Նիկոլի հերթական աֆյորան. Իրավունք
Բավականին հետաքրքիր տեղեկություն էր տարածել ՀՀ կառավարությունը՝ իր ֆեյսբուքյան էջում: Ելնելով դրանից, Հայաստանում պետբյուջեի եկամուտների իսկական ճախրանքներ են: Այսինքն. «2019-ի հունվար–հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2018-ի համեմատ ավելացել են 20%-ով, իսկ 2017-ի համեմատ՝ 32%-ով: Պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների եւ պետական տուրքի ընդհանուր ծավալը կազմել է 1 տրլն 196.7 մլրդ դրամ»:
Ավելի համոզիչ լինելու համար ներկայացրել են նաեւ գրաֆիկական պատկերը, համաձայն որի՝ անցած տարվա հունվար-հոկտեմբերին պետբյուջեն ունեցել է 1 001 միլիարդ, իսկ 2017թ.-ին՝ 907 միլիարդ դրամ եկամուտներ: «Վստահելով» կառավարությանը, այնուամենայնիվ, հիշեցնենք՝ Հայաստանում նման ցուցանիշներ հրապարակելու իրավունք ունի միայն պաշտոնական վիճակագրությունը՝ ՀՀ Վիճակագրական կոմիտեն: Չէ, չենք ասում՝ ուրիշ ոչ մեկն իրավունք չունի նման թվեր ներկայացնել. Ֆինանսների նախարարությունն էլ կարող է, կառավարությունն էլ եւ այլն: Պարզապես, պաշտոնական ցուցանիշն այն է, ինչը ներկայացվում է Վիճակագրական կոմիտեի կողմից, իսկ մյուս բոլոր պետական կառույցները պարտավոր են առաջնորդվել հենց պաշտոնական վիճակագրության ասածով: շ
Եվ ահա, Վիճակագրական կոմիտեն դեռ չի ներկայացրել այս տարվա հունվար-հոկտեմբերի ցուցանիշները, եւ պարզապես անհասկանալի է, այդ որտեղի՞ց է կառավարությունը դրանք վերցրել: Լավ, դա էլ ամենաէականը չէ. ինչ-որ տեղից վերցրել են, իրենց գործն է: Այլ հարց է, թե դրանք ինչքանո՞վ են համապատասխանում վիճակագրության ասածին: Նկատի ունենք, որ թեեւ այս տարվա հունվար-հոկտեմբերի ցուցանիշները չկան, սակայն ինչպես անցած տարի, այնպես էլ՝ 2017թ.-ին այդ համապատասխան ժամանակահատվածի տվյալները հրապարակվել են, ինչպես որ կառավարության մոտ:
Եվ ահա, վիճակագրական համապատասխան փաստաթղթերում (տե՛ս աղյուսակը) այս ուշագրավ փաստին հանդիպեցինք: Այսպես, ինչքան էլ որ կառավարության ֆեյսբուքյան էջում ներկայացված է, թե անցած տարվա հունվար-հոկտեմբերին պետբյուջեն ունեցել է 1 001 միլիարդ դրամի եկամուտներ, բայց ահա վիճակագրությունը հակառակն է ասում, թե 2018թ.-ին եկամուտները եղել են մոտ 1 067 միլիարդ, այդ թվում հարկերը եւ տուրքերը՝ 1 001 միլիարդ (https://www.armstat.am/file/article/ sv_10_18a_211.pdf): Այս ի՞նչ է, կառավարության ֆեյսբուքյան էջում անցած տարվա բյուջետային եկամուտները «շփոթել» են հարկերի հե՞տ:
Բայց դա էլ չի ստացվում, քանի որ եթե կառավարությունը 2017թ. եկամուտները 907 միլիարդ դրամ է ներկայացնում, ապա վիճակագրությունը այլ թիվ է նշել՝ 994.1 միլիարդ, այդ թվում հարկերը՝ մոտ 937 միլիարդ՝ 30 միլիարդով ավել կառավարության ներկայացրածից: Ավելին, ըստ վիճակագրության, 2016թ.-ին ունեցել ենք մոտ 931.2 միլիարդ դրամ եկամուտներ (այդ թվում՝ մոտ 879 միլիարդ դրամ հարկեր): Այսպիսով, վիճակագրությունը պնդում է, որ 2017թ.-ին ունեցել ենք մոտ 87 միլիարդ դրամով ավել եկամուտներ, քան այդ տարվա համար ներկայացնում է կառավարությունը:
Ավելին, անգամ 2016թ.-ին ենք ունեցել դրանից մոտ 24 միլիարդով ավել եկամուտներ: Ու քանի որ պաշտոնականը ոչ թե կառավարության ասածն է, այլ վիճակագրության հրապարակածը, ստանում ենք, որ այս տարվա հունվար-հոկտեմբերի կառավարության ներկայացրած (դեռ տեսնենք, թե ինչ կներկայացնի վիճակագրությունը) 1 տրլն 196.7 մլրդ դրամ բյուջետային եկամուտները պետք է համեմատել մասնավորապես 2017թ. նույն ամիսների 994.1 եւ ոչ թե՝ 907 միլիարդի հետ: Արդյունքում` կունենանք մոտ 202 միլիարդ դրամ աճ երկու տարում:
Իսկ դա նախ՝ ամենեւին էլ 32 տոկոս չէ, այլ շատ ավելի համեստ: Եվ նույն կերպ տեսանելի չէ 2018թ.-ի եւ 2019թ.-ի հունվար-հոկտեմբերի պետբյուջեի եկամուտների 20 տոկոսանոց տարբերությունը. այն մոտ 12 տոկոսի կարգի է: Իսկ, նման աճեր «նախահեղափոխական» տարիներին եւս եղել են, այսինքն՝ ոչ մի արտառոց բան այստեղ չկա: Առավել եւս, որ տեղի է ունեցել մասնավորապես հարկային եկամուտների հաշվարկման մեթոդաբանության փոփոխություններ, առանց որի պատկերն էլի կփոխվեր: Նաեւ հասկանալի է, թե ինչու է այդքան պետք 32 տոկոսանոց բյուջեի ավելացում ցույց տալ: Ժամանակին նման ցուցանիշներ Նիկոլն էր խոստանում, ու հիմա պետք է ապացուցել, թե խոստումը կատարվել է: Բայց այսպես խոստումներ «կատարելով»` ժողովրդի փորը, մեկ է, չի կշտանա:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ