Բնությունը պատժում է մեզ․ Հրապարակ
«Հրապարակ»-ը գրում է․ «Բնության, շրջակա միջավայրի նկատմամբ վերաբերմունքով կարելի է ամբողջական պատկերացում կազմել տվյալ հասարակության մասին: Թե որքանով է այն գրագետ ու կիրթ, գիտակից ու խելացի, զուսպ և հայրենասեր: Թե ինչ վերաբերմունք ունի սերունդների, ապագայի, սեփական պետության նկատմամբ: Երեխային սիրելը հո միայն կուշտ կերակրելով ու բրենդային հագուստ առնելով չէ, այլև նրան ժառանգություն թողնվելիք բնության հանդեպ ցուցաբերած խնամքով ու հոգածությամբ:
Բնության հանդեպ վերաբերմունքն է նաև, որ վերադառնում է հանրությանը՝ հիվանդությունների տեսքով: Երբ 24 ժամ բողոքում ու անիծում ենք մեր չար բախտը, թե ինչու են քաղցկեղն ու այլ ծանր հիվանդություններն այսքան աճել, պետք է դրա պատճառը փնտրենք բնության հանդեպ մեր բարբարոսական վերաբերմունքի մեջ:
Եվ երբ անտառի ծառերը հիվանդանում են, Սևանա լիճը կանաչում է, ձկները սատկում են, խեցգետինը վերանում է, փոշին խեղդում է մեզ, ջերմաստիճանն ամռանը 40 աստիճանից չի իջնում, իսկ ձմռանը սաստիկ ցրտեր են լինում, բերքն առատ չի լինում, եղածն էլ կարկուտի ու ցրտահարության պատճառով նվազում է, հրդեհներից աչք չենք բացում և այլն, և այլն, այս բոլորի պատճառները պետք է փնտրենք բնության հանդեպ մեր վերաբերմունքի մեջ: Լիճը, անտառները, հողը, ջուրը պատժում են մեզ՝ մեր անփութության, իրենց հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար:
Մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ բնության մեջ նետված ծխախոտի մնացուկը, լճում թափված աղբը, ձկան ու խեցգետնի չափից դուրս անխնա որսը, ամեն մի կտրված ծառը վրեժ են լուծելու մեզնից: Եվ մեր միջավայրը թունավորվելու է, աղտոտվելու, մեր շնչած օդն ապականվելու է, մեր օգտագործած սնունդը դառնալու է վնասակար, մեր խմած ջուրը՝ համաճարակի բուն, մեր երկիրը՝ աղետի գոտի»։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: