Հայտնի է՝ ով կքննի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքը վերաքննիչ դատարանում մակագրվել է դատավոր Ռուբեն Մխիթարյանին։
Տեղեկությունը հաստատել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամլո խոսնակ Էլեն Առաքելյանը:
Հիշեցնենք որ խոսքը Վճռաբեկ դատարանի՝ նոյեմբերի 15-ին կայացրած որոշման մասին է, համաձայն որի՝ Վճռաբեկ դատարանի կողմից, ի դեմս դատավոր Լիլիթ Թադևոսյանի, բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը որոշումը հրապարակելիս նաև տեղեկացրել է, որ հատուկ կարծիք է հայտնել Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը՝ գտնելով, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքների վերաբերյալ վարույթն անհրաժեշտ է կասեցնել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան: