Ադրբեջանական կողմի յուրաքանչյուր սադրանք կստանա համարժեք պատասխան․ ՀՀ ԱԳՆ
«Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ եւ օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիան ուղեկցվում է ողջամտության սահմաններն անցնող ապատեղեկատվության եւ կեղծիքների արշավով:
Անկարող լինելով ռազմաճակատում հասնելու որեւէ հաջողության՝ ադրբեջանական կողմը մի կողմից խոսում է երեւակայական հաջողությունների մասին, իսկ մյուս կողմից կեղծ լուրեր տարածում առ այն, իբրեւ թե Հայաստանն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ հարվածներ է հասցնում:
Այս շարքից է նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի խորքում գտնվող բնակավայրերին հարված հասցնելու մասին վերջին ժամերին տարածված ապատեղեկատվությունը:
Ապատեղեկատվական արշավի նպատակն է կոծկել Ադրբեջանի կողմից պատերազմի առաջին իսկ օրերից Լեռնային Ղարաբաղի խոշոր բնակավայրերի զանգվածային հրետակոծումը, որի հետեւանքով միայն այսօր արձանագրվել են բազմաթիվ զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, եւ լուրջ վնաս է հասցվել քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքներին:
Նման ստահոդ լուրերի տարածմամբ Ադրբեջանը նաեւ հող է նախապատրաստում իր հանցավոր քաղաքականության շարունակման եւ պատերազմի աշխարհագրության ընդլայնման համար:
Ադրբեջանական կողմի յուրաքանչյուր սադրանք կստանա համարժեք պատասխան Հայաստանի Հանրապետության կողմից»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։