Չի կարելի անել էսպիսի բան. վատ լուր երեւանցիների համար
«Ցավոք սրտի, մեր Երևանի տրանսպորտային ցանցը հասցվել է էն ամենավերջին կետին՝ վատ իմաստով։ Չգիտեմ ինչու՝ նախորդ իշխանություններն ասել են՝ մեկ տարի հետո կլինի նոր ցանցը, երկու տարի հետո կլինի, էսպես ձգել, ձգել են, և տնտեսվարողները ոչ մի ներդրում չեն արել, որպեսզի արդիականացնեն շարժակազմը։ Եվ եթե իրենք 4-5 տարի առաջ ասեին՝ պարոնայք կամ տիկնայք և պարոնայք, եթե գծատերերի մեջ նաև կանայք կան, մենք մոտական հինգ տարին, դեռ նոր ցանցը չի շահագործվելու, մեծ հաճույքով բոլոր ներդրումներ կանեին, և այսօր չէինք ունենա այն պատկերը, որն ունեինք։ Մենք այսօր եկել ենք, հասել ենք ծայրին»,-այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի վիճակից՝ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Դուք գիտեք, որ օրենքով նախատեսվում է, որ միկրոավտոբուսները 15 տարուց ավելի իրավունք չունեն շահագործեն։ Եվ մյուս տարի 450 միկրոավտոբուս պետք է լքեն ցանցը, այն դեպքւոմ, երբ օրական մոտ 900 միկրոավտոբուս է սպասարկում Երևանը։ Այսինքն՝ ուղիղ կեսն արդեն չեն կարողանա շարունակել աշխատել։ Եվ բերվել է ցանցը էն ամենավերջին կետին։ Հիմա մենք էս պահին հրատապ կերպով փորձում ենք լուծել էս խնդիրները, հասկանալ՝ ինչպես անենք։ Եթե մենք ասում ենք, որ նոր ցանցը կարող է արդեն երկու տարի հետո լինել, խնդիրն այն է, թե բա էդ երկու տարի՞ն ինչ պետք է անենք»,-նշեց Հայկ Մարուքյանը։
Հարցին՝ այդ դեպքում այդ տիկնայք և պարոնայք ի՞նչ պետք է անեն հիմա, Մարությանը պատասխանեց․ «Էդ տիկնայք և պարոնայք, քանի որ իրենք մասնավոր են, իրենք առաջին հերթին իրենք մտածում են իրենց բիզնեսի մասին։ Եվ պետության դերն այստեղ նրանում է, որ բարենպաստ պայմաններ ստեղծի, որ իրենք ներդրում անեն։ Էստեղ շատ լուրջ խնդիր կա, որ մենք ասում ենք՝ երկու տարուց կլինի ցանցը՝ շատ լավ, և այս երկու տարին էս մարդիկ պետք է աշխատեն, բայց երկու տարվա համար ոչ ոք չի ուզում ներդրում անել։ Եվ էստեղ տարբեր լուծումներ կան, մի քանի ճանապարհ կա, և մենք էդ ճանապարհները քննարկում ենք, կգանք ամենաօպտիմալ լուծմանը։ Բայց ես ուզում եմ ֆիքսել, որ էս պահին ծայրահեղ դժվար իրավիճակում է հայտնվել Երևան համայնքը՝ տրանսպորտային ցանցի մասով։ Մենք նոր ցանցն անում ենք, և կլինի դա։ Բայց էն վիճակում, որ հայտնվել է այսօրվա ցանցը, ցավոք սրտի, չէր կարելի անել էսպիսի բան, բայց արդեն արված է։ Եվ մենք վերցրել ենք էս վիճակում, պետք է ելքը գտնենք»։