուղթ, որը բացարձակ հաշվի չի առել արցախցիների շահը, այսօր մարդիկ իրենց ամբողջ ունեցվածքը պարզապես ստիպված են թողնել թուրքին հանձնված իրենց հայրենիքում․․․
6․Ի վերջո, ստորագրվել է մի թուղթ, որում չկա ոչ մի տող հայկական պատմամշակութային հուշարձանների ճակատագրի մասին
7․Չմոռանանք, որ այդ անձը նման փաստաթուղթ ստորագրելու ոչ մի իրավունք եւ լիազորություն չուներ, ժողովուրդը նրան չէր տվել այդ լիազորությունը։
8 ․Թղթում խոսք չկա արցախցու անվտանգության մասին։
Եվ, եթե այս ամենից հետո ինչ-որ մեկը մտածում է, թե սրա հետ պարտավոր ենք համակերպվել, չարաչար սխալվում է․․
Համակերպվել, կնշանակի կորցնել նաեւ Հայաստանի Հանրապետությունը․․․․
Հ․Գ․Ի վերջո, այս թղթի ստորագրման մասին մամուլից են իմացել ոչ միայն ՀՀ նախագահը, այլեւ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու նախագահողները՝ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը; Վերջինիս գլուխը խառն է , նախագահական ընտրության աղմուկով, իսկ Ֆրանսիան միակն է, որ շարունակ ուզում դառնալ մասնակից եւ միակն է, որ խոսում է Արցախի կարգավիճակի կարեւորության մասին․․Մտածեք․․.»: