29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մռութներ ջան, վաղը նորմալ կգաք դասի. Նիկոլ Փաշինյան

Չարենցավանի N 3 հիմնական դպրոցի շուրջ ստեղծված աղմուկը կարծես թե իր հանգուցալուծմանն է մոտենում: Ինչպես նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր առավոտյան նա եկել էր Չարենցավան՝ հանդիպելու 2 շաբաթից ավելի դասադուլ անող ուսուցիչների, ծնողների, դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Կարապետյանի, ընտրված  տնօրեն Աննա Բալյանի եւ կատավարման խորհրդի անդամների հետ:

Դպրոց էին եկել նաեւ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, մարզպետարանի կրթության վարչության պետի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը

Նշենք, որ ծնողները պահանջում են, որ տնօրեն մնա իրենց հին տնօրենը՝ Լուսինե Կարապետյանը:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընթացակարգային առումով որեւէ խախտում չի գրանցվել, ուստի ընտրված տնօրեն Աննա Բալյանը պիտի նշանակվի:

Դպրոցում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Կարապետյանը հայտնեց, որ  մյուս թեկնածուի կողմից խորհրդի անդամների հանդեպ ուղղորդում է եղել՝ ճնշումներ: Նույնը պնդեց նաեւ ընտրված տնօրեն Աննա Բալյանը:

Խորհրդի անդամներից մեկն էլ հայտնեց, որ իսկապես իրեն ճնշել են, անգամ սպառնալիքներ հնչեցրել:

Վարչապետը լսելով կողմերին՝ հայտնեց, որ իրավական առումով որեւէ բան փոխել չեն կարող, ուստի Կոտայքի մարզպետի կողմից Աննա Բալյանը պետք է նշանակվի: Մյուս կողմից Փաշինյանը իրավապահ մարմիններից պահանջել է քննել եւ հասկանալ՝ իսկապես եղե՞լ են ճնշումներ խորհրդի անդամների հանդեպ:

Փաշինյանի որոշումը ներկաներին չգոհացրեց: Այնուամենայնիվ, վարչապետը դուրս եկավ դպրոցի բակ եւ դիմելով հավաքվածներին՝ նշեց. «Մենք զրուցեցինք, քննարկեցինք, եւ եկանք այն եզրակացության, որ տնօրենի ընտրությունը եղել է օրինական, ընտրության արդյունքները չեղյալ հայտարարելու որեւէ հիմք չկա եւ եթե ճնշումներ եղել են, իսկ ճնշումների մասին մենք լսեցինք հայտարարություն, իրավապահ մարմինները պետք է քննեն: Եթե պարզվի, որ ճնշումներ եղել են, ընտրության արդյունքները կչեղարկվեն, իսկ եթե պարզվի, որ չեն եղել, որոշումը կմնա անփոփոխ: Բացի այդ, տիկին Կարապետյանը կարող է նաեւ արդյունքները բողոքարկել դատական կարգով:

Այսօր երեկոյան, մարզպետն ընտրված տնօրենին կնշանակի, որովհետեւ ուրիշ տարբերակ օրենքով չկա: Որպես վարչապետ, ես չունեմ որեւէ լիազորություն փոխելու որեւէ բան օրենքից դուրս, որովհետեւ տնօրենին ես չեն նշանակում»:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը հաջորդեցին վանկարկումները՝ «Բալյան հեռացիր»: Որոշումը ծնողների սրտով չէր, ոմանք անգամ լաց էին լինում:

Փաշինյանը դիմելով հավաքվածներին՝ կոչ արեց աշակերտներին  վաղվանից բնականոն կերպով դպրոց բերել եւ որեւէ մեկը չփորձի դպրոցի բնականոն ընթացքը խաթարել: Դիմելով արտասվող եւ  «Կարապետյան» վանկարկող աշակերտներին՝ Փաշինյանն ասաց. «Մռութներ ջան, էրեխեք ջան, վաղվանից նորմալ հաճախեք դասի, որովհետեւ դպրոցը տնօրենը չի, այնպես, ինչպես երկիրը վարչապետը չի, մարզն էլ՝ մարզպետը: Դպրոցի կարգուկանոն պահողը պետության կողմից նշանակված տնօրենն է, ոչ թե նրա անուն-ազգանունը, այլ կարգավիճակը: Ես քեզ տալիս եմ իմ օգնականի հեռախոսահամարը: Մեկ շաբաթ չզանգես, դասի եկեք ու ընկերներիդ էլ ասա, որ գան, մեկ շաբաթից հետո եթե ինչ-որ բան սրտովդ չլինի, զանգիր: Շանս տվեք նոր տնօրենին ու կտեսնեք, լա՞վն է, թե՞ ոչ»,-դիմելով աշակերտներին՝ ասաց վարչապետը:

Փաշինյանի Չարենցավան այցին հաջորդեց Կոտայքի մարզպետի գրառումը. «Հայաստանի Հանրապետությունը իրավական երկիր է, որտեղ ՕՐԵՆՔԻ գերակայությունն այլընտրանք չունի. միայն այսպես մենք կարող ենք կառուցել մեր երազանքների ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ։

Չարենցավանի 3-րդ հիմնական դպրոցում մրցույթի արդյունքում ընտրված տնօրենն այսօր կնշանակվի իր պաշտոնում։

Սիրելի՛ Քաղաքացիներ,
Խնդրում եմ տուրք չտալ ավելորդ հուզականության եւ օգնել տնօրենին՚ դպրոցը վերադարձնելու բնականոն գործունեության՝ դրանով նաեւ նպաստելով մեր զավակների ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ արդյունավետ իրացմանը»:

Տեղեկությունների համաձայն, մեկ տասնյակից ավելի ուսուցիչներ ազատման դիմումներ են գրում: Հավաքված ծնողները հայտնեցին, որ չէին սպասում նման հանգուցալուծման` շարունակելով, որ պատրաստվում են երեխաներին դպրոցից հանել. «Մենք էլ ոչինչ չենք ուզում, մեծ հիասթափություն ապրեցինք, չէինք սպասում նման հանգուցալուծման: Պատրաստվում ենք երեխեքին հանել դպրոցից»:

Հավելենք, նաեւ որ մինչ այս պահը դպրոցում է ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ Չարենցավանի N 3 հիմնական դպրոցի ուսուցիչները, ծնողները, աշակերտները դասադուլ եւ գործադուլ են անում՝ ի պաշտպանություն դպրոցի տնօրենի ընտրության արդյունքում չընտրված Լուսինե Կարապետյանի: Նրանք կարծում են, որ ընտրությունը ուղղորդված է եղել ընտրված թեկնածուի օգտին: Իր հերթին ընտրված տնօրենը նշել էր, որ ուղղորդումը հենց Կարապետյանի կողմից է եղել: Խնդիրն անլուծելի էր, մինչեւ որ դպրոց գնաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ