24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Անհաջող մարզպետի հետեւանքները: Լարված իրավիճակ Շատինում

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն ազատվեց աշխատանքից: Նրա օգնականի կողմից բարձրաստիճան զինվորականին դաժան ծեծի ենթարկելուց հետո այդպես էլ պետք է լիներ: Մոտ երկու շաբաթ առաջ սկանդալային մարզպետն արդեն հայտարարել էր, թե դադարեցնում է իր լիազորությունները, բայց հենց նույն օրն էլ հասցրել էր, մեղմ ասած, անհաջող, իսկ իրականում սկանդալային եւ հակաօրինական որոշում կայացնել:

Սկանդալային Տրդատ Սարգսյանը չգիտես ինչ դրդապատճառներից ելնելով Եղեգիս համայնքի Շատին գյուղի դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում Տիգրան Խուդոյանին, մի մարդու, որն անգամ տնօրեն աշխատելու արտոնագիր չունի:

Ընդ որում, սա դեռ ամենակարեւորը չէ: Տիգրան Խուդոյանը, որի անցյալը, մեղմ ձեւակերպումով, այնքան էլ պարզ եւ զուլալ չէ, դեռ ոչ վաղ անցյալում լարվածության օջախ էր ստեղծել Եղեգիս համայնքում, իրավիճակը հասցնելով պայթյունավտանգի, նպատակ ունենալով զբաղեցնել համայնքապետի պաշտոնը:

Նա երազում էր վերադարձնել գյուղապետի, համայնքապետի պաշտոնը եւ այդ ճանապարհին դիմում էր գրեթե ցանկացած քայլի: Այժմ շատինցիները եւ համայնքի մյուս բնակավայրերի բազմաթիվ բնակիչներ մտահոգ են, որ Խուդոյանը դպրոցը փորձելու է նոր խառնակությունների համար օջախ սարքել, քանի որ, ըստ վկայությունների եւ շրջանառվող լուրերի, նա ամենուր հայտարարում է, թե ՔՊ-ին իրենով է արել եւ վերադարձնելու է համայնքապետի պաշտոնը, եւ որ դպրոցի տնօրենի պաշտոնն իրեն հենց դրա համար է անհրաժեշտ:

Հիմա Վայոց Ձորի մարզպետի պաշտոնակատարը, համապատասխան նախարարության համապատասխան բաժնի պատասխանատուները պետք է Տրդատ Սարգսյանից բացատրություն պահանջեն, թե ինչ շարժառիթներով կամ դրդապատճառներով է սկանդալների կենտրոնում գտնվող մարդուն նշանակում Շատինի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, եթե նա անգամ տնօրենի արտոնագիր չունի:

Ընդգծենք, որ օրենքում շատ հստակ նշված է, որ տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում լիազորված մարմինը՝ ըստ ենթակայության, պաշտոնակատար է նշանակում տնօրենի տեղեկալներից մեկին, ինչը արդեն նախկին մարզպետը, չգիտես ինչու չի արել:

Ավելին, նույն օրենքում շատ հստակ նշված է, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է ունենա տնօրեն քաշխատելու արտոնագիր:

Շատինցիները վստահ են, որ նախկին մարզպետը պետք է պատասխանատվության ենթարկվի նաեւ հենց այս սկանդալային նշանակման համար:

Ի դեպ, համառ լուրերի համաձայն, իր նպատակին հասնելու համար Տիգրան Խուդոյանն իր մտերիմ, դպրոցը 2005-ից ղեկավարող Բաբիկ Մարգարյանին ստիպել է հրաժարական ներկայացնել եւ դուրս գալ աշխատանքից:

Դպրոցի տնօրենի մրցույթը նշանակված է հոկտեմբերի 21-ին, բայց թեկնածուն մեկն է՝ նախկին տնօրենը: Տիգրան Խուդոյանն արտոնագիր չունի եւ չի կարող մասնակցել մրցույթին: Լուրեր են պտտվում, որ նա մտադիր է մրցույթը ձգել այնքան, մինչեւ արտոնագիր ձեռք կբերի: «Ինը ամիսը հերիք է այդ խնդիրը լուծելու համար ,- վստահ է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: Ավելին, շատինցիները վկայում են, որ նա սպառնալիքներ է հնչեցնում բոլոր նրանց հասցեին, ովքեր ցանկություն ունեն մասնակցել դպրոցի տնօրենի համար նշանակված մրցույթին:

Կան բազմաթիվ երիտասարդներ, որոնք կարող են ղեկավարել դպրոցը, ունեն արտոնագիր, բայց Տիգրան Խուդոյանի ագրեսիվ պահվածքն ու անցյալը նրանց հետ են պահում մրցույթին մասնակցելու ցանկությունից:

Սա 21-րդ դարում, սա Հայաստանում: «Իսկ ո՞ւր մնաց հեղափոխությունը»,- հարցնում են շատինցիները, երբ մի հոգին կարող է իր կամքը պարտադրել բնակավայրին, համայնքին, անգամ մարզպետարանին: Ինչ-որ մեկը, որի վարքը անկառավարելի է, մի ամբողջ համայնքում կյանքի կերպ է թելադրում եւ անգամ արժ անանում մարզպետի աջակցությանը:

Գյուղապետի ընտրություններից հետո կրքերը հազիվ էին հանդարտվել, իսկ հիմա մի նշանակումով նորից իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Շատինցիները մարզպետի պաշտոնակատարից խնդրում, պահանջում են օր առաջ Տիգրան Խուդոյանին ազատել դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից, կազմակերպել դպրոցի խորհրդի անդամների արդար ընտրություններ, որից հետո անցկացնել դպրոցի տնօրենի համար նախատեսված մրցույթը:

Դպրոցի խորհրդի նախագահը՝ Մանվել Կարապետյանը Տիգրան Խուդոյանի դրածոն է եւ ամբողջովին գտնվում է նրա ազդեցության տակ: Իսկ որ ամենակարեւորն է, Տիգրան Խուդոյանը դպրոցում ցանկանում է հաստատվել բացառապես համայնքապետի ընտրություններին ազդեցիկ դիրքից նախապատրաստվելու համար: Պատահական չէ, որ այս ու այնտեղ նա ասում է, թե ես պետք է շատինցիներին ցույց տամ, որ հարց լուծող տղա եմ, եւ որ մարզպետարանն իմ ազդեցության տակ է:

Հիմա հերթը մարզպետարանինն է, որը պետք է շատ արագ անդրադառնա այս խնդրին, եթե իհարկե չի ցանկանում մարզում լարվածության նոր օջախ ստեղծել: Ընդ որում, որքան ուշացվի որոշումը, այնքան հետո ավելի բարդ է լինելու: Շատինցիները սպասում են համապատասխան մարմինների արագ եւ արդար արձագանքին:

Աննա Բաղդասարյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ