26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անվտանգությո՞ւն, թե՞ ժողովրդավարական զարգացում. ո՞րը կընտրի ՀՀ-ն․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Ամերիկացի նախկին դիվանագետ Փոլ Գոբլը, անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին, մեզ հետ զրույցում  ասաց, որ ամերիկյան քաղաքականությունն իսկապես անփոփոխ է: Սակայն, նրա պարզաբանմամբ, Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և իշխանությունների՝ լայնածավալ ժողովրդավարական գործընթացների նախաձեռնման մասին հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել, որ նոր թափ և նոր որակ է հաղորդվելու երկրի ներքին կյանքին ու արտաքին հարաբերություններին:

Այսինքն, ըստ նրա՝ Հայաստանի ներքին օրակարգից բխող փոփոխություններ երկկողմ հարաբերություններում գուցե լինեն, քանի որ հայ հասարակությունը ցույց տվեց, որ ցանկանում է ապրել որակապես նոր երկրում, որը կհամապատասխանի ժողովրդավարական երկրի չափանիշերին և չի ունենա արտաքին վտանգներ, այսինքն` կունենա անվտանգություն: Սակայն, նրա կարծիքով, այս երկու գաղափարները ոչ միշտ են համադրելի հետսովետական տարածքում, խոսքը ժողովրդավարության և անվտանգության մասին է, քանի որ կա ԼՂ հակամարտությունն ու Ռուսաստանի ներկայությունն այդ հակամարտությունում:

«Կարծում եմ` ժամանակի ընթացքում կբացահայտվի, թե որքանով նոր իրավիճակում կհաջողվի համադրել այս ամենը` չվախեցնելով նաև Մոսկվային, քանի որ եվրասիական տարածքում կա մեծ վախ ժողովրդավարական գործընթացներից, կա վախ այն փոփոխություններից, որոնք տեղի են ունեցել: Սակայն, ինչպես երևում է, ուկրաինական դասերն ապարդյուն չեն անցել, և Ռուսաստանը հաշվի է առնում, որ հնարավոր ճնշումները կարող են է՛լ ավելի բորբոքել հայ-ռուսական հարաբերությունները, ամրապնդել երկիրը ներսից` Հայաստանին հեռացնելով Ռուսաստանից, ինչը ծայրահեղ անցանկալի սցենար է Ռուսաստանի համար:

Սակայն նման իրավիճակում չեն բացառվում անկայունություններ ԼՂ հակամարտության գոտում, կամ կարգավորման գործընթացում փոքր հաղթանակների հարցում միջամտություններ, որի նպատակը կլինի Հայաստանի աչքում Ռուսաստանի արժեքի բարձրացումն ու անվտանգության ոլորտում կախվածության առկայության ամրագրումը: Այս դեպքում հարկավոր է ակտիվ աշխատանք նաև Արևմուտքի կողմից, որպեսզի անվտանգության հարցը վերջ չդնի ժողովրդավարական փոփոխությունների ցանկությանը: Ուստի պետք է լինեն ակտիվ բանակցություններ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Եվ այստեղ ամենաբարդ փուլն է հասունանալու, թե որ կողմն ինչ պատկերացում ունի կարգավորման տարրերի վերաբերյալ»,- ասաց Փոլ Գոբլը:

Իսկ ժողովրդավարական գործընթացների հարցում, նրա խոսքով, Հայաստանն ու ԱՄՆ-ը համագործակցության լայն դաշտ ունեն, եթե իշխանությունները շարժվեն այդ ուղղությամբ: «Դեսպանի խոսքերն այդ մասին են: Բայց պետք է հասկանալ, որ կա ԼՂ հակամարտության չկարգավորվածության հանգամանքը, որը լուրջ խոչընդոտ է, և ԱՄՆ-ը դա հասկանում է, ինչպես երևաց Բոլթոնի տեսլականից»,- նկատեց նա: Թե ինչպես կհաջողվի ԱՄՆ-ին նպաստել կարգավորման գործընթացին՝ վերացնելով անվտանգության խնդիրը, և ինչպիսի որոշումներ կկարողանան կայացնել իշխանությունները, ըստ նրա՝ ցույց կտան առաջիկա ամիսներն ու տարիները:

Իր հերթին՝ եվրոպացի փորձագետ Թրեյսի Ջերմանն ասաց, որ՝ ինչպես ամերիկյան, այնպես էլ՝ եվրոպական կողմը գուցե հույսեր ունեն, որ նոր իշխանությունների դեպքում էական փոփոխություններ են լինելու Հայաստանի արտաքին հարաբերություններում, չնայած ՀՀ իշխանությունները բացառում են «կտրուկ արտաքին քաղաքական շարժումները»:

«Անվտանգության հարցն այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը պայմանավորող հանգամանք է, չնայած ապահովվող այդ անվտանգությունից հնարավոր չէ գոհ լինել, դա անկայուն անվտանգություն է, քանի որ յուրաքանչյուր պահի կարող է «կրակ բռնկվել»: Բայց Արևմուտքի լծակները քիչ են հակամարտության կարգավորման հարցում առաջընթացին նպաստելու համար, իսկ ավելի մեծ լծակներ ունի Մոսկվան, հենց այդ պատճառով շրջադարձերն անցանկալի են որակվում, հենց այդ պատճառով Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, թեև այդ կառույցն ըստ էության անգործունակ է Ղարաբաղյան հակամարտությունում, իսկ Արևմուտքն այս տարածաշրջանում անվտանգություն ապահովել չի կարող, դա կարծես փակված թեմա է:

Բայց ինչպես հիշում ենք, ԱՄՆ խորհրդականը տարածաշրջանում ակնարկեց ամերիկյան սպառազինություն կողմերին վաճառելու հնարավորության մասին, դրանով փորձելով այս և անվտանգության հարցում մրցակցել Ռուսաստանի հետ: Բայց այսօր ստացվել է այնպես, որ անվտանգության բաղադրիչը՝ ինչպես նախկինում, այնպես էլ՝ այսօր, առաջին տեղում է, և հաշվի է առնվում, այլ տարբերակ չկա: Եթե Հարավային Կովկասում ստատուս-քվոն փոխվի, ապա անվտանգության բաղադրիչն ընդհանրապես կվերանա»,- ասաց Ջերմանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ