24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման նոր կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով` 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման նոր կարգը: Հրամանի համաձայն` փոխհատուցում կտրվի ՀՀ մարզերի դպրոցների այն ուսուցիչներին և աշակերտներին, որոնք աշխատելու կամ սովորելու համար մի բնակավայրից մյուսն են երթևեկում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Ըստ այդմ՝ 2020 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծում հանրակրթական դպրոցների մանկավարժների և սովորողների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման նպատակով 3,5 անգամ ավելի շատ գումար է հատկացվելու. գալիք տարվա համար  նախատեսված է 276 մլն դրամ  2019 թվականի 79 մլն դրամի փոխարեն` ընդգրկելով բոլոր մարզերը (նախկինում ընդգրկված էր միայն 7 մարզ)։

Փոխհատուցում տրամադրվում է.

  այն մանկավարժներին, որոնք իրենց փաստացի բնակության վայրից տարբերվող այլ բնակավայրում տեղակայված (որի հեռավորությունը իրենց բնակության վայրից ավելի է, քան 5 կմ-ը) հանրակրթական դպրոցի ուսուցիչ են 0.5-ից ավելի հաստիքային դրույքով և ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ֆինանսավորվող «Փոխհատուցում Հայաստանի Հանրապետության հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի պետական հանրակրթական դպրոցների մանկավարժներին» և նման այլ ծրագրերում, 

դպրոցահասակ երեխաներին, որոնք իրենց փաստացի բնակության վայրում (համայնքում, բնակավայրում) հանրակրթական դպրոցի կամ այդ դպրոցում տվյալ մակարդակի ծրագրի բացակայությամբ պայմանավորված, ուսումը ստանում են այլ բնակավայրում տեղակայված հանրակրթական դպրոցում, որի հեռավորությունը իրենց բնակության վայրից ավելի է, քան 5 կմ-ը:

Փոխհատուցման առավելագույն չափը տվյալ տարվա համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հրապարակած միջմարզային և միջհամայնքային երթուղային ցանցի մրցույթով ներկայացված սակագների միջին թվաբանականն է: Դրանց բացակայության դեպքում հիմք է ընդունվելու 200 դրամը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար): Տվյալ բնակավայրի անվանման բացակայության դեպքում հիմք է ընդունվում դրան ամենամոտ բնակավայրի համար սահմանված սակագինը:

Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա ուսումնական հաստատությունը փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունը՝ հիմնավորումներով և հաշվարկներով (մինչև սեպտեմբերի 20-ը` առաջին կիսամյակի համար, մինչև հունվարի 20-ը` երկրորդ կիսամյակի համար) ներկայացնում է դպրոցի կառավարման լիազոր մարմին՝  մարզպետարաններ կամ ԿԳՄՍ նախարարություն (նախարարության ենթակայության տակ գտնվող դպրոցների համար)։ Դրանից հետո ԿԳՄՍՆ-ն առաջարկում է մարզպետարաններին` իրենց ենթակայությամբ գործող հաստատությունների հետ ստորագրել պայմանագրեր` ամեն ամիս ֆինանսավորում իրականացնելու վերաբերյալ:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ