Հետաքրքիր է
”Ամեն մի աշուն բավական թեժ է, եթե հաշվի առնենք, որ քաղաքական սեզոնի սկիզբն է, սակայն թեժությունը այն պոտենցիալով պիտի պայմանավորված լինի, որ ունի այս կամ այն ուժը դաշտում”,-այսօր ”Հենարան” մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին ասաց քաղաքագետ Ալեքսանդեր Մարգարովը:
Ըստ նրա` ընդդիմադիրները փորձում են ներմուծել որոշակի ռեսուրսներ` աշունը թեժացնելու համար, միայն թե` որքանով դա կհաջողվի այդ ուժերին, փորձագետը վստահ չի. ”Այս գործընթացները, որպես միջնաժամկետ թիրախ, ունեն մոտեցող ընտրական ցիկլին”:
Henaran.am-ի հարցին, թե պատահականություն է արդյոք այն, որ եռյակի հանրահավաքը նշանակված է հոկտեմբերի 10, իսկ նույն օրը նախատեսվում է նաև ԵՏՄ-ին անդամակցության փաստաթղթի ստորագրումը, քաղաքագետը պատասխանեց.
‘’Այդ հարցի պատասխանն իմանալու համար պետք է նայել` երբ է նշանակվել ամեն մի միջոցառումը’’: Հիշեցնենք, Մինսկի հանդիպումն ավելի վաղ էր որոշված, քան եռյակի հանրահավաքի օրը:
Մեր մյուս հարցին, թե սպասել հոկտեմբերի 10-ի հանրահավաքից, Մարգարովը պատասխանեց, որ իշխանափոխության համար անհրաժեշտ են շատ ավելի լայն ռեսուրսներ, քան կան այս պահին:
‘’Հանրահավաքը քաղաքական մասնակցության ձևերից մեկն է, որ բնորոշ է կուսակցություններին: Ելնելով զուտ քանակական ցուցանիշներից` հնարավոր կլինի անել եզրակացություններ, որոնք կան հասարակություն-ընդդիմություն փոխհարաբերությունների մեջ, որ հետաքրրում է ոչ միայն իշխանություններին, այլև ընդդիմությանը: Հետաքրքիր է իմանալ` որն է լինելու իրենց մարդկային ներուժը, սովորականից մեծ մասնակցություն այս միջոցառմանը դժվար է ակնկալել ’’: