ՀՀ Կառավարությունը պետք է ընդունի գենդերային զգայուն քաղաքականություն. պահանջում են կառավարությունից
Մարդու իրավունքների տուն Երևանը և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան սույն հայտարարությամբ իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանում կին իրավապաշտպան Լարա Ահարոնեանի դեմ ատելության խոսքի և հարձակումների առնչությամբ։
Մարտի 8-ին «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառման ընթացքում տիկին Ահարոնեանը իր ելույթում խոսեց աղքատ, հաշմանդամություն ունեցող, միայնակ մայր, լեսբի, տրանս և բիսեքսուալ կանանց իրավունքների մասին, ինչի արդյունքում նա եւս մեկ անգամ հայտնվեց օնլայն հարձակումների եւ ատելության խոսքի թիրախում։
Թշնամական վերաբերմունքը, որ ուղեկցվում էր ատելության խոսքով եւ խտրականության կոչերով, իր մեջ ներառում էր նաեւ նրան սպանելու, բռնաբարելու և ընտանիքին վնասելու սպառնալիքներ։ Վերջին ամիսներին իրավապաշտպանները Հայաստանում հաճախ են թիրախավորվում, իսկ Լարա Ահարոնեանը էլ ավելի հաճախ է լինում թիրախում, քանի որ ակտիվորեն պայքարում է գենդերային հավասարության և կանանց վերարտադրողական առողջության իրավունքի համար։
Նա հարձակումների թիրախում է դեռևս 2013 թվականից: Դրանք այժմ էլ շարունակվում են նրա եւ նրա ընտանիքի դեմ։
Պետությունը դեռեւս թերանում է իրավապաշտպանների համար անվտանգ և նպաստավոր միջավայրի ապահովման, իրավապաշտպանների իրավունքների պաշտպանության երաշխավորման իր պարտավորություններում, որոնք ստանձնել է մարդու իրավունքների մի շարք միջազգային պայմանագրերի վավերացմամբ (Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիր և այլն), ինչպես նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Իրավապաշտպանների հռչակագրի (Համընդհանուր ճանաչված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և ապահովման ուղղությամբ անհատների, խմբերի և հասարակական մարմինների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հռչակագիր)։
Համաձայն վերը նշված հռչակագրի 12-րդ հոդվածի՝ «Պետությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իրավասու մարմինների կողմից պաշտպանելու համար յուրաքանչյուրին անհատապես կամ այլ անձանց հետ միասին ցանկացած խախտումից, սպառնալիքից, հատուցումից, դե ֆակտո կամ դե յուրե, թշնամությունից, խտրականությունից, ճնշումից, կամ այլ կամայական գործողություններից, որպես հետևանք իր այն իրավունքների իրավաչափ իրականացման, որոնք վկայակոչված են սույն Հռչակագրում»։ Իրավապաշտպանների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագիան իր զեկույցում (A/HRC/25/55, 2013) մասնավորապես անդրադարձել է պետության կողմից իրավապաշտպանների պաշտպանությանն ուղղված քաղաքականություններում գենդերային հեռանկարների ներառման անհրաժեշտությանն ու կարեւորությանը։ ։
Նա ընդգծել է, որ կին իրավապաշտպաններն ավելի վտանգված են ենթարկվելու բռնության, հատկապես այն պատճառով, որ նրանք հաճախ մարտահրավեր են նետում ընդունված սոցիալ-մշակութային նորմերին, ավանդույթներին ինչպես նաև հասարակությունում կնոջ դերին և դիրքին, կանացիության, սեռական կողմնորոշման վերաբերյալ առկա կարծրատիպերին։ Հայաստանում կին իրավապաշտպանները հաճախ են ենթարկվում նմանատիպ բռնության և մշտապես աշխատում են ծայրահեղական խմբերի կողմից ֆիզիկական և/կամ վերբալ բռնության սպառնալիքների միջավայրում Հատկանշական է, որ 2013 թվականին ՄԱԿ-ն ընդունել է կին իրավապաշտպանների մասին կարևորագույն բանաձև (A/RES/68/181, 2013)։
2019 թվականի մարտի 11-ին Լարա Ահարոնեանը հաղորդում է տվել ՀՀ Ոստիկանություն՝ հարձակումների, վիրավորանքների և ատելության խոսքի վերաբերյալ՝ պահանջելով գտնել և պատժել իր դեմ հարձակումների պատասխանատուներին։ Այնուամենայնիվ, իրավապաշտպանների՝ ատելության խոսքի թիրախ դառնալու և Ոստիկանություն հաղորդում տալու, ապա դրան հաջորդող շարունակական հարձակումների փորձը ցույց է տալիս իրավապաշտպանների անվտանգության ապահովման գործում վճռական եւ հրատապ քայլերի անհրաժեշտությունը։ Ցավոք, իրավապաշտպանների կողմից ատելության խոսքի դեմ Ոստիկանություն տրված հաղորդումներից որևէ մեկը չի բացահայտվել և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, և Ոստիկանության ու այլ իրավասու կառույցների անգործությունը միայն վատթարացնում է դրությունը, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ իրավապաշտպանների նկատմամբ բռնությունները անպատիժ են մնում։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում օր օրի աճում են ծայրահեղական խմբերը, որոնք ամեն կերպ խոչընդոտում եւ վարկաբեկում են և իրավապաշտպանների գործունեությունը, մենք կարիք ունենք ՀՀ Կառավարության կողմից արդյունավետ պաշտպանության, իրավական երաշխիքների և աջակցության՝ մեր գործունեության շարունակությունը ապահովելու համար։ Մենք գտնում ենք, որ ՀՀ Կառավարությունը պետք է ապահովի Ոստիկանության արդյունավետ գործունեությունը իրավապաշտպանների դեմ ատելության խոսքի, հարձակումների դեպքերով պատշաճ քննության առնչությամբ։
ՀՀ Կառավարությունը պետք է ընդունի գենդերային զգայուն քաղաքականություն՝ իրավապաշտպանների պաշտպանության գործում հստակ գենդերային հեռանկարներով։
ՀՀ Կառավարությունը պետք է ընդունի, որ իրավապաշտպանների արդյունավետ պաշտպանությունն ու նրանց հետ համագործակցությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում առաջնահերթություն է։
ՀՀ Կառավարությունը պետք է գործի ՄԱԿ-ի կին իրավապաշտպանների բանաձևի շրջանակներում, հրապարակայնորեն ընդունի նրանց գործունեության կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության գործում, հասցեագրի բոլոր տարիքային խմբերի կին իրավապաշտպանների հանդեպ խտրականությունը և բռնությունը, միջոցներ ձեռնարկի նրանց պաշտպանության համար։ Բացի այդ, ՀՀ Կառավարությունը պետք է ընդունի իրազեկման քաղաքականություն, այդպիսով նպաստելով իրավապաշտպանների գործունեության օրինականությանը։
ՀՀ Կառավարություն պետք է փոփոխություններ նախաձեռնի ՀՀ Քրեական օրենսգրքում՝ ներառելով այնտեղ կարգավորումներ ատելության խոսքի եւ ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ։
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հկ