Եզակի փաստաթուղթ․ Ժողովուրդ
Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարությունը՝ Արցախի Հանրապետության մասով, ես համարում եմ ոչ միայն կարեւոր, այլև իր տեսակով եզակի փաստաթուղթ. օրաթերթի հետ զրույցում երեկ նման տեսակետ արտահայտեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:
Նա նկատեց, թե պետք է հաշվի առնել այն քաղաքական եւ դիվանագիտական ֆոնը, որի ժամանակ երեք երկրների ղեկավարներին հաջողվեց ընդունել միասնական հայտարարություն: Կոմիտեի նախագահը ընդգծեց, թե այդ ֆոնի ոչ բարենպաստ լինելու մասին կարելի էր հասկանալ՝ հաշվի առնելով այդ երկրների միջեւ երկխոսության բացակայության հանգամանքը:
Հիշեցնենք, որ երեկ հայտարարություն էին տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ հանդիսացող երկրների ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը: Հետաքրքիր է՝ երբ հայտնի դարձավ, որ պետք է նման հայտարարություն լինի, բոլորը կարծում էին եւ հույս էին փայփայում, թե հզոր հայտարարություն է լինելու, որը կարող էր փոփոխություններ մտցնել գործընթացում:
Սակայն երկրների ղեկավարների տարածած հայտարարության մեջ ընդամենը ասվում էր. «Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջեւ։ Մենք նաեւ կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ պարտավորություններ ստանձնել բարեխղճորեն եւ առանց նախապայմանների առաջադրման վերսկսելու կարգավորման էական բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ»:
Ստացվում է՝ միջազգային հանրության կողմից հերթական անգամ ականատես ենք լինում առանց հասցեատիրոջ հայտարարության՝ առանց իրավիճակի մասին սթափ գնահատականի, այնինչ նրանց հայտարարության հետ շատերն էին հույսեր կապում:
Սակայն կոմիտեի նախագահը մեզ հետ զրույցում նկատեց, թե հայտարարությունն իսկապես եզակի է ու ցույց տվեց, որ միջազգային դիվանագիտությունը դեռ ողջ է, եւ հանրությունը կարող է արձագանքել մարտահրավերներին եւ միասնական լինել՝ հետ թողնելով տարաձայնությունները:
«Ես ուշադիր կլսեի նրանց տեսակետները: Այն հստակ ասում է, թե չի լինի աջակցություն նրանց, որոնք կրում են պատասխանատվություն շարունակվող ռազմական գործողությունների եւ քաղաքացիական անձանց զոհերի համար: Ուժեղ քայլ էր գերտերությունների ղեկավարների կողմից, եւ այն հույս է ներշնչում, թե իրավիճակը կբարելավվի», -նկատեց նա:
Հավելենք, որ երեք երկրների ղեկավարների հայտարարությունից հետո մեկը մյուսի հետեւից հայտարարություններ տարածեցին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն առանձին-առանձին, եւ բոլորն էլ ընդգծում էին, թե իրենք տեղեկություններ ունեն այս պատերազմում վարձկանների առկայության մասին՝ դատապարտելով այն: Ստացվում է՝ ամեն դեպքում, հայկական կողմից հնչող այս օրերի հայտարարությունները տվեցին իրենց արդյունքը, եւ արդեն գերտերությունների ներկայացուցիչներն են խոսում Թուրքիայի ներգրավվածության մասին՝ դատապարտելով այն։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։