Պաշտոնական Բաքուն եկող տարի Երևանից ակնկալում է«Ադրբեջանի օկուպացված տարածքներից զորքերի դուրս բերում». Մամեդյարով
Պաշտոնական Բաքուն եկող տարի Երևանից ակնկալում է«Ադրբեջանի օկուպացված տարածքներից զորքերի դուրս բերում»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը, տեղեկացնում է Интерфакс-Азербайджан-ը:
ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացն առաջին հերթին հնարավորություններ կբացի ՀՀ-ում տնտեսական աճի համար, նկատել է Էլմար Մամեդյարովը:
Մամեդյարովն ափսոսանքով է նշել, որ երկար տարիներ շարունակվող բանակցությունները արդյունք չեն տվել.
«Սակայն ՀՀ-ում կատարված վերջին իրադարձությունները, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի միջև Դուշանբեում ու Սանկտ ՊԵտերբուրգում կայացած զրույցները, նաև իմ հանդիպումները հայ գործընկերոջ հետ, որոշակի լավատեսության հիմք են տալիս` բանակցային գործընթացի առաջխաղացման տեսանկյունից»:
Մամեդայրովը խոսել է նաև ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ վերջին հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մասին` նշելով, որ դրանում խոսվում է բանակցությունները շարունակելու մասին:
«Կարևոր է նաև համատեղ հայտարարությունում արտացոլված միտքը, որ մոտ ապագայում անհրաժեշտ է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության մակարդակով ինտենսիվ` արդյունքին ուղղված բանակցություններ»,- ասել է Մամեդյարովը:
Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով՝ այդ մոտեցմանն աջակցում են ԵԱՀԿ համանախագահները:
«Մեր երկիրը, ինչպես որ ապահովում է այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչ իր քաղաքացիների անվտանգությունը, պատրաստ է իր միջազգային պարտավորություններին համապատասխան անել դա նաև Լեռնային Ղարաբաղում հայկական ծագմամբ քաղաքացիների հանդեպ: Գիտեք, անհնարին է վերցնել հողն ու դրա հետ միասին տեղափոխվել այլ վայր: Հակամարտության կարգավորումից հետո այս երկու համայնքները, իհարկե, պետք է ապրեն միասին: Հենց այդ պատճառով կարևոր է հայկական ու ադրբեջանական համայնքների միջև կապերի վերականգնումը», – ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: