«Հույժ գաղտնի». 2 միլիոն դոլարանոց հիմնանորոգում վարչապետի առանձնատանը
AntiFake.am-ը գրում է. «Դուք պիտի իմանաք, թե ինչի համար եք վճարում». այսպես էր ասում նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` տեղեկացնելով հանրությանը, որ ընտանիքով տեղափոխվում է կառավարական առանձնատուն: «Մենք տեղափոխվում ենք այդ առանձնատուն մի քանի նկատառումներից ելնելով։ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ վարչապետը պետք է ապրի այդ առանձնատանը։ Եթե այդ առանձնատունը դատարկ է մնում, կարող է սիմվոլիզմ լինել, թե ՀՀ-ում վարչապետ չկա», – որոշումը այսպես էր բացատրել Փաշինյանը:
Սակայն գրեթե մեկուկես տարի անց, որի ընթացքում Փաշինյանների ընտանիքը արդեն իսկ հասցրել է հայտնվել սկանդալների և բուռն քննարկումների առանցքում, վերոնշյալ նախադասությունը իմաստազրկվել է:
Օրերս տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը ներկայիս կառավարական առանձնատնից ընտանյոք հանդերձ տեղափոխվում է այլ կառավարական առանձնատուն, որտեղ հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ են ընթանում, որի համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 2 միլիոն դոլար։
Կառավարությունը «հույժ գաղտնի» պայմաններում որոշում էր կայացրել առանձնատունը հիմնանորոգելու համար ՀՀ պետական բյուջեից վերաբաշխում կատարել և գումար հատկացնել։
Հրապարակային էր տվյալ որոշման միայն «1-ին» կետը, որով սահմանված է, որ կառավարությունը ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում է կատարել՝ պետական սեփականություն հանդիսացող մի շարք տարածքների կահավորման, գրասենյակային, կենցաղային և տեխնիկական սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև հարակից տարածքի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների համար: Այս աշխատանքների կատարման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացվել է 291.687.400 դրամ (մոտ 615.000 դոլար):
Իսկ նախագծի մյուս՝ «2-րդ», «3-րդ», «4-րդ», «5-րդ» կետերը դրոշմագրված են որպես հույժ գաղտնի։
Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի նոր կառավարական առանձատան հիմնանորոգման համար պետական բյուջեից դուրս գրված շուրջ 2 միլիոն դոլարի մասին տեղեկությունները ճշտելու համար AntiFake.am-ը սեպտեմբերի 26-ին հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մենք խնդրել էինք տեղեկություն տրամադրել այն մասին, թե հստակ որքան գումար է հատկացվել ՀՀ պետական բյուջեից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող ծառայողական առանձնատունը հիմնանորոգելու/վերանորոգելու և կահավորելու համար:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ պատասխանել են, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն ՊՈԱԿ-ում` որպես տնտեսություն, մշտապես առկա են շինարարական, վերանորոգման և բարեկարգման խնդիրներ: Պայմանավորված ընթացիկ վերանորոգման անհրաժեշտությամբ` 2019թ. վերանորոգման աշխատանքներ են իրականացվել ոչ միայն մեկ առանձնատանը, այլ նաև նման աշխատանքներ իրականացվել և իրականացվում են ՊՈԱԿ-ի այլ առանձնատներում, ինչպես նաև բարեկարգման մասնագետների համար նախատեսված կացարանում և կաթսայատանը: Բացի դա, իրականացվել է նաև առանձնատների կահավորման և ՊՈԱԿ-ի տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ:»:
Պատասխանում նշված է, որ բոլոր աշխատանքները իրականացվում են ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, որը կրում է «հույժ գաղտնի» դրոշմագիրը:
Մեր հարցումը` ծառայողական առանձնատների վերանորոգման համար հատկացված գումարի չափի տրամադրման մասին, ՊՈԱԿ-ը մերժել է` հղում կատարելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետին, այն է` տեղեկատվությունը տնօրինողը մերժում է տեղեկատվության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային և առևտրային գաղտնիք:
AntiFake.am-ը ևս մեկ հարցում էր կատարել` ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ, տեղեկացնելով «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի պատասխանի մասին, խնդրել էինք տեղեկություն տրամադրել այն մասին, թե որն է կառավարության քննարկվող որոշումը «հույժ գաղտնի» դրոշմագրելու հիմքը:
Մեզ ուղարկված պատասխանում մեզ հայտնում են, որ մեր կողմից պահանջվող տեղեկատվությունը պարունակում է գաղտնիություն, որը հիմնավորվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով, ուստի մեզ չեն կարող ամբողջական տեղեկատվություն տրամադրել:
«Գնումների մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 2016թ.-ին: Մինչ այդ, Կառավարությունը 2013թ. վերջին խորհրդարան էր ներկայացրել «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու մասին նախագիծ, որն ընդունվել էր առաջին ընթերցմամբ, սակայն հետ էր կանչվել:
Նախագծով նախատեսվում էր «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ – 206 – Ն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը «ապահովման» բառից հետո լրացնել «, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասով սահմանված հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, այդ թվում` տրանսպորտի տեխնիկական սպասարկման եւ նորոգման, արարողակարգային ծախսերի, այդ թվում` պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նպատակով միջոցառումների սպասարկման» բառերով, այլ կերպ ասած՝ վերը թվարկվածի համար նախատեսել գաղտնիություն։
Առաջին ընթերցմամբ ընդունման քվեարկության ժամանակ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները, այդ թվում և Հայ ազգային կոնգրեսի անդամ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեմ էին քվեարկել օրենքի նախագծի ընդունմանը:
Իսկ արդեն 2016թ. օրենքի նախագծի ընդունման ժամանակ քվեարկած 101 պատգամավորներից դեմ են քվեարկել ընդամենը 2-ը` Նիկոլ Փաշինյանը և Տիգրան Ուրիխանյանը:
Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը այսօր թաքնվում է այն օրենքի պաշտպանության տակ, որի ընդունմանը դեմ էր քվեարկել 2014 և 2016 թվականներին:
Երբ Նիկոլ Փաշինյանը ընդգրկվեց հատուկ պաշտպանության ենթակա անձանց ցանկում, «Գնումների մասին» օրենքը նրա համար ընդունելի դարձավ:
Այս տարի մայիսին Կառավարության նիստում արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատության ենթարկեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքում փոփոխություններ մտցնելու նախագիծը, որով առաջարկել էր գաղտնազերծել պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները: Նիկոլ Փաշինյանը կարծում էր, որ տեղեկատվության թափանցիկությունը կվնասի պետական անվտանգությանը։ «Այսինքն՝ առաջարկվում է պաշտոնատար անձանց գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, «մարշրուտները» գծել, գրել, թե ինչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի անվտանգության ծառայող է ուղեկցում, նրանցից ով է ամենալավը կրակում, ով է ամենավատը կրակում եւ կից խորհրդատվություն տալ, թե ո՞նց է ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ», – հեգնեց Փաշինյանը:
Այսպիսով, այդպես էլ պաշտոնական որևէ պարզաբանում չստացվեց, թե որքան գումար է ծախսվում կառավարական առանձնատան վերանորոգման համար, այնինչ «ժողովրդի թեկնածուն» հայտարարում էր. «դուք պիտի իմանաք, թե ինչի համար եք վճարում»:
«Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում»
Նիկոլ Փաշինյանի կարծիքը բավական փոխվել է նաև թանկարժեք զգեստների, չարտերային չվերթների հարցում: Մեկ տարվա ընթացքում Փաշինյան ընտանիքը թանկարժեք հագուստներից հասավ չատերային թանկարժեք թռիչքների: Նիկոլ Փաշինյանի այլ պետություններ պաշտոնական այցերի ընթացքում նրա տիկինը` Աննա Հակոբյանը, մշտապես ուղեկցում է նրան, երբեմն միանում են նաև նրանց երեխաները: Հարցազրույցներից մեկում Աննա Հակոբյանը ասաց. «Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում»: Աննա Հակոբյանը ևս հարկի և անհարկի առիթներով բազմաթիվ արտերկրյա այցեր է կազմակերպում, և ոչ միշտ են դրանք հիմնավորված և արդյունավետ: Աննա Հակոբյանը իշխանափոխությունից հետո ստեղծեց բարեգործական երկու հիմնադրամներ, որոնց վերաբերյալ շահարկումները շատ են, քաղաքական հետապնդումներին հաջորդող բավական մեծ գումարային փոխանցումները` նույնպես: Մինչև այժմ ոչ մի պարզաբանում, որը կցրեր բոլոր կասկածները այս հիմնադրամներ գումարների հոսքի վերաբերյալ, չի եղել:
Անցած ամիս էր, որ Նիկոլ Փաշինյանը չատերային թռիչքով աշխատանքային այց կատարեց ԱՄՆ` հանրահավաքի, նրան ուղեկցում էր նաև տիկին Աննա Հակոբյանը: Լրատվականների աչքից այդպես էլ վրիպեց այն հանգամանքը, որ չնայած Աննա Հակոբյանի անունը ներառված է կառավարական պատվիրակության կազմում, ներկայացվող հավելվածի` ծախսերին վերաբերող հատվածում վերջինիս վերաբերյալ որևէ հիշատակում չկա։ Ուստի պարզ չէ, թե ում կամ ինչ միջոցների հաշվին էր ապրում Աննա Հակոբյանը ԱՄՆ-ում: Իսկ չարտերային թռիչքը պետական բյուջեի վրա արժեցավ ավելի քան 165 միլիոն դրամ: Այս հանգամանքը վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը բացատրում էր այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանի օրակարգը շատ խիտ է, այդ իսկ պատճառով էլ չարտերային թռիչքը անհրաժեշտություն է:
««Կռուպնի» գործ անող տղերքը բոլորիս աչքերի առաջ կառուցել են ահա այսպիսի «պադավատապետություն»»
Գործադիր իշխանության ներկայիս ղեկավարը` այն ժամանակ դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2016 թվականին Աժ ամբիոնից հայտարարում էր, որ «Դանիայի խորհրդարանը ունի ընդամենը մեկ ծառայողական մեքենա, որն էլ ծառայում է միայն խորհրդարանի խոսնակին, իսկ Հայաստանի ԱԺ-ում կա 82 ծառայողական մեքենա»: ««Կռուպնի» գործ անող տղերքը բոլորիս աչքերի առաջ կառուցել են ահա այսպիսի «պադավատապետություն»», – եզրափակել էր Փաշինյանը:
Շատ է խոսվում այն մասին, որ փոխարինվում են նաև Նիկոլ Փաշինյանին սպասարկող մեքենաները: ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի աշխատանքների ընթացքում նկատելի էր երկու մեքենաների հայտնվելը, որոնք մինչ այդ չկային:
Արդեն երեկ politik.am-ը հոդված է հրապարակել, որում նշվում է, որ վարչապետի համար ձեռք է բերվել նաև նոր` 2019թվականի արտադրության Mercedes S 600 W222 մոդելի ավտոմեքենա, որը գնահատվում է մոտ 550 հազար դոլար:
AntiFake.am-ը արդեն իսկ հարցումներ է ուղարկել պատկան մարմիններ` պարզելու դրանց արժեքը և գնման նպատակահարմարությունը: Պատասխանը ստանալուն պես մենք կհրապարակենք այդ տեղեկատվությունը:
Հանրությունը պետք է իմանա, թե ինչի համար է վճարում։
Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան