Թուրքիան Մինսկի խմբից պետք է դուրս վռնդվի. Եվրոպայի Հայերի Համագումար
Եվրոպայի Հայերի Համագումարը հանդես է եկել կոչով ուղղված սփյուռքի մեր հայրենակիցներին:
Կոչում ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ,
Հայկական քաջարի ու աննկուն բանակը անկոտրում կամքով պաշտպանում է մեր հայրենիքի սահմանները եւ մահվան գիրկը նետում թուրք–ադրբեջանական զավթիչներին եւ նրանց հավաքագրած օտարերկրյա վարձկաններին:
Հայկական երկու պետությունների ռազմաքաղաքական ղեկավարությունը ամենայն պատասխանատվությամբ գերազանցորեն կատարում է իր ուսերին դրված ահռելի պարտականությունները:
Հայրենի ժողովուրդը միակամ ու միաձայն, կազմ ու պատրաստ՝ ամուր կանգնած է իր պետականության ու բանակի թիկունքին եւ հավատքով ու վստահությամբ տոգորված, լծված է կերտելու իր վերջնական հաղթանակը՝ ընդդեմ անարգ ու ստոր թուրք–ադրբեջանական թշնամու, որը պատերազմ է հայտարարել ոչ միայն հայության, այլ ողջ մարդկային քաղաքակրթության դեմ:
Հայաստանը, Արցախը եւ հայ ժողովուրդը այսօր մահու եւ կենաց կռիվ է տալիս հանուն իր գոյատեւման, հանուն իր զավակների ազատ ու հպարտ ապրելու եւ հանուն արդարության:
Հաղթանակը մերն է եւ մենք հաղթելու ենք, քանի որ այսօր ունենք պետականություն, ունենք հզոր բանակ, եւ ամենից կարեւորը մեծ գիտակցությամբ հիմնվում ենք մեր սեփական ուժերի վրա եւ այդ ուժերը ինչպես մայր հայրենիքում, նույնպես եւ սփյուռքում պիտի բազմապատկենք, հավաքագրենք ու միավորենք:
Սա ողջ հայության գոյապայքարն է, եւ ուստի Սփյուռքից կոչ ենք անում մեր Սփյուռքի սիրելի հայրենակիցներին.
Հարկ է միաձայն ու միակամ մեր աջակցությունը հայտնենք եւ հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով մեր ներուժը ներդնենք հայրենական այս պատերազմին:
Աշխարհի տարբեր երկրներում մեր կազմակերպվածությամբ, մեր նպատակասլաց եւ սթափ կեցվածքով, մեր տրամաբանական եւ վստահ գործողություններով, մեր բողոքի ցույցերով եւ հաղորդագրություններով ցույց տանք աշխարհին իրական իրավիճակը, բացատրենք հարցի էությունը, որ թուրք–ադրբեջանական հեռակա նպատակը ոչ թե միայն Հայաստանն ու Արցախն է, այլ ողջ տարածաշրջանի վերահսկումը եւ նեո– օսմանականության նպատակների իրականացումն է, ինչը սպառնալիք է ողջ աշխարհի համար:
Միջազգային քաղաքացիական դիվանագիտությունը մեր սփյուռքի գործունեության առանցքը դարձնելով, եւ այսպիսով հանրային կարծիք ստեղծելով աշխարհին մեր սթափության կոչերով բացատրենք, որ գործ ունենք մի երկրի հետ, որի հեռակա նպատակները չեն տարբերվում Ֆաշիստական Հիտլերի նպատակներից:
Պիտի բացատրել, որ Թուրքիան եւ նրա ահաբեկչական հրոսակները Կովկասում տեղ չունեն:
Պահանջել, որ Թուրքիան Մինսկի խմբից դուրս վռնդվի:
Հաստատել, որ Արցախի ինքնորոշման իրավունքը եւ անկախության ճանաչումը այլընտրանք չունի:
Մեծ տերությունները, միջազգային կառույցները, ինչպես միշտ, իրենց ընդհանրական, անատամ հայտարարություններից այնկողմ չեն գնում եւ գործնական քայլերի չեն դիմում: Մենք պիտի կարողանանք հասնել այն բանին, որ նրանք հորդորներից անցնեն գործնական քայլերի եւ կանգնեն արդարության կողքին:
Գործենք միասնական եւ ձգտենք, որ մեր այս միասնականությունը լինի շարունակական եւ խուսափել ամեն տեսակի նեղ անձնական եւ խմբակային շահադիտություններից:
Իսկ այսօր, այս պահին անհրաժեշտություն է համակարգել մեր նյութական օգնությունները եւ հետեւել պաշտոնական հանձնարարություններին:
Կոչ ենք անում մեր սփյուռքի յուրաքանչյուր հայրենակցի, իր կարելիությունների սահմաններում ցուցաբերել նյութական աջակցություն: Մեր ավելի բարեկեցիկ հայրենակիցներին կոչ ենք անում իրենց հոգու լայնությամբ, այս օրհասական պահին, նյութական նվիրատվությամբ մեր վերջնական հաղթանակի մեջ իրենց անմնացորդ բաժինն ունենան:
Փառք մեր զոհված նահատակ հերոս զինվորներին եւ սպաներին:
Հաղթելու ենք: