Իշխանության կողմից պատժված նախկին փոխոստիկանապետը վերսկսում է
ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը նոր աշխատանք ունի։
«Ցանկանում եմ տեղեկացնել ընկերներիս, որ «Լեքս Դոմինուս» փաստաբանական գրասենյակս վերսկսել է իր գործունեությունը: Զբաղվելու եմ քրեական և վարչական գործերով:
Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության նախկին պետին և Հայաստանի Հանրապետության վարչապետին հետհեղափոխական Հայաստանում հասարակությանը ծառայելու պատվաբեր հնարավորություն ինձ ընձեռելու համար:
Անչափ երախտապարտ եմ նաև ընկերներիս ու բարեկամներիս, ովքեր այս ընթացքում հնչեցրին աջակցության ու դրվատանքի խոսքեր:
Բառեր չեմ գտնում նկարագրելու, թե դրանք պետական ծառայողի համար ինչ արժեք ու կարևորություն ունեն…», – ֆեյսբուքյան հանրագրում գրառել է Հովհաննես Քոչարյանը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 24-ին նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Հովհաննես Քոչարյանին Հայաստանի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից ազատելու մասին: