Իշխանությունը պահն օգտագործում է, որպեսզի ուժեղացնի իր ավտորիտար բնույթը․ Արմեն Աշոտյան
Կառավարությունը փոխանակ փորձի վերջ ի վերջո արդյունավետ աշխատել հակահամաճակային և սոցիալ-տնտեսական քաղաքականությունների ուղղությամբ, պահն օգտագործում է, որպեսզի ուժեղացնի իր ավտորիտար բնույթը՝ այս անգամ կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ մտցնելով մարդկանց անձնական իրավունքները ոտնահարող խայտառակ նախագիծ, որը բացարձակ համարժեք չէ այն նպատակներին, որը բարձրաձայնում են օրինագծի հեղինակները․ Yerkir.am-ի հետ հարցազրույցում այս համոզումը հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Խոսքը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթի մասին է, որը, մեկ անգամ տապալվելուց հետո, իշխող թիմը զանազան մանիպուլյացիաներով առաջ հրեց։
«Օրինագիծը խայտառակություն է, խայտառակություն»,-մտահոգություն հայտնեց Արմեն Աշոտյանը և բացատրեց, թե ինչու․ «Նման օրինագծով կորոնավիրուսի տարածման դեմը չեն առնում, նման օրինագծով վերահսկում են իրենց քաղաքացիների անձնական, քաղաքական, քաղաքացիական, հանրային կյանքը»։
Խորհրդարանում հնչած հիմնավորումները նրան բացարձակ չեն համոզում․ եթե պետք է կանխել կուտակումները, ապա դա կարելի է անել առանց հատուկ հավելված ներբեռնելու պարտադրանքի, պարզապես պարտադրելով բոլոր քաղաքացիներին, ովքեր ունեն համապատասխան տեխնիկական ապարատ, միացնել իրենց գեոլոկացիաները և բջջային օպերատորներից մշտապես ստանալ բիլինգային ինֆորմացիա։
«Ես ավելի քան համոզված եմ, որ ներբեռնված այդ հավելվածը դառնալու է շպիոնական ծրագիր ցանկացած հեռախոսի վրա»,-ասաց նա։
Այդ ծրագրի լրտեսական ֆունկցիաները, նրա համոզմամբ, ամբողջությամբ տիրապետելու են մարդկանց հեռախոսների մեջ ցանկացած տեղեկատվության՝ այդ թվում մեսինջերներով և անձնական փոստով փոխանցվող․ «Կոպիտ ասած՝ չի կարելի աղվեսին թողնել հավաբուն՝ հավատալով աղվեսի ազնիվ խոսքին»։
Կառավարության ազնիվ խոսքին, թե դա արվում է համաճարակային իրավիճակը վերահսկելու համար, Արմեն Աշոտյանը բացարձակապես չի հավատում։ Նա հիշեցնում է, որ ԱԺ-ն, դեռ մինչև կարանտինը, մեկ այլ օրենք էլ էր ընդունել, որը Ոստիկանությանը թույլ էր տվել գաղտնալսումներ իրականացնել։
«Այսինքն, այս կառավարության վաղեմի տենչանքն է ամբողջությամբ վերահսկել իր քաղաքացիների, այդ թվում՝ քաղաքական մրցակիցների, կոմունիկացիան, հանրային, հասարակական, անձնական խոսքը և ինֆորմացիան։ Եթե այդ հավելվածը պարտադրվի, ես վստահ եմ, որ ոչ մի Սիգնալ, ոչ մի Տելեգրամ չի փրկելու մեր քաղաքացիների հեռախոսների անվտանգությանը, այդ հավելվածը մեծ հավանականությամբ ունենալու է շպիոնական կոդ, որը հարկ եղած դեպքում կարողանալու է կոտրել և մտնել հեռախոսի ցանկացած ծրագրի մեջ։ Ես չեմ հավատում կառավարության պնդումներին, որ դա այդպես չի լինելու, հաշվի առնելով այս կառավարության բնույթը՝ ես ինքս եմ պնդում, որ դա հենց այդպես է լինելու»,-ասաց Արմեն Աշոտյանը։
Նա ընդունում է, որ արտակարգ իրավիճակը պահանջում է լիազորությունների կենտրոնացում, բայց այդ կենտրոնացումը պետք է լինի խելամտության սահմաններում և համարժեք ստեղծված իրավիճակին․ «Ներկայացված օրինագիծը ո՛չ առաջինն է անում, ո՛չ երկրորդը»։
ՀՀ արդարադատության նախարարը, ներկայացնելով օրինագիծը, մի քանի անգամ հիշատակեց Հարավային Կորեայի դրական փորձը։ Արմեն Աշոտյանը հենց այդ օրինակի վրա բացատրեց՝ որտեղ է իշխող թիմը խաբում քաղաքացիներին․ Հարավային Կորեայում այդ հավելվածը արդյունավետ աշխատել է, քանի որ զուգահեռաբար զանգվածային տեստավորում են իրականացրել և հավելվածը մարդկանց զգուշացրել է, որ մոտենում են վարակակրի։ Մինչդեռ մեր տեստերի քանակը 3000-ը չի անցնում այն դեպքում, որ 3 միլիոն բնակչություն կա։
«Ուզում եմ հասկանալ՝ եթե ես այդ հավելվածը քաշում եմ, ինձ այդ հավելվածը զգուշացնելո՞ւ է, որ ես մոտենում եմ վարակակրի, թե՞ չէ․ Հարավային Կորեայում զգուշացնում է։ Այդ հավելվածի կարևորագույն նպատակներից մեկը կանխելն է մարդկանց շփումը վարակակիրների հետ՝ ունենալով վարակակիրների մասին հնարավորինս լայն տեղեկություններ։ Եթե Հայաստանում 3 միլիոն բնակչության մեջ դրել են ընդամենը 3 հազարից պակաս տեստ, այդ հավելվածը ի՞նչն է կանխելու»,-ասաց նա։
Հակահամաճարակային միջոցառումները, Արմեն Աշոտյանի համոզմամբ, ուշացած սկսվեցին․ «Սարկազմի, հումորի և մեծամտության փառատոն դրսևորելով՝ անվանեցին «դինոզավրի գրիպ», «սովորական գրիպ», «ում շունն է՝ գրիպ», «պինցետով քաշվող գրիպ» և հակահամաճարակային միջոցառումների իրականացման պատշաճ պահը բաց թողեցին, քանի որ ուզում էին ամեն ձև «սղղացնեին»՝ անցկացնեին հանրաքվեն»։
Հենց առողջապահական ոլորտում են բաց թողել նախապատրաստման հնարավորությունները՝ մտահոգություն հայտնեց նա, կառավարությունը հընթացս է փորձում արձագանքել այս կամ այն պահանջներին, այնինչ ի սկզբանե պարզ էր, որ փետրվար ամիսը պետք էր օգտագործել՝ նախապատրաստվելու համաճարակին, ինչպես արել են բազմաթիվ եվրոպական երկրներ։
«Երբ վարչապետը ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ Հայաստանում օրավարձով աշխատողներ չկան, այնինչ նրանք տասնյակ հազարներ են, վարչապետը հերթական մեխն է խփում իր ապալեգիտիմացման դագաղի մեջ։ Որովհետև այդ մարդիկ, որոնց մի զգալի մասը նրան սատարել է գոնե ժամանակին, լսում են վարչապետի շուրթերից, ում հետ կապել են իրենց խնդիրների լուծումը՝ «գնացեք ձեր գլխի ճարը տեսեք» բանաձև, «ես ձեզանով չեմ զբաղվելու» բանաձև։ Իսկ այդ մարդիկ տասնյակ հազարներ են՝ բանվորներ, մատուցողներ, վարորդներ, գյուղատնտեսական աշխատանքերի մեջ ներգրավված մարդիկ»,-ասաց Արմեն Աշոտյանը։
«Լույս» հիմնադրամը, որը ՀՀԿ-ի ուղեղային կենտրոնն է, ոչ միայն ստեղծված իրավիճակից ելքի լուծումների փաթեթ է առաջարկել կառավարությանը, այլև առանձին գործիչներ պարբերաբար հանդես են եկել առաջարկություններով․ «Ցավոք սրտի, դրանց մեծամասնությունը հաշվի չի առնվում այս անփորձ և մեծամիտ նկարիչների կողմից։ Նույն ճակատագրին են արժանանում նաև այլ քաղաքական ուժերի առաջարկությունները»։
Պանդեմիայի հենց առաջին օրվանից դրսևորելով քաղաքական համերաշխություն, որպեսզի երկիրը դուրս գա այս ճգնաժամային իրավիճակից՝ մի կողմ դնելով քաղաքական օրակարգերը, Արմեն Աշոտյանի քաղաքական ուժը չի տեսել համարժեք վերաբերմունք կառավարության կողմից․ «Կառավարությունը այս ֆոնին ոչ միայն ազգային միասնականության տրամաբանության մեջ չէ, ազգային ինտելեկտուալ միասնական պոտենցիալը հավաքագրելու տրամաբանության մեջ չէ, այլ նաև շարունակում է մի կողմից ինքնագովեստի իր արշավը՝ ամբողջ ուշքն ու միտքը կենտրոնացնելով PR-ին, մյուս կողմից՝ իրականացվող միջոցառումները համարժեք չեն այս իրավիճակին, և երրորդ ուղղությունը՝ ատամ է սրում․ մինչ այդ էլ մամուլի սահմանափակումներն են վկայում այդ մասին»։
PR պետք է և կարելի է անել՝ ընդունում է Արմեն Աշոտյանը, բայց այն որքան էլ կարևոր լինի ցանկացած իշխանության համար, պետք է խարսխված լինի ոչ թե ձևի, այլ բովանդակության և արդյունքի վրա։
Իբրև Կրթության և գիտության նախկին նախարար հետևելով զարգացումներին՝ Արմեն Աշոտյանը դրական է վերաբերվում հեռավար կրթությանը․ «Ավելի լավ է այդպես, քան ընդհանրապես չլիներ ուսումնական գործընթացը»։
Բայց հարցեր, այնուամենայնիվ, ծագում են․որքանո՞վ են հեռավար կրթության ծառայությունները հասանելի սոցիալաապես խոցելի խավերին, որոնք չունեն տեխնիկական միջոցներ իրենց երեխաների համար նման կրթություն ապահովելու համար։
21 հազար համակարգիչ հավաքելու՝ նախարարության կոչին ընդամենը մի քանի հարյուրն արձագանքեցին։ Արմեն Աշոտյանը դրա լուծումը նույնպես տեսնում է․ «Հպարտանում էին, որ գերակատարել են բյուջեն և հսկայական ավելի թիվ են մուտքագրել բյուջե․ 21 հազար համակարգիչ գնել ամենաէժան տարբերակով և արագ բաժանել այդ խոցելի ընտանիքների երեխաներին ավելի արդյունավետ է, քան հույսը դնել, որ կարձագանքեն կոչին․ պետբյուջեի հաշվին իրականացված գնման արդյունքում դա պետք է անել օր առաջ»։
Այլ ճանապարհ էլ կա․նախորդ տարվա 45 միլիոն դոլարի պարգևավճարների ֆոնդի ընդամենը 2 տոկոսը տրամադրելով՝ հեշտությամբ հնարավոր է համակարգիչներով ապահովել խոցելի ընտանիքների բոլոր 21 հազար երեխաներին։
Աննա Բալյան
yerkir.am