23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իշխանության վերին օղակներում անկախ երևացող գործիչները չեն հանդուրժվում. Քաղաքագետը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին

«Եկել եմ այն եզրակացության, որ սա իրոք շինծու գործ է: Իմ խորին համոզմամբ՝ այստեղ քաղաքական գործընթացներ են ընթանում, և սա ավելի շուտ քաղաքական գործ է, քան իրավական: Շատ տխուր է, որ, այսպես կոչված, հետհեղափոխական Հայաստանում մենք իրականում ունենք առաջին քաղաքական գործը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից մեղադրանք առաջադրելու մասին՝ ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության՝ «քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները»:

«Հեղափոխություններին շատ բնորոշ բան է՝ լավագույն զավակներն առաջինն են խժռվում, իսկ հետո թերմացքը բարձրանում է վերև: Կարծում եմ՝ հիմա այդ գործընթացն է գնում. սկսել են ամենապայծառ, ամենաազնիվ կերպարից: Ես տեսել եմ Սանասարյանի անմնացորդ նվիրումը, անվախությունն ու քաջությունը, սկզբունքայնությունը, իսկ նման մարդիկ չեն կարող 11 ամիսների ընթացքում «փչանալ», գնալ ինչ-որ կեղտոտ քայլերի: Իմ կարծիքով՝ գնում է քաղաքական դաշտում վերաձևում, մեջտեղից հանվում է շատ ազդեցիկ կառույցի ղեկավար, ով կարող է անկախ խաղալ:

Նա, ճիշտ է՝ կուսակցական է, բայց թիմի անդամ չի ընկալվում: Հիմա այստեղ պայքար է գնում, հետաքրքիր իրավիճակ է, այնպիսի աղմուկ բարձրացավ, որ ստեղծվեց երկու բևեռ, մյուսում հայտնվեց ԱԱԾ-ն: Հիմա, որքան հասկանում եմ՝ անգամ իշխանությունում խոսում են, որ կամ մեկը պետք է մնա իշխանական դաշտում, կամ՝ մյուսը։ Եթե մեղադրող կողմն իմանար, որ այսպիսի խնդիր է դրվելու, սրա մեջ չէր մտնի: Չեմ բացառում, որ, այնուամենայնիվ, ապացույցներ ստեղծվեն, «կարվեն», ու Սանասարյանը մեղավոր ճանաչվի, դրա տրադիցիան կա Հայաստանում:

Սա, ցավոք, մի գործընթաց է, որը գնում է նոր Հայաստանում, որովհետև, որքան հասկանում եմ, իշխանության վերին օղակներում անկախ երևացող գործիչները չեն հանդուրժվում: Հետևորդների մի զգալի բանակ, ինչպես նաև վարչապետը, սիրում են լինել միանձնյա լիդեր: Վարչապետն ունի փայլ, բայց չգիտեմ, թե ինչո՞ւ է անհանգստանում, որ կարող է այդ փայլը խամրել կողքին գտնվողի փայլից»,- հավելեց քաղաքագետը:

Հայկ Մարտիրոսյանի խոսքով՝ ԱԱԾ-ի կողմից ներկայացված մեղադրանքում չկա հանցակազմ, ֆինանսական որևէ շահագրգռվածություն:

«Մաքսիմում անփութություն է, բայց շատերը կարծում են, թե Սանասարյանը մեղադրվում է կոռուպցիոն սխեմաների մեջ մտնելու, փող «ուտելու» մեջ: Լավ, ինչպե՞ս կարելի է ԱԱԾ-ին անընդհատ դնել ինչ-որ գործերի վրա: Կոռուպցիա՞ն է ԱԱԾ խնդիրը: Այսօր Հայաստանը կիբերանվտանգության խնդիր ունի, այդ դաշտը զրոյական է: Մենք այսօր  որպես պետություն հետախուզություն՝ իրականացնո՞ւմ ենք: Լսե՞լ եք ինչ-որ գործողություններ, որ Հայաստանը կատարի դրսում, թե՞ ամոթ է, Հայաստանը պետք է խելոք լինի, աշխարհին պետք է ցույց տանք, որ ամենաքաղաքակիրթ երկիրն ենք»,- նշեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ