25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իմացե՛ք՝ Մշակույթի նախարարությունը միշտ դեմ է եղել ցանկացած հուշարձանի ոչնչացմանը. Նախարարության աշխատակիցները՝ կառավարությանը

Մշակույթի նախարարության աշխատակիցները  բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության մոտ: Նրանք դժգոհ էին կառավարության որոշումից, որով նախատեսվում է լուծարել Մշակույթի նախարարությունը: Նրանք նշում էին՝ որոշում  կայացնելիս, ցավոք, աշխատակազմի և համապատասխան մասնագետների կարծիքը ոչ ոք չի հարցրել, ավելին՝ դեկտեմբերի 20-ին են աշխատակիցներն իմացել այս մասին:

«Էլեկտրոնային համակարգով կառավարությունից եկել է որոշման նախագիծ, համաձայն որի՝  հունվարի 1-ից Մշակույթի նախարարությունը մի մասով միանում է Կրթության և գիտության նախարարությանը, մյուս մասով՝ Քաղաքաշինության կոմիտեին, այսինքն՝ հուշարձանները գնում են քաղաքաշինության ոլորտ: Մենք շատ զայրացած, վրդովված ենք, որովհետև մասնագիտական, հանրային որևէ քննարկում չի եղել: Չգիտեմ, թե ովքե՞ր և ո՞նց են որոշել նման բան: Նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը երեկ մեզ բոլորիս հավաքել էր, ասաց, որ ոչ ոք իր աշխատատեղը չի կորցնելու: Նա նաև փոխանցեց, որ կառավարությունում քննարկում է նախարարությունը պահելու հարցը: Կարծում եմ՝ ինքն էլ է դեմ այս որոշմանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  նախարարության աշխատակիցներից Լուսինե Իգիթյանը:

«Եթե ուզում ես վերացնել որևէ ժողովրդի, առաջինը սկսեք մշակույթը վերացնելուց»,- Չերչիլի խոսքը մեջբերեց մյուս աշխատակիցը՝ Երանուհի Մարգարյանը, ապա հարցրեց, թե որտե՞ղ են այն վերլուծությունները, որ որևէ պետական մարմին անարդյունավետ է աշխատում:

«Մշակույթի նախարարությունում իսկապես պրոֆեսիոնալ մարդիկ են աշխատում, ովքեր տարիներ շարունակ ստեղծել են հայեցակարգեր, որոնք կառավարության ծրագրում մեկ-երկու տողով էին հայտնվում: Իրականում կրթությունն ու գիտությունն են ածանցված մշակույթին, ոչ թե հակառակը: Ի դեպ, քաղաքաշինությունն ու հուշարձանների պահպանությունը դրանք թշնամի բնագավառներ են: Ամբողջ աշխարհում է այդպես: Քաղաքաշինական ծրագրերի ընդլայնման արդյունքում մշտապես տուժել են պատմամշակութային հուշարձանները: Մշակույթի  նախարարությունը միակ կառույցն է եղել, որ տարիներ շարունակ ընդդիմադիր է եղել քաղաքաշինական ծրագրերին: Իհարկե, մեր հասարակությունը չի իմացել, բայց հարվածը մշտապես մեր ուղղությամբ է եղել, երբ հուշարձանի քանդման սխալ որոշում են կայացրել: Իմացե՛ք, որ Մշակույթի նախարարությունը միշտ դեմ է եղել ցանկացած հուշարձանի ոչնչացմանը»,- հավելեց Երանուհի Մարգարյանը:

Նշենք, որ Մշակույթի նախարարության աշխատակիցներն իրենց ստորագրություններով դիմում փոխանցեցին վարչապետի պաշտոնակատարին, որտեղ հիմնավորել են, թե ինչո՞ւ է պետք Մշակույթի նախարարությունը պահել, որպեսզի գործի առանձին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ