Ինքնաթիռի ուղեւորներին ասեղներով սենդվիչներ են մատուցել
Ամստերդամից ԱՄՆ ուղեւորվող “Delta Air Lines’ ավիաընկերության 4 ինքնաթիռներում ուղեւորներին մատուցված սենդվիչներում ասեղներ են հայտնաբերվել, հաղորդում է “CNN”-ը:
2 ինքնաթիռ Սխիփհոլից ուղեւորվել են Ատլանտա, մեկը` Մինեապոլիս եւ մեկը` Սիեթլ: Ըստ “CNN”-ի` ասեղները հայտնաբերվել են 4 սենդվիչներում, ըստ “BBC”-ի` 5 սենդվիչներում: Մինեապոլիսի ուղեւորներից մեկը վնասվածք է ստացել, սակայն վայրէջք կատարելուց հետո հրաժարվել է բժշկական օգնությունից: ՀԴԲ-ն հետաքննություն է սկսել կատարվածի վերաբերյալ:
Այն բանից հետո, երբ ուղեւորները 2 ասեղ են գտել, ավիաընկերությունը որոշել է դադարեցնել սենդվիչներ մատուցել 18 ինքնաթիռներում, որոնք այդ պահին թռիչք կատարելիս են եղել Ամստերդամից: Ասեղներից մեկը գտել է ֆեդերալ օդային մարշալը` գործակալը, ով ապահովում է թռիչքների անվտանգությունը:
“Gate Gourmet” ընկերությունը, որը սենդվիչներ է պատրաստել այդ չվերթների համար, հայտնել է, որ դրանք պատրաստվել են Ամստերդամում գտնվող ընկերության արտադրամասում: Ընդ որում, ֆիրմայի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ “Gate Gourmet”-ը ուշադիր հետեւում է իր մթերքների անվտանգությանը: